Արտաքուստ՝ ազգայնական, հոգով՝ պարտվողական

Արտաքուստ՝ ազգայնական, հոգով՝ պարտվողական

Անհավատալի է, բայց փաստ՝ նույն իշխանությունը, պարզվում է, մինչեւ պատերազմը, անհասկանալի համոզվածությամբ, հռչակում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ» սկզբունքը, իսկ արդեն պատերազմից հետո, պարզվում է, մեր սահմանադրական տարածքը հրապարակային սակարկության է հանել։ Պատերազմից մեկ ամիս առաջ տարածաշրջանի ամենամարտունակ եւ ինտելեկտուալ բանակ հռչակված հայկական զինուժը, պարզվում է, նույնիսկ ամբողջապես չներգրավվեց մարտերում։ Կանոնավոր զորքերին դիմելու փոխարեն՝ վարչապետը մարտակոչ էր հղում գյուղացիական, կամավորական, կուսակցական ջոկատներին, որոնք կոնվենցիոնալ մարտերում որեւէ գործնական օգուտ տալ չէին կարող։

Ստացվում է՝ սա ազգայնական թեզերով իշխանությունը պահած, սակայն խորքում խորապես պարտվողական մի վարչախումբ է։
Արցախը Հայաստան հռչակող, ժամանակին փոխզիջումային տարբերակը կապիտուլյացիա որակող Փաշինյանն իշխանության գալուց հետո աննախադեպ հաշվեհարդարների շարք սկսեց հաղթանակը կերտած զորահրամանատարների նկատմամբ։ Միայն ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հանդեպ նման անմարդկային վերաբերմունքը, ուռճացված մեղադրանքով, առանց որեւէ պատշաճ իրավական հիմքի կալանավորումն ու նրան փաստացի մահվան դատապարտելը պետք է չներվեին այս վարչախմբին։ Ո՞ւր էր տանելու մեզ հաղթանակած հրամանատարության անվանարկումն ու վարկաբեկումը դասալիքների, կիսագրագետների եւ անփորձների ձեռամբ, եթե ոչ դեպի պարտություն։

Մեկ անձի կամակորություններն ու քմահաճույքներն սպասարկում էր մի ամբողջ խմբակցություն՝ առանձնապես տեղյակ չլինելով մանրամասներից։ Նույնկերպ տեղյակ չէին պատերազմի հանգամանքներից, ռուսական կողմի առաջարկների բնույթից, եռակողմ հայտարարությունից, բայց անգամ հետաքրքրվելու փորձ չանելով՝ շտապում էին առաջինը հիմնավորել դրանց անհրաժեշտությունը։ Ինչպես պատերազմն է կառավարվել՝ ապիկար, միանձնյա եւ անհեռատեսորեն, այդպես էլ հետպատերազմյան ընթացքն է՝ անարժանապատիվ, պարտադրված, գլխիկոր եւ, ցավոք՝ դարձյալ միանձնյա։

Բայց եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սառը ցնցուղ էր հայ հանրության համար, եւ արագորեն ստորագրված փաստաթղթով օրեր անց առանց կրակոցի հանձնվում էին Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը, այս դեպքում Արցախի ամբողջական հանձնման պատրաստակամությունն ի ցույց է դրվել հրապարակայնորեն եւ նախապես։ Մինչդեռ ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ պարտությունից հետո այլ բանակցողով ներկայանալու դեպքում հնարավոր կլիներ որոշակի ճկունություն ցուցաբերել, նվազեցնել մարդկային եւ տարածքային կորուստները, առնվազն ռազմագերիների վերադարձի ժամանակացույց պահանջել։ Պարզ է, որ այդ դեպքում Արցախի հայապատկան հատվածի օտարման հարց ի բնե չէր էլ դրվի։

Գեներալ-գնդապետներ Օնիկ Գասպարյանի եւ Մովսես Հակոբյանի հրապարակային քողազերծումներից, սակայն, պարզ է դառնում, թե ինչպես են կայացվել որոշումները ռազմաճակատում։ Դա՝ այն դեպքում, երբ սպայակույտը հորդորել է վարչապետին՝ ամեն գնով կանգնեցնել պատերազմը։ Գեներալիտետն արդեն առաջին օրերին հասկանում էր, որ մեր ռեսուրսներով թշնամական բանակի հնարավորություններին շատ դժվար, գրեթե անհնար է դիմակայելը։ Պատկերացնել միայն կարելի է, թե հնարավոր նոր պատերազմի դեպքում ինչպիսի արկածախնդիր կեցվածք է դրսեւորելու արդեն մեկ անգամ պարտված ռազմաքաղաքական վերնախավը։ Հետեւաբար՝ աքսիոմ է, որ պատերազմի կայուն սպառնալիք ունեցող երկրում պարտված ղեկավարությունը պետք է հեռանա կամ հեռացվի, ընդ որում՝ ոչ միայն իշխանությունից, այլեւ, առհասարակ, քաղաքական ասպարեզից։

Դավիթ Սարգսյան