ԱՄՆ էսթեբլիշմենթը Թուրքիայի թիկունքին է եղել ու կլինի

ԱՄՆ էսթեբլիշմենթը Թուրքիայի թիկունքին է եղել ու կլինի

«Թուրքիա v.s. ԱՄՆ եւ ՆԱՏՕ» հրապարակման մեջ («Հրապարակ», 27.02.2020) նկատել ենք, որ, ի հակադրություն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի, Թուրքիան Հայաստանի ԳՇ-ի հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ: Գուցե վերնագրում պետք էր դնել հարցական նշա՞ն: Գուցե: Բայց դա ոչ մի նշանակություն չունի: Մենք, լինելով լավ դաստիարակված, հավատալով (ցանկանալով հավատալ) համամարդկային արժեքներին նրանց նվիրվածության մասին հայտարարություններին, ցանկացել էինք մեր հարգանքը հայտնել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անաչառ դիրքորոշման կապակցությամբ: Դե, միամիտ ենք, ի՞նչ կարող ենք անել: 

Մերթընդմերթ ականատես ենք լինում, թե իբր Թուրքիան ընդդիմանում է ԱՄՆ-ին, կոշտ արձագանքում է իրեն ոչ հաճո քայլերին, չի ենթարկվում, Ս-400-ներ է ձեռք բերում եւ այլն: Աշխարհաքաղաքական թատրոն: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն, որ ԱՄՆ-ն արգելափակել է Պակիստանին թուր­քական ուղղաթիռների մատակարարումը Ս-400-ների պատճառով։ Ինչո՞ւ նույն դրդապատճառով չարգելվեց F-16-ների վերադիրքավորումն Ադրբեջան, ինչո՞ւ չարգելվեց թուրքական ու իսրայելական զենքի մատակարարումը: Էլ չենք ասում օդատիեզերական հետախուզական տվյալների մասին: Այնպես որ, Թուրքիան չէր կարող առանց ԱՄՆ-ի իմացության հանդես գալ նրա դիրքորոշմանը հակասող հայտարարությամբ, ինչպես Մեծ Բրիտանիան չէր կարող դեմ քվեարկել պատերազմը կանգնեցնելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւին. այդ խաղերն անվանում են «վատ ոս­տիկան, լավ ոստի­կան»: Ավելին, այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախում Թուրքիայի սան­ձազերծած պատե­րազմի կանխման ԱՄՆ-ի «ջանքերն» ապարդյուն անցան: Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանն ավելի «չարաճճի՞» է, քան Թուրքիան: 

Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ ԱՄՆ-ի հակամարտության առաջնագծում Թուրքիան է, որին թույլատրված է «մանր-մունր» պետությունների ու ժողովուրդների հետ վարվել այնպես, ինչպես կամենում է (Սիրիան, Լիբիան, քրդերը փայլուն օրինակ են): Դա ստացվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միասնական չէ, համերաշխ չէ, որտեղ քաղաքական էլիտայի կազմում պոպուլիստներն են, կեղծ հեղինակությունները, մեծամիտ, ինքնահավան ու գավառական առանձնյակները, որտեղ կարեւորն ամբոխի առօրյա իռացիոնալ պահանջմունքներն են («մարշրուտնու» սակագին, տեսախցիկներ, կարմիր գծեր), այլ ոչ թե ժողովրդի ու պետության ապագան:

ՀԳ. Իսկ որոշներն ասում են՝ Սեւրի պայմանագիր: Հա, էլի: Հայաստանը, իհարկե, շանս կունենա, երբ ԱՄՆ-ի՝ Չինաստանին, Ռուսաստանին եւ Իրանին «ծնկի բերելու» նկրտումների կուլմինացիայի արդյունքում բռնկվի 3-րդ համաշխարհային պատերազմը: Սակայն այստեղ մի «փոքր» նյուանս կա. քանի՞ երկիր կմնա աշխարհի երեսին, եւ արդյոք Հայաստանը, նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը, Իսրայելը կլինե՞ն դրանց շարքում: Խելակորույս աշխարհ…

ՀԳ 2. Զարմանալիորեն համընկնող ձեռագրեր են ունեցել ԽՍՀՄ եւ ԱՄՆ էսթիբլիշմենթները: Հապա ինչպե՞ս հասկանալ Գորբաչովի հայտարարությունը 1988-ին՝ խորհրդային զորքերը Բաքու մտցնելու 3 օրով ուշացման մասին: Հավանաբար, КГБ-ն ու ГРУ-ն սաունայում են եղել կամ ընկղմված են եղել ավելի կարեւոր գործում. օրինակ, ուսումնասիրելիս են եղել «Особенности национальной охоты»: Թեպետ պետք է արժանիորեն գնահատել Գորբաչովին. 3 օրը՝ ո՜ւր, 44 օրը՝ ուր:
Ասվածը, սակայն, չի նշանակում, որ իմ սերունդն ափսոսանք չի ունեցել այդ երկրի փլուզման կապակցությամբ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր