Մարզպետի քրոջ որդին սպառնում, ահաբեկում է թեկնածուներին

Մարզպետի քրոջ որդին սպառնում, ահաբեկում է թեկնածուներին

Սյունիքի մարզի համայնքային ընտրություններին ընդառաջ իշխանությունները լծվել են իրենց մրցակիցներին չեզոքացնելու խնդրի լուծմանը: Որտեղ հնարավոր է` շանտաժով, քրեական գործերով ստիպում են չառաջադրվել: Որտեղ հնարավոր չի լինում, սկսում են աշխատել մրցակցի կողմնակիցների, աջակիցների վրա` նրանց են չեզոքացնում, վախեցնում, որ չաշխատեն վերջինիս օգտին: Հիմա Տեղ խոշորացված համայնքում ՔՊ-ական թեկնածուի միակ մրցակից, Արավուս համայնքի ներկայիս վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանին չեզոքացնելու գործընթացին են լծվել։

Հիշեցնենք, որ Տեղ համայնքում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է՝ Դավիթ Ղուլունցը, իսկ Արգամ Հովսեփյանը գլխավորում է «Ապրելու երկիր»՝ նախկին «Առաքելություն» կուսակցության ցուցակը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիրը» Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած կուսակցությունն է: Մեր տեղեկություններով, ընտրություններին ընդառաջ իշխանությունը սկսել է ահաբեկել մրցակից կուսակցության ավագանու թեկնածուներին, ստիպել, որ վերջիններս ինքնաբացարկի դիմումներ ներկայացնեն եւ հրաժարվեն «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելուց։ Մարզպետի քորջ որդուն արդեն հաջողվել է 2 հոգու ահաբեկել, եւ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակից 2 հոգի՝ Անժելա Բաբայանը եւ Հարութ Բաբայանը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Մենք զրուցեցինք Արավուսի համայնքապետ Արգամ Հովսեփյանի հետ, ում, մեր տեղեկություններով, օրերս կանչել են Երեւան` ԱԱԾ, ահաբեկել եւ զգուշացրել, որ չակտիվանա: Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր նկատմամբ ճնշումներ կան։

«Երեւի, էլի, ավագանու թեկնածուներին ահաբեկել են, 2 հոգի եկել՝ ինքնաբացարկ են հայտնել։ Ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համարը ես եմ, այսինքն՝ համայնքի ղեկավարի թեկնածու եմ»,- պատասխանեց Հովսեփյանը՝ նշելով, որ ցուցակում դեռեւս 18 հոգի կա։ Նրան հարցրինք, թե ճի՞շտ է, որ ահաբեկողն էլ մարզպետի քրոջ որդին է։ «Դե հա, Դուք զանգեք, իրենցից հարցրեք, ես արդեն չեմ իմանում, ես լսել եմ, որ ահաբեկում են մարդկանց, իրենք էլ եկել են, ինքնաբացարկ են գրել»,- պատասխանեց Հովսեփյանը։ Իսկ անձամբ իրեն սպառնալիքներ եղե՞լ են։

«Դե, երեւի ուժները չի պատել, որ ինձ ահաբեկեն։ Ինքն ինձ չի կարողացել արանքից հանել, փորձում է ավագանու թեկնածուներին հանել։ Ես մենակ էլ մնամ, մասնակցելու եմ, դա միանշանակ է, ուղղակի ինքն ուզում է, որ ավագանու իր թեկնածուները լինեն, ինքն ուրիշ բան է ծրագրել»,- պատասխանեց Հովսեփյանը։

Նա հերքեց ԱԱԾ հրավիրվելու մասին տեղեկատվությունը. «Չէ, նման բան չկա»։