Փոխգնդապետը «մի կաթիլ մեղրի» պատմության զոհն է դարձել

Փոխգնդապետը «մի կաթիլ մեղրի» պատմության զոհն է դարձել

Եղեգնաձորում եւ առհասարակ՝ ողջ երկրում այս օրերին քննարկում են սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզպես Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի եւ շիրակցի սպա Արա Մխիթարյանի միջեւ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի արդյունքում զինվորականը հայտնվել է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ 
Հիշեցնենք՝ սպան, որը Շիրակի մարզից է, սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորի բակերից մեկում ծեծի է ենթարկվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի՝ Հարություն Գրիգորյանի  կողմից։ Ըստ Քննչական կոմիտեի՝ հարվածողը մեկ անձ է եղել։  

«Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ․, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել»,- ասված է ՔԿ հաղորդման մեջ: Գրիգորյանը կալանավորված է, մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս։  

Ըստ Եղեգնաձորում տարածված վարկածի՝ սպան իր մեքենայից դուրս է եկել ու փորձել հաջողություն մաղթել ընկերոջը, սակայն շփոթել է նրա սեւ «Մերսեդեսը», չի իմացել, որ հետեւի մեքենան ընկերոջինը չէ, այլ Հարությունինն է։ Հարությունը դուրս է եկել ու հարցրել․ «Ի՞նչ ա էղե, արա»։ Սպան ներողություն է խնդրել, բայց վիճաբանություն է սկսվել, որը գնալով թեժացել է։ Հարությունն ասել է՝ հեսա դու քո հալը կտենաս, եւ զանգել է ընկերներին։ Նրանք էլ եկել են ու ծեծել սպային։ Սպայի ընկերներն են հասել ու միջամտել, որ «շայկան» վերջնականապես մահվան չհասցնի Արա Մխիթարյանին։ 

Այժմ, ըստ մեր աղբյուրի, հնարավոր վկաներին փակ համարներով զանգում են ու փորձում լռեցնել, ահաբեկել, որ ձայն չհանեն, ասում են, որ ջնջեն նկարած տեսանյութերը։ 

Միջադեպի գլխավոր հերոսը՝ մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, համաքաղաքացիների շրջանում մեծ համարում չունի։ Մարզպետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նա մարզպետի «աչքն ու ականջն» էր։ «Նրա առաքելությունը ամեն տեղ լինել, ամեն ինչ լսել ու մարզպետին պատմելն է»,- ասում է աղբյուրը։ 
Հարությունի հայրը՝ Արամ Գրիգորյանը, նույնպես մարզպետարանում է աշխատում։ Նա ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն է։ 
Նա խիստ վիրավորված է մարզպետից այն բանի համար, որ իր որդուն «հանձնել է» ոստիկաններին։ Եղեգնաձորում պատմում են, որ դեպքի հաջորդ օրը՝ երեկոյան, թեժ վեճ է տեղի ունեցել նրա ու մարզպետի միջեւ։ Արամ Գրիգորյանը մարզպետի մոտ է մտել ու պահանջել՝ ոնց երեխուս ասեցիր՝ գնա հանձնվի ոստիկանություն, այնպես էլ հիմա հանի։ 

Երեկ ՀՀ ԶՈւ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերները, նախկին ու ներկա զինծառայողները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, պահանջում էին պատժել փոխգնդապետին ծեծողներին։ Նրանք լրագրողներին պատմում էին, որ իրենց ընկերը կոմայի մեջ է, ու հորդորում էին աղոթել նրա համար։ 
«Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի տված նախնական  ախտորոշմամբ արձանագրվել է գլխուղեղի փակ ծանր վնասվածք, աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, հեմատոմա։ Բժիշկները պայքարում են սպայի կյանքի համար, ժամանակին վիրահատություն են արել, սակայն, մեր տեղեկություններով, հույս չեն տալիս, որ նա լիարժեք առողջ կլինի։ 

Դեպքի հաջորդ օրը լուր էր տարածվել, թե Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես դեպքի վայրում է եղել, ինչը Սարգսյանը հերքեց։ Մարզպետն ասաց նաեւ, որ ոչ թե իր օգնականն է սպային ծեծել, այլ սպան՝ օգնականին, եւ նույնիսկ հետապնդել է նրան մինչեւ բնակարան։ «Երբ հետապնդել է իմ օգնականին մինչեւ բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»,- ասել է մարզպետը ԶԼՄ-ներին։ Եղեգնաձորում խոսում են, որ Տրդատ Սարգսյանը դեպքից հետո հանդիպումներ է նախաձեռնել մարզի բարձրաստիճան զինվորականների հետ՝ փորձելով կոմպրոմիսի գալ, սակայն դա կարծես թե չի հաջողվում։ Հարությունի մականունը Քերոբ է, շփվում է հեղինակությունների հետ։ Նրա կենսագրական տվյալներից երեւում է, որ առաջին անգամ է կանոնավոր պետական աշխատանքի անցել։ 2007-2015 թվականներին զբաղվել է գյուղատնտեսությամբ, ապա մեկ տարի անհատ ձեռնարկատեր է եղել, որից հետո՝ 2018 թվականի նոյեմբերին, նշանակվել է մարզպետի օգնական։

Սովորաբար, երբ տուժողը ՊՆ սպա է լինում, պաշտպանության նախարարը հրապարակավ խոստում է տալիս, որ հետամուտ է լինելու արդարության վերականգնմանը, որպեսզի մեղավորները պատժվեն։ Այդպես եղավ «Հարսնաքարի» դեպքերից հետո, երբ ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկ Վահե Ավետյանին։ Այդպես եղավ եւ Արա Մխիթարյանի դեպքում։ Նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 21-ին տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունն օպերատիվ հետախուզական աշխատանքներ է իրականացնում, եւ հավաստիացրեց, որ մեղավորներն իրենց պատիժը կստանան։ Մեր տեղեկություններով, Արա Մխիթարյանի հարազատներն ու ընկերները բորբոքված են եւ մտերիմների շրջապատում սպառնում են, որ լուծելու են նրա վրեժը։