Պետությունը Հրանտ Մաթեւոսյանի թանգարանը դիտարկել է որպես բիզնես մոդել

Պետությունը Հրանտ Մաթեւոսյանի թանգարանը դիտարկել է որպես բիզնես մոդել

«Այսօր՝ 21.03.21-ին, պաշտոնական գրությամբ հրաժարվեցինք «Հրանտ Մաթեւոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման եւ գործարկման անարդյունավետ բանակցություններից. 2018-ից առայսօր, չնայած մեր ԲՈԼՈՐ ջանքերին, առաջարկներին, պնդումներին եւ հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների եւ կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել եւ չի փոխվի»,- այս մասին նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն, Հրանտ Մաթեւոսյանի որդի Դավիթ Մաթեւոսյանը՝ նշելով նաեւ, որ այսուհետ դիմելու է միայն հանրությանը․ «Ես այստեղ ու այսուհետեւ դիմում եմ եւ դիմելու եմ բացառապես ՄԱՐԴԿԱՆՑ ու ՀԱՆՐՈւԹՅԱՆԸ, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին` բոլորին, որ ՄՇԱԿՈւՅԹԻ ու ԲԱՆԻ ու ՀՐԱՆՏԻ արժեքն ու դերը հասկանում են. մեր ԿԵՆՏՐՈՆԸ կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես` այդ ֆինանսավորմամբ: ԱՌԱՋ. ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ մեր Կենտրոնը»»:

Թե ինչը ստիպեց գնալ այդ քայլին, Դավիթ Մաթեւոսյանը նշեց, որ կարող է միայն ընթացակարգն ասել՝ այնպես, ինչպես եղել է․ «Անցյալ տարի ամռանը, պետական այրերի հորդորով, գրություն ուղարկեցի, որ մենք պատրաստ ենք հողամասը նվիրաբերել կենտրոն-թանգարանի կառուցման համար, քանի որ հողմասը մերն է, եւ շենքը կառուցվում է դրա վրա։ Նվիրաբերության առաջարկ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն՝ կոնկրետ նախանշելով որոշակի կետեր, որոնք պարտադիր պետք է պահպանվեն, այսինքն՝ փորձում էինք ապահովել, որ կենտրոնը կառուցվելով, ապագայում գործի որպես Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոն-թանգարան։ Դրան ի պատասխան, սեպտեմբեր ամսին կառավարությունը մեզ տեղյակ չպահելով՝ առոչինչ փոքր տեխնիկական ընթացակարգային որոշում կայացրեց, որի վերաբերյալ մեր կարծիքը հայտնեցինք՝ առաջարկելով չեղարկել այն, քանի որ նոնսենսային որոշում էր։ Զուգահեռ, մեզ հետ սկսեց աշխատել տարբեր գերատեսչությունների մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, բավականին արգասավոր աշխատանք էր, փորձում էինք կառավարության որոշում ձեւակերպել, որով էլ նվիրաբերության փաստը կարձանագրվեր, եւ ըստ դրա՝ շինարարական աշխատանքները կսկսվեին։ Անցած ամիսների ընթացքում մենք մի քանի տարբերակներ քննարկեցինք, դրանք ուղարկվեցին վերեւ, վերեւից ստացան տարբեր տեխնիկական դիտարկումներ, նկատառումներ, ու անընդհատ մեզ էր վերադարձվում ստերիլիզացված, որեւէ երաշխիք չպարունակող կառավարության որոշում, որը նախազգուշացնում էինք, որ չենք ստորագրելու եւ չենք մտնելու դրա տակ»։  

Մարտի 4-ին կառավարությանը՝ անձամբ վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարին ուղղված մի գրությամբ խնդրել է զերծ մնալ առոչինչ հերթական որոշումը կայացնելուց, եւ եթե կա որոշման նախագիծ, տեղյակ պահեն։ «Վերջերս տեղեկացա, որ որոշման նախագիծը շրջանառվում է կառավարության միջանցքներում, բայց մեզ տեղյակ չեն պահում։ Դրանից հետո ստացա գրություն ԿԳՄՍ նախարարությունից, որ ահա որոշման նախագիծը, ու քանի որ որոշման նախագիծը ճիշտ այնպիսին էր, ինչպեսեւ ակնկալում էի եւ ինչի դեմ քանիցս բողոքել էի, ես հետ կանչեցի հողամասը պետությանը նվիրաբերելու մեր առաջարկը, քանի որ մեծ ռիսկայնություն կար, որ շենքը մոտ ապագայում չի պահպանվի որպես թանգարան-կենտրոն, եւ հետո՝ շինարարության ո՛չ ժամկետները, ո՛չ ծավալները, ո՛չ էլ փուլայնությունը չէր ապահովվելու։ Դրա համար արեցի այդ հայտարարությունը»։ 

Այդ հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ պետությունն այլեւս ոչ մի հավակնություն չի ունենալու Հրանտ Մաթեւոսյան կենտրոնի նկատմամբ։ «Մենք միշտ կողմ ենք եղել, որ սա լինի պետական թանգարան, որովհետեւ դա լավագույն երաշխիքն է, որ ցանկացած թանգարան կարող է ունենալ պետական հոգածության առումով։ Մենք այդպես էինք կարծում, բայց վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ հասկացվեց, որ իրենք բիզնես մոդել են ուզում, որպեսզի հասկանան, թե արդյոք հնարավոր կլինի՞ թանգարանը պետական սուբսիդիաների եւ մասնավորի հետ համագործակցության միջոցներով ձեռնարկել եւ կազմակերպել։ Մեզ ասացին, որ իրենք պետական թանգարան չեն ուզում, այլ ուզում են, որ այն լինի մասնավոր թանգարան, որի տարածքն ինչ-ինչ պայմանագրային հիմունքներով հանձնված կլինի մասնավորին, եւ իրենք պետական սուբսիդիաներով կօգնեն բիզնես մոդելին։ Հաշվի առեք, որ այս խնդիրը ձգվում է արդեն 18 տարի, որից 3 անպատվեր տարին վերջին կառավարության մեղքին է»։

Կենտրոն-թանգարանի շենքը թեպետ կանգուն է, բայց դեռ՝ անավարտ, քանի որ առկա են 3-րդ հարկի կառուցման, ներքին հարդարման, սարքավորումներով ապահովելու, էքսպոզիացիայի, ինչպես նաեւ շրջակա զբոսայգու բնապահպանականացման հարցեր․ «Ասել եւ ասելու եմ՝ եթե այս կառավարությունն ունի կենտրոնը կառուցելու պատվախնդրություն, ինքը պետք է այդ պատվախնդրությունը ստանձներ, եթե չունի այդ պատվախնդրությունը, ժողովուրդն այդ կենտրոնը կկառուցի»։

Հրանտ Մաթեւոսյան կենտրոն-թանգարանի շենքի կառուցման համար հաջորդիվ կկազմակերպվեն տարբեր արշավներ՝ դրամահավաքից մինչեւ տարբեր հրապարակումներ։