Կորոնավիրուսն այլեւս ակտուալ չէ՞

Կորոնավիրուսն այլեւս ակտուալ չէ՞

Մի քանի տարի աշխարհն ահուսարսափի մեջ պահած կորոնավիրուսը ինչպես անսպասելի հայտնվել էր, նույնքան անսպասելի է անհետացավ։ Կորոնավիրուսային համաճարակը, որը միլիոնավոր կյանքեր խլեց աշխարհում եւ ժամանակին թիվ մեկ թեման էր աշխարհի բոլոր երկրներում, այժմ անհետանում է նաեւ լրահոսից: Ճիշտ է` դեռ իներցիայով թվեր են հրապարակվում` հիվանդացածների ու մահացածների մասին, սակայն գրեթե բոլորը հրաժարվել են սահմանափակումներից, մոռացել են QR կոդերն ու թեստերը։ Մեզանում էլ կրկնակի նվազել է թեստավորումների քանակը, օրինակ, եթե 2021 թվականի այս նույն ժամանակահատվածում, ըստ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների, իրականացվել էր օրական 4 հազար 858 թեստավորում, որից հաստատվել էր վարակման 881 նոր դեպք եւ մահվան 25, 2022 թվականի ապրիլի 21-ին թեստավորվել է 3 հազար 287 քաղաքացի, որից արձանագրվել է վարակի ընդամենը 6 դեպք, իսկ մահվան դեպք չի գրանցվել։

Թեստավորվողների քանակի նվազման մասին փաստում են նաեւ «Պրոմ թեստ» լաբորատորիայից՝ նշելով, որ նախկինում եթե  կատարվում էր օրական 5000-6000 թեստավորում, այժմ թիվը հասնում է մինչեւ 2 հազարի։ «Միանշանակ, պակասել է ու էական է պակասել, նաեւ ամենօրյա հայտարարությունները, թե քանի հոգի է թեստավորվել, այդտեղից էլ ակնհայտ է դառնում, որ պակասել են։ Եթե, օրինակ, վերցնենք էն ժամանակահատվածը, որ պարտադիր էր դարձել, այդ ժամանակվա համեմատ մի քանի անգամապատիկներ է նվազել»,- ասում է լաբորատորիայի հանրային կապերի պատասխանատու Գինոյանը։

Թեստավորման գնային քաղաքականությունը եւս ենթարկվել է փոփոխության․ եթե 2020 թվականին նույն «Պրոմ թեստ» լաբորատորիայում 48 ժամվա ընթացքում տրվող թեստի պատասխանը ստանալը արժեր 20 հազար դրամ, իսկ ավելի արագ թեստավորման դեպքում՝ 30 հազար, այժմ փոխվել է պատասխան ստանալու ժամային գրաֆիկը։ «Պրոմ թեստից» մանրամասնեցին․ «Երկու պրոդուկտ ունենք, որոնցից մեկի պատասխանը տրվում է մինչեւ 9 ժամում, արժե 10 հազար դրամ,  եւ ունենք էքսպրես, որը մինչեւ 2 ժամում է տալիս պատասխանը` արժե 20 հազար դրամ»։ Մեր հարցին, թե արդյոք առողջապահության նախարարությունը կամ տեսչությունն իրենց լաբորատորիայում ստուգումներ իրականացնո՞ւմ են, լաբորատորիայի մամուլի խոսնակը նշեց, որ ստուգումներ, միանշանակ, իրականացվում են, բայց թե երբ է վերջին անգամ ստուգում կամ ստուգայց իրականացվել` դժվարացավ պատասխանել․ «Չեմ կարող նշել, բայց նախարարության կողմից եկել են, գնահատել են, միշտ կա կոնտակտը ե՛ւ տեսչական մարմնի, ե՛ւ հենց ԱՆ-ի հետ։ Իրենց կողմից կատարվում են մշտադիտարկումներ, նկատառումներ լինում են, որոնք շտկվում են, էական, լուրջ պրոբլեմատիկ խախտում չենք ունեցել»։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից էլ մեր հարցմանն ի պատասխան, թե երբ են բժշկական հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում ստուգումներ եւ ստուգայցեր իրականացվել, նշել են․ «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների տարեկան ծրագրով։ 2021-2022 թվականներին առանձին լաբորատորիաներ ստուգումների տարեկան ծրագրում չեն ներառվել, ստուգվել են միայն տարեկան ծրագրով նախատեսված բժշկական կազմակերպությունների կազմում գործող լաբորատորիաները»։
Պայմանավորված կորոնավիրուսային վարակի կանխարգելման անհրաժեշտությամբ` 2020 թվականից սկսած, ստուգայցեր են իրականացվել նաեւ լաբորատորիաներում։ «Առավել հաճախ ստուգայցերն իրականացվել են այն լաբորատորիաներում, որտեղ COVID-19-ի հայտնաբերման նպատակով իրականացվում են ՊՇՌ հետազոտություններ։ Դիտարկվել է տվյալ ժամանակահատվածում գործող իրավական ակտերի պահանջների պահպանումը»,- հայտնում են տեսչական մարմնից։

Պարզվում է` լաբորատորիաներում ստուգայցերի հստակ սահմանված ժամանակացույց գոյություն չունի․ «Ստուգայցերն իրականացվում են տարբեր կազմակերպություններում, առանց սահմանափակման եւ ըստ անհրաժեշտության՝ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության հիման վրա՝ COVID-19-ով հիվանդացության առավել շատ դեպքերի արձանագրման դեպքում»։

Մեր այն հարցին, թե ստուգումների արդյունքում ինչ խախտումներ   են  արձանագրվել, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից պատասխանել են․ «Ստուգայցերի ընթացքում արձանագրվել են փաստաթղթավարման եւ սանիտարական նորմերի պահանջների խախտումներ, կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ»։