ՊՎԾ նախկին աշխատակիցները հրաժարվում են մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

ՊՎԾ նախկին աշխատակիցները հրաժարվում են մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին դատախազը ներկայացնում է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Դավիթ Սանասարյանն իր մեղադրանքի վերաբերյալ ասաց, որ այն չի ընդունում, եւ գործը համարեց շինծու։

Գործով ամբաստանյալ, ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամել Ադյանը հրաժարվեց իր մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։

Նույն վարչության գլխավոր նախկին մասնագետ Գևորգ Խաչատրյանը եւս հրաժարվեց դիրքորոշում հայտնել։

Ամբաստանյալ, «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն էլ իր հերթին դիրքորոշում չհայտնեց։

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։