Տղերք, պայքարեք, բոլորդ կերել-խմել եք էդտեղ. Վարդան Ղուկասյանի մտերիմը 54 մլն դրամ է պահանջում Բալասանյանից

Տղերք, պայքարեք, բոլորդ կերել-խմել եք էդտեղ. Վարդան Ղուկասյանի մտերիմը 54 մլն դրամ է պահանջում Բալասանյանից

Այսօր՝ Գյումրու ավագանու հերթական նիստին,  քաղաքապետ Սամվել Բալասանյանին չհաջողվեց էմոցիաները զսպել: Երբ Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը զեկուցեց, որ համայնքի բյուջեից փաստաբանական ծառայության ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է երկու միլիոն յոթ հարյուր հազար դրամ, քաղաքապետը պոռթկաց. «Սա զավեշտ է, որ պատել է մեր գլխին: Գյումրու «Դվին» ռեստորանը բոլորդ գիտեք, տաշի-տուշի արել եք: Կողքի բանկետներն էլ եք եղել, կերել, խմել եք: Հարևանները բողոքեցին, որ ճանապարհը մեզ խանգարում է, մենք էլ չթուլատրեցինք շահագործել, գնացին դատարան, բողոքեցին, հասան նրան, որ շինթույլտվություն ստացան, հիմա էլ ասում է, որ ես տուժել եմ, չեմ աշխատացրել, բայց գիտենք, որ աշխատացրել է, բոլորս կերել-խմել ենք էդտեղ, ես էլ եմ եղել, չեմ ասում՝ չեմ եղել: Փող է ուզում հիմա մեզանից՝ 54 մլն դրամ: Գիտեք, չէ՞, ով է ըդիկ: Գիտե՞ք. Գրքիկյան Հովհաննեսն է, իրա ընտանիքն է»,-նեղսրտած ասաց քաղաքապետը: Իսկ Գրքիկյան Հովհաննեսը գյումրեցիներին առավել հայտնի է ոչ միայն իր «Դվին» ռեստորանով, այլ՝ քաղաքային նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչ է, որը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտերիմն է, նրա օրոք զբաղեցնում էր քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի պաշտոնը:

Գրքիկյանի նկատմամբ անցյալ տարի քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով, այն է` «յուրացնելը կամ վատնելը՝ ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով»: Նա մեղադրվում էր Գյումրու քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով 80 միլիոն դրամ «Գյումրեցի ընկերներ» կազմակերպությանը փոխանցելու համար, որը, սակայն, ըստ քրեական գործի, նպատակին չի ծառայել: Գրքիկյանը կալանավորվեց, բայց որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: Ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ամենայն հավանականությամբ, գումարի պահանջին զուգահեռ անհանգստացնում է ռևանշի և նախկինների  կողմից այսկերպ իրեն ճնշելու փաստը:

«Պայքարել է պետք, մարդը ասում է՝ չի աշխատել, բայց բոլորս գիտենք, որ գործել է: Երկու անգամ վարչական դատարանն այստեղ դիմումը չի ընդունել, տարան Երևան, ընդունեցին: Օդում կախված լուրերով, չիդենք՝ դատավորն ինչ կորոշե, ում կպաշտպանե, մեզ փաստաբանական ծախսեր են պետք: Չի կարելի, չէ՞, փոխանակ քաղաքին օգնեն՝ քաղաքից փող են տանում: Թող գյումրեցին գիդենա, որ ինքը գնացել էդտեղ խաշ ու ճաշ է կերել, հիմա  ասում են՝ չի աշխատել»,-կրկին վրդովված՝ խոսքը շարունակեց քաղաքապետը՝ միաժամանակ դիմելով ավագանու անդամներին. «Դա միայն իմ պայքարը չէ, տղերք, պայքարեք, բոլորդ կերել-խմել եք էդտեղ»:

Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնից վստահեցնում են, որ իրենք ունեն հրապարակային ապացույց առ այն, որ սեփականատերերը որևէ վնաս չեն կրել, նրանք չունենալով շահագործման ակտ՝ այդուհանդերձ տնտեսական գործունեություն են իրականացրել. առանձնացված հյուրասրահները սպասարկել են ու շահույթ ստացել։