Ինչո՞ւ հենց Վանեցյանը

Ինչո՞ւ հենց Վանեցյանը

Նախորդ հոդվածում ասել եմ, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակ գալով՝ հայտ է ներկայացրել վարչապետի պաշտոնում փոխարինելու Փաշինյան Նիկոլին: Եվ միտք էի հայտնել, որ եթե ողջ ընդդիմությունն իսկապես ցանկանում է երկիրն ազատել Նիկոլից, ապա պետք է աջակցի Վանեցյանին: Իսկ ինչո՞ւ հենց նրան՝ հարց են տալիս ոմանք: Որովհետեւ, ինչպես արդեն ասել եմ, նա դուրս է եկել «կոմֆորտ» գոտուց՝ դրանով մարտահրավեր նետելով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին: Եվ, որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից, ինքն իրեն: Այն անձին, ով ժամանակին ծառայում էր Նիկոլին: Ինչպես նաեւ ընդդիմադիր այն գործչին, ով թե՛ իմ եւ թե՛ ինձ նման հազարավորների կողմից չէր դիտարկվում որպես ընդդիմության ղեկավարի թեկնածու: Չնայած ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո երկիրը լքելու փոխարեն գերադասեց մնալ եւ ընդունել ընդդիմադիր գործչի ծանր բեռը: Դա՝ մեկ: 

Երկրորդ․ չնայած Վանեցյանն Ազգային ժողովի պատգամավոր է դարձել նախկիններից մեկի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության հետ դաշինքով, սակայն որոշակիորեն պահպանեց իր դեմքը եւ չնույնականացավ նախկինների հետ: Նույնիսկ Փաշինյան Նիկոլի կամակատար իրավապահ համակարգը, որքան էլ փորձեց, չկարողացավ Վանեցյանին «դարձնել» նախկին: Հիշենք Վանեցյանին մեղսագրված՝ Փաշինյան Նիկոլի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքը: Նույնիսկ քրեական գործ հարուցելն ու Վանեցյանի նկատմամբ ճնշումները չկարողացան հոգեպես ջարդել նրան եւ գործը հասցնել ավարտին: Իսկ այդ եւ մնացած բոլոր քրեական գործերը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի պատվերով հարուցվել էին միայն այն պատճառով, որ ժամանակին Վանեցյանը չվախեցավ Նիկոլի դեմ բողոքի հայտարարությամբ հրաժարական ներկայացնել ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Ի տարբերություն բոլոր այն չինովնիկների, ովքեր անձայն հեռացել են իշխանությունից: 

Ինչը նշանակում է, որ երբ գա Նիկոլին հեռացնելու իքս ժամը, վերջինս չի կարող Վանեցյանին մեղադրել նախկին լինելու կամ էլ նախկինների հետ կապի մեջ լինելու առումով: Որովհետեւ Վանեցյանը նախկին չէր, իսկ նախքան նախկինների հետ կապի մեջ մտնելը՝ նմանատիպ կապի մեջ էր հենց անձամբ Նիկոլի հետ: Իսկ նախկինների հետ նույնականացնելն այն կախարդական փայտիկն է, որով Նիկոլը հաղթել եւ դեռեւս հաղթում է իր քաղաքական հակառակորդներին: Հիշում եք, չէ՞, որ 2018-ին Նիկոլը խոսում էր կախարդական փայտիկի առկայության մասին: Այն մասին, որ դրանով հրաշքներ է գործելու հայոց աշխարհում: Փաստորեն, այն հրաշքներ է գործում միայն նախկինների դեմ Նիկոլի պայքարում:   

Եվ եթե իսկապես ողջ ընդդիմությունը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, ցանկանում է հեռացնել Նիկոլին, ապա պետք է միավորվի հենց Վանեցյանի շուրջը: Ինչ մնում է իբրեւ թե գաղափարների եւ ոչ թե որեւէ կոնկրետ անձի շուրջը միավորվելու ոմանց չքմեղանալուն, ապա պետք է նրանց հիասթափեցնեմ: Գաղափարի շուրջ միավորվելը, նախ, տեղի է ունենում կուսակցություն կամ հասարակական բնույթի որեւէ կազմակերպություն հիմնադրելիս:

Օրհասական մեր պայմաններում հիմա այդ փուլը չէ՝ այն վաղուց անցած է: Եվ երկրորդ․ գաղափարը, որի շուրջն իբրեւ թե պետք է միավորվեն, ընդամենը մեկն է, ու այն թեւածում է մթնոլորտում. դա Նիկոլի հեռացումն է վարչապետի պաշտոնից: Բայց գաղափարն ինքնին ի վիճակի չէ կյանքի կոչելու նշված նպատակը: Դրա համար անհրաժեշտ է մեկը, ով կտանի պայքարի դրոշը, եւ այդ մեկն արդեն հայտնվել է: Այնպես որ, կարիք չկա փնտրելու մեկ ուրիշին: Կամ որպես մեկ ուրիշ ներկայացնելու սեփական անձը, քանի որ դա արդեն կնշանակի պայքար դեռեւս Նիկոլին պատկանող իշխանությունը կիսելու համար: Կիսելու եւ ոչ թե տիրելու համար, քանի որ առանձին-առանձին պայքարը հեշտությամբ կջարդվի Նիկոլի կողմից: Այնպես որ, եթե ցանկանում ենք Նիկոլի հեռացումն իշխանությունից, պետք է միավորվել Արթուր Վանեցյանի շուրջը՝ դրանով նպաստել ընդհանուր գործին: