Ընդդիմությունը դարձել է Սահմանադրական դատարան դիմող մարմին

Ընդդիմությունը դարձել է Սահմանադրական դատարան դիմող մարմին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չուտի- չխմի, ամեն հարմար առիթով Սահմանադրական դատարան դիմի։ Առաջամարտիկն էլ իրավաբաններն են` պատգամավոր, հայտնի փաստաբան Արամ Վարդեւանյանի գլխավորությամբ: Նա կարծում է, որ բոլոր հարցերը կարելի է լուծել իրավական ճանապարհով, մասնավորապես` ՍԴ դիմելով։ Իհարկե, լավ է, որ պատգամավորները փորձում են այս մի լծակն էլ օգտագործել եւ վիճարկել ԱԺ «ուսապարկերի» ընդունած օրենքները երկրի բարձրագույն դատական մարմնում, բայց հաճախ դա ուղղակի ինքնանպատակ է լինում եւ ժամանակ շահելու կամ ժամանակն անիմաստ վատնելու միջոց դառնում։ Ստացվում է՝ քաղաքական գործիքները սպառվել են, եւ ընդդիմության պայքարի միակ միջոցը ՍԴ դիմելն է մնացել, հատկապես որ լավ գիտեն՝ այս ՍԴ-ն, որը Նիկոլ Փաշինյանը կիսով չափով նվաճեց եւ իրեն ենթարկեցրեց, հիմնականում մերժելու է իրենց հայցերը։

Արամ Վարդեւանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հինգ հայց են նախապատրաստել, որից երեքն արդեն ուղարկվել է ՍԴ, երկուսը դեռ պետք է ուղարկեն։ Առաջին երեք հայցերը վերաբերում են ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականության կամ լեգիտիմության խնդրին, որը կասկածի տակ էին դրել ընդդիմադիրները։ Երկրորդը վերաբերում է դարձյալ ԱԺ նախագահին կամ, ավելի ճիշտ, նիստը նախագահողի լիազորությունները չարաշահելուն՝ պատգամավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով։ Երրորդը պատգամավորների անձեռնմխելիության ինստիտուտին է վերաբերում, որ չեն կարող պատգամավորին քրեական հետապնդման ենթարկել՝ առանց անձեռնմխելիության բարիերը հաղթահարելու, ինչն արել են «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների մասով։ Մյուսով Վարչական դատավարության օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունն են ՍԴ-ում վիճարկելու՝ կապված ՃՈ տուգանքների բողոքարկման նոր մեխանիզմի հետ, որ քաղաքացին այլեւս չի կարողանալու դիմել միանգամից վարչական դատարան, այլ ստիպված է լինելու այն բողոքարկել ՃՈ-ում, որից հետո նոր միայն՝ դատարանում, որտեղ պետք է արդեն պետտուրք վճարի։

Իսկ վերջին հայցն էլ պատրաստվում են ներկայացնել ՍԴ` ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի «հարցով», թե արդյոք Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան-գիտնական անդամը կարո՞ղ է լինել 65 տարին լրացած անձ, թե՞ ոչ։ Ջհանգիրյանը, հիշեցնենք, ԲԴԽ անդամ ընտրվեց, ըստ իրավաբանների, օրենքի խախտումով, քանզի նա 66 տարեկան էր, իսկ ԲԴԽ անդամ կարող են աշխատել 65 տարին չլրացած անձինք։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանի մասով «Հայաստան» խմբակցության քաղաքական թեւը պնդում էր, թե նա լեգիտիմ ընտրված ԱԺ նախագահ չէ, լեգիտիմության խնդիր ունի` ընտրություններին առաջադրված մյուս թեկնածուները չեն կարողացել մասնակցել եւ այլն, դրա համար են դիմում ՍԴ, մինչդեռ Վարդեւանյանը երեկ խուսափեց «լեգիտիմություն» տերմինն օգտագործելուց՝ փորձելով դրան ավելի իրավաբանական ձեւակերպում տալ։

«Ես էսպես ձեւակերպեմ՝ սահմանադրականության առումով խնդիր կա։ Ինքս, գիտեք, մի քիչ իրավական տերմիններով եմ սահմանափակված դեռեւս»,- ասաց Վարդեւանյանը։

- Բայց ձեր թիմի քաղաքական եւ իրավական գնահատականները երբեմն իրար չեն համապատասխանում։

- Ես չեմ կարծում, որ սահմանադրականության խնդիր առաջացնելն իր մեջ չի ներառում լեգիտիմության խնդիրը։ Սահմանադրականության խնդիրն ավելի լայն հասկացություն է։

- Այսինքն՝ դուք կարծում եք, որ Ալեն Սիմոնյանը հակասահմանադրական ընտրված ԱԺ նախագահ է։ Այդ դեպքում ինչպե՞ս եք նրա վարած նիստերին մասնակցում։

- Որովհետեւ չենք կարող այլ գործիք իրացնել, մինչեւ սահմանադրականության խնդիրը որոշվի։

- Դուք հիմա, փաստորեն, հակասահմանադրական նիստի եք մասնակցում, քանզի Ալեն Սիմոնյանը, ըստ էության, ոչ լեգիտիմ նախագահ է։

- Ալեն Սիմոնյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ Սահմանադրության պահպանման պահանջներին հակառակ։

- Իսկ եթե ՍԴ-ն որոշի, որ դուք սխալ եք, Ալեն Սիմոնյանը՝ ճիշտ, ի՞նչ պետք է անեք այդ դեպքում։

- Դրանից հետո այլեւս գործիք չկա վիճարկման։

- Այսինքն՝ կընդունեք, որ Ալեն Սիմոնյանը սահմանադրական եւ լեգիտիմ ԱԺ նախագա՞հ է։

- Դրա վերաբերյալ կներկայացնենք մեր գնահատականը, այնուհետեւ մյուս գործողությունները կտեսնեք։

- Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ միանգամից գնահատականը ներկայացնեիք։

- Այսինքն՝ չդիմեի՞նք Սահմանադրական դատարան։

- Դե, մի անգամ դիմեցիք ընտրությունների կեղծման հարցով, եւ ոչինչ դուրս չեկավ։

- Մինչ էդ էլ դիմեցինք ուրիշ հարցերով, ու լիքը բան եղավ։

- Այո, 300.1 հոդվածով։

- Միայն դա չէ։ Սահմանադրական դատարանում մենք բավականին լուրջ արդյունքներ ունեցել ենք։ Եվ այդ լուրջ արդյունքներն ունենալու պայմաններում է, որ Սահմանադրական դատարանի կազմի նկատմամբ ինչպիսի անհանգստություններ ուներ այս իշխանությունը։

- Այսինքն՝ հենց ՍԴ-ն այս կազմով բավարարում է ձեր հայցերը, վատը չէ, հենց չի բավարարում, գնահատականներ եք հնչեցնում, թե ՍԴ-ն քաղաքականացված է։

- Մենք յուրաքանչյուր կոնկրետ գործող Սահմանադրական դատարանի որոշմանը տալիս ենք գնահատական։ Ես կարծում եմ՝ դա առավել քան ողջամիտ, տրամաբանական մոտեցում է։ Մեկ դեպքում, երբ խիզախություն ունենում է Սահմանադրական դատարանը՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելու, այդպես էլ ֆիքսում ենք, եթե չի ունենում․․․

- Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ ձեր օգտին որոշում կայացնելը խիզախություն է։

- Որովհետեւ մենք չենք դիտարկում հարցը մեր օգտի՞ն, թե՞ ընդդեմ մեզ։ Մենք խոսում ենք հարցերի իրավական, սահմանադրական տրամաբանության մեջ։ Հիմա, եթե Սահմանադրական դատարանը մեր կողմից բարձրաձայնված ընտրական վեճով հարցերի 70 տոկոսին ուղղակի պատասխան չի տվել, եթե պարզ չէ, թե Սահմանադրական դատարանն ինչպես չի որոշում, օրինակ, ԱԱԾ-ից վերցնի ՍԵԿՏ համակարգով տվյալները եւ պարզի՝ արդյոք 100 հազարից ավելի մարդիկ իրականում եղե՞լ են ՀՀ-ում, եւ իրենց անձնագրերը չեն աշխատել, թե՞ ոչ։ Եթե ինքն էդքանը չի անում, դա խիզախության բացակայություն չէ՞։

- Նախկինների օրոք էլ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 70 էջանոց որոշում էր հրապարակում, որից ոչինչ չէին հասկանում։

- Ես հետեւյալ կերպ կմեկնաբանեմ․ Գագիկ Հարությունյանի կողմից կայացված որոշումները, որոնք նաեւ հենց Սահմանադրական դատարանի որոշումներ էին, ես կարդում էի եւ հասկանում էի։ ՍԴ-ի որոշումների հետեւանքների տեսանկյունից եւս եղել են որոշումներ, որտեղ եւս կարող էր այլ բնույթի որոշում կայացվեր։