Լոսում թանձրացված գույներն ու Փաշինյանի էֆեկտը՝ մեդալի երկու երեսներով

Լոսում թանձրացված գույներն ու Փաշինյանի էֆեկտը՝ մեդալի երկու երեսներով

Լոս Անջելեսի Grand park-ում Հայաստանի վարչապետի ելույթը որոշ լրատվամիջոցներ արդեն հասցրել են գնահատել որպես  պատմական իրադարձություն։ Մի բան ակնհայտ է, որ այն ուներ Հայաստանում արդեն մարող հետհեղափոխական էյֆորիայի մարմրող կրակը բորբոքելու նպատակ։ Ըստ որոշ գնահատականների, դա հաջողվեց՝ դատելով Grand park-ի հանրային հավաքի մասնակիցների ոգեւորությունից։ Չնայած նախապես գծված պլանկան՝ ապահովել 30 հազար մարդու մասնակցություն, դատելով ամերիկյան լրատվամիջոցներից, չի հաջողվել։ Ամերիկյան DailyNews.com-ը, օրինակ, նշում է, որ հազիվ 10 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին։

Ներգաղթ եվ ներդրում

Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը Լոս Անջելեսում մի շարք կարեւոր շեշտադրումներ արեց՝ նշելով, որ համահայկականության՝ Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի ներուժը հետայսու պետք է կենտրոնանա ոչ այնքան հայոց պատմական արդարության վերականգնման, որքան հայկական պետականությունը հզորացնելու շուրջ։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի լոսանջելեսյան ելույթում նոր շեշտադրումներ չկային, պարզապես ավելի թանձրացան այն գույներն ու միտումները, որոնք մինչեւ հիմա նկատելի էին։ Մասնավորապես, որ թալանվածը մինչեւ վերջին լուման վերականգնվելու է եւ այլն։ Սա՝ ՀՀ ներքաղաքական մասով։ Իսկ սփյուռքին ուղղված մեսիջների մասով՝ ներգաղթ եւ ներդրում։ «Այս ամբողջը այդ երկուսի մասին է՝ գլոբալ առումով։ Բայց դրա համար լուրջ նախապատրաստական աշխատանք է պետք, այստեղ  միայն հայտարարելով չէ, եւ դրանցից եւ ոչ մեկը չի կարող լինել միայն հայտարարելով ու օգեւորությամբ»,- ասաց Պապյանը։ Մանավանդ որ այդ հավաքին ներկաները, հաստատ, ներդրողներ չէին։ Նրա խոսքով՝ ներդրումներ անելու համար առաջին հերթին պետք է դիտարկել ոչ թե համայնքը, այլ ամերիկյան պետությունը։ «Պետության հետ առաջին հերթին պետք է աշխատանք տանել, որը, ցավոք, մենք չենք տեսնում, որն ընդհանուր մեծ քաղաքականության խնդիր է»,- ասում է նախկին դիվանագետը։ 

Ինչպես մեզ հետ զրույցում բանաձեւեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի ելույթը շատ տրամաբանական էր՝ հաշվի առնելով, թե ում էր ուղղված։ Կոնկրետ ԱՄՆ-ում, ավելի ճիշտ՝ Կալիֆորնիայում բնակվող հայ համայնքին։ «Որ գան Հայաստան, անեն ներդրումներ, եւ շատ տրամաբանական է, որ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետը պետք է խոսի հենց այդ առաջնահերթությունների մասին։ Այստեղ իրականում որեւէ նոր բան չկար, կարեւորում եմ, որ վարչապետը կոչ արեց առաջնահերթությունների վերաշարադրում անել եւ դրա առաջին տեղում դնել Հայաստանի տնտեսական զարգացումը»,-արձանագրեց նա։

Անձնագրեր սփյուռքին՝ առանց սահմանադրական հանրաքվեի՞

Ամերիկահայությանը Նիկոլ Փաշինյանի ուղերձներից էր դեռ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում շրջանառության մեջ դրված հայկականության գաղափարը եւ այդ համատեքստում տրված խոստումը, որ սփյուռքը պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն։ ՀՀ քաղաքացիությունն ինքնանպատակ չէ, եւ ինչպես հայտնի է, այն նաեւ քվեարկելու եւ քվեարկվելու համար է։ Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Գլենդելում տեղի ունեցավ «Սփյուռքի իրավունքը» շարժման հիմնադիր համագումարը, եւ ընդունվեց հայտարարություն, որով պահանջում են վերականգնել արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Բացի այդ, պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել արտասահմանում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրատեղամասերի բացման եւ քվեարկություն անցկացնելու պրակտիկան վերականգնելու ուղղությամբ։ Պահանջում էին նաեւ հանել ՀՀ կառավարման համակարգում երկքաղաքացիների եւ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների նշանակմանը խոչընդոտող դրույթները։ Կգնա՞ն իշխանություններն այս քայլին, թե՞ ոչ։ Սրանք սոսկ հայտարարություններ էին հայտարարությա՞ն համար, թե՞ կունենան իրավական հետեւանքներ։ Սուրեն Սարգսյանն ասաց․ «Այս պահին ինձ որեւէ օրենսդրական նախաձեռնություն հայտնի չէ, որով մեր հայրենակիցներին ընտրելու եւ ընտրվելու  իրավունք է տրվելու՝ Հայաստանի քաղաքական կյանքում այդ ձեւաչափի մասնակցության համար։ Նորից եմ ասում՝ ես տեղյակ չեմ՝ միգուցե նման նախագիծ, նման գաղափար կա՞, թե՞ ոչ»։ 

Հնդկաստան, vs Հայաստան

Մինչ Լոս Անջելեսի հայության՝ Grand park հրապարակում հավաքված հատվածը վայելում էր Նիկոլ Փաշինյանի ներկայությունն ու կրակոտ ելույթը, նույն օրը, նույն ժամին  Հնդկաստանի վարչապետ Մոդին Տեխասի նահանգում բնակվող իր 65 հազար հայրենակիցների հետ էր հանդիպում, որին մասնակցում էր նաեւ Դոնալդ Թրամփը։ Սուրեն Սարգսյանը սա մեկնաբանել էր, որ Մոդիի PR թիմն արդեն կապիտալիզացնում է վարչապետի այցը։ Ամեն դեպքում, նա մեզ հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ, մեծ հաշվով, երկկողմ օրակարգի համար չէ, այլ համայնքային այց է, եւ այն միջազգային կազմակերպությունում, տվյալ դեպքում, ՄԱԿ-ում ելույթ եւ հանդիպումներ ունենալու համար է։ Դրա համար, Սարգսյանն այս առումով երկկողմ օրակարգին անդրադառնալն այնքան էլ օբյեկտիվ չի համարում։ Նա հավելեց․ «Որքանով ինձ հայտնի է՝ երկկողմ բարձր մակարդակի հանդիպում նախատեսված չէ ո՛չ արտաքին գործերի նախարարի, ո՛չ էլ վարչապետի մոտ։ Եթե նման հանդիպումներ տեղի ունենան, բնականաբար, դա երկկողմ հարաբերություններում կարեւոր նշանակություն կարող է ունենալ։ Ես գտնում եմ, որ նույնիսկ եթե հիմա բարձր մակարդակի որեւէ երկկողմ հանդիպում տեղի չունենա, ապա հետագայում անպայման պետք է նախաձեռնել»։

Սփյուռքի նուրբ լարերը՝ Ցեղասպանություն

Վարչապետի ելույթում կար շատ պաթոս եւ սփյուռքի ամենանուրբ լարերի վրա ներազդելու ցանկություն, իսկ միջոցառման կազմակերպիչների կողմից՝ թատերականացված մասեր։ Մասնավորապես, հոգեւորականների աղոթքը, նաեւ՝ անգլերենով։ Նաեւ որպես քաղաքական գործիչ՝ ո՛չ ընդդիմադիրի, ո՛չ պաշտոնյայի եւ ո՛չ էլ հատկապես հեղափոխականի կերպարում պուպուլիզմը չշրջանցող Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսը կոչեց հայության երկրորդ մայրաքաղաք, թեեւ անկհայտ է, որ նույնքան, եթե ոչ ավելի, հայություն կա Ռուսաստանում։ Իսկ պոպուլիզմի պիկը սփյուռքի ամենազգայուն թեման էր՝ Ցեղասպանությունը։ «Ինչպես թելադրում է սիրտս եւ հոգիս, ինչպես թելադրում է մեր նախնիների ու նահատակների կանչը»։ Նման զգայացույց ֆոնը պահելու համար ընտրված էր նաեւ Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունը․ «Արարատ, բարձրիկ Սեւան, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում» եւ այլն։ Այս ամենը ելույթի վերջում եզրափակվեց «գալ Ամանորը եւ Սուրբ ծնունդը մայրաքաղաք Երեւանում նշելու» Փաշինյանի հրավերով։ Սփյուռքի ականջների համար «Արարատ» եւ այլ բառերից ավելի հաճելի էր Հայաստանի առաջին դեմքի մեկառմեկ շնորհակալությունը Հայաստանին տարիներ շարունակ տրամադրված ֆինանսական եւ բարոյական աջակցության համար՝ ընդհանրապես, եւ մասնավորապես՝ ավանդական կուսակցություններին՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան, Ռամկավար ազատական, Հայ հեղափոխական դաշնակցություն, նաեւ՝ ՀՕՖ, ՀՕՄ, Ամերիկայի հայկական համագումար, Հայ առաքելական եկեղեցու սփյուռքում գտնվող թեմերի աջակցություն։ «Պետք է հստակ ասենք, որ անկախ Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել առանց սփյուռքի անգնահատելի եւ ամենօրյա աջակցության: Սփյուռքը կանգնել է Հայաստանի մեջքին, սփյուռքը պահել է Հայաստանը, սփյուռքը սնել է Հայաստանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Սուրեն Սարգսյանը վարչապետի ելույթի այս շեշտադրումներն ամփոփեց հետեւյալ կերպ․ «Վարչապետը հիմա ավելի շատ աջակցություն ունի գոնե Լոս Անջելեսի հայերի մոտ, եւ դա մենք փաստացի տեսանք Լոս Անջելեսում տեղի ունեցած հավաքից, եւ վարչապետը, բնական է, որ ցանկանում է դա օգտագործել Հայաստան ներդրումներ բերելու համար։ Թե որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը»։ Իսկ հեղափոխության նոր «փուլի» մեկնարկ հայտարարելու համար Լոս Անջելեսի հայության տված այս քարտ բլանշը վերաբերելո՞ւ է նաեւ Ամուլսարը շահագործելուն եւ կոշտ ուժի կիրառմանը։ Ամեն դեպքում, նշենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսից հետո պատրաստվում էր ուղեւորվել Լոս Անջելեսի քաղաքապետարան, մի քանի տասնյակ կալիֆորնիահայեր «Save amulsar» պաստառներ էին պարզել վարչապետի եւ նրա հետ ԱՄՆ ժամանած պատվիրակության առաջ։

ՀԳ․ Ինչպես հայկական յուրաքանչյուր ազգային միջոցառման ժամանակ ամերիկյան այցի կազմակերպիչներն առաջնորդվել են հին սկզբունքով, լոսանջելեսաբնակ լրագրող Արթուր Սահակյանի խոսքով՝ հանդիպումներում ներկայացված էր բոլոր ժամանակներում Հայաստանի առաջին դեմքերին պատվող- նդունող-ճանապարհող պալատական իսթեբլիշմենթը։