Բաց նամակ Սերգեյ Լավրովին

Բաց նամակ Սերգեյ Լավրովին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս. Վ. Լավրովին

Հարգելի Սերգեյ Վիկտորովիչ, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Ձեր պլանը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 9 նոյեմբերի 2020թ. համատեղ հայտարարությամբ սրընթաց կյանքի կոչվեց, կարող եք տոնել:

Բարձր գնահատելով ՌԴ ձգտումը ռազմական գործողությունների դադարեցման, ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) խաղաղապահ ուժերի տեղակայման ուղղությամբ՝ միաժամանակ շեշտենք, որ այդ համաձայնագիրը պարունակում է մեծաթիվ հակահայկական դրույթներ, որոնք մինչ նրանց կիրարկելը պետք է պարզաբանվեին եւ ենթարկվեին փոխհամաձայնեցման: Օրինակ, Քելբաջարում սկսված է ադրբեջանական փախստականների բնակեցումը, այն դեպքում, երբ 1992-94 թվականներին այնտեղ բնակեցվել են հայ փախստականները՝ Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանից, 98% հայ բնակչությամբ, որոնք կորցրել են իրենց ողջ ունեցվածքը եւ նոր տեղում (Նոր Շահումյան) կառուցել են տներ: Այժմ նրանց ստիպել են լքել նաեւ այդ տները: Որտե՞ղ է տրամաբանությունը եւ Ռուսաստանից Հայաստանի եւ Ադրբեջանի տխրահռչակ «հավասարահեռավորվածությունը»: Պահանջեք, վերջապես, նրանց վերադարձնեն Շահումյանի շրջան: Նման բախտի են արժանացել Նոր Մարաղա, Նոր Կարմիրեվան եւ այլ Նոր…. բնակավայրերը:

Ըստ համաձայնագրի՝ բոլոր ուղղություններով ճանապարհային հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն, սակայն ողջ աշխարհի հայերի նվիրատվությունների հաշվին վերջին տարիների ընթացքում կառուցված Վարդենիս (Հայաստան)-Քելբաջար-Մարտակերտ (ԼՂՀ) հոյակապ մայրուղին այժմ շրջափակված է Քելբաջարից մինչեւ Դադիվանք, եւ Մարտակերտի ու հարակից շրջանների բնակիչները գործնականում զրկված են Հայաստան մուտք գործելու հնարավորությունից:

Չկա հստակություն 2020թ. պատերազմի հետեւանքով ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններից փախստական դարձած բնակչության՝ իրենց հարազատ բնակավայրերը վերադառնալու հնարավորության եւ ժամկետների վերաբերյալ: 

ОБСЕ Մինսկի խումբը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու համար, պարտավոր էր անմիջապես գործնականորեն արձագանքել ԼՂՀ-ում պատերազմին, խստորեն դատապարտել Թուրքիայի վարքագիծը, Եվրամիության եւ ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու եւ խստագույնս պատժելու հարցը՝ ԼՂՀ դեմ պատերազմ հրահրելու, ռազմական գործողություններ ծրագրելու ու ղեկավարելու, Ադրբեջանին ժամանակակից հարձակողական զինատեսակներ տրամադրելու, մի քանի հազար տեռորիստներ ներգրավելու համար:

Ռուսաստանի եւ Թուրքիայի հերթական եղբայրացումը խանգարեց դրան, եւ հազիվ թե Մինսկի խմբից կարելի է սպասել որեւէ օգտակար բան:

ՌԴ ղեկավար շրջանակները եւ զանգվածային ինֆորմացիայի միջոցները գտնում են, որ լեռնայինղարաբաղյան խնդիրն իբր ծագել է 1988 թվին՝ Սումգաիթից հետո, եւ 2020թ. պատերազմը հետապնդել է նպատակ՝ վերադարձնել «Ադրբեջանին պատկանող տարածքները», որոնք կորսվել են 1992-1994 թվերին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում: Սա կանխակալ կարծիք է, ստորեւ ցույց կտրվի, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը ծագել է 1918թ., երբ Թուրքիայի ջանքերով կազմավորվել է նախկինում անհայտ Ադրբեջանի Հանրապետություն պետությունը: Լեռնային Ղարաբաղի խնդիրը միջազգային հարաբերությունների եւ միջազգային իրավունքի հնագույն խնդիրներից է, որը հետեւանք է խնդրի էության խեղաթյուրման եւ թուրք-ադրբեջանական առայսօր չսանձված ստի, անամոթ ստի:
Առկա է Մոսկվայում հրատարակված փաստաթղթերի ունիկալ ժողովածու, որը ստեղծել է Ձեր թբիլիսյան հայրենակից, МГИМО-ի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, միջազգային իրավունքի ճանաչված մասնագետ Յուրի Բարսեղովը (Нагорный Карабах в международном праве и мировой политике, документы и комментарии. Москва, Кругь, 2008, Том I (842 документов, 943 стр.), Том II - комментарий)։

Հիմնվելով այդ փաստաթղթային ժողովածուի վրա՝ ցանկության դեպքում (որն անչափ կարեւոր է) կարելի է կազմել բոլոր առումներով հավաստի պատկերացում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, եւ յուրաքանչյուրը, ով ցանկանում է զբաղվել դրանով, պարտավոր է ծանոթանալ այդ ժողովածուի փաստաթղթերի հետ:

Իմ մասնագիտությունը հենվում է հետեւյալ անխախտելի սկզբունքի վրա․ եթե կարելի է բերել թեկուզ մի օրինակ (նուրբ իրականացված էքսպերիմենտ), որը հակասում է Ձեր պնդմանը, ապա Ձեր պնդումը սխալ է, եւ այն անհրաժեշտ է դեն նետել: Այդ պատճառով անմահ են Ձեզ հայտնի Պյութագորասի թեորեմը, Արքիմեդի, Նյուտոնի օրենքները, Մենդելեեւի աղյուսակը եւ բազմաթիվ այլ հայտնագործություններ, որոնք ապահովեցին քաղաքակրթության զարգացումը:

Հենվելով նշված ժողովածուի փաստաթղթերի վրա՝ կաշխատեմ ներկայացնել ղարաբաղյան խնդրի բուն էությունը: Հնարավոր է, որ ես Ձեզ՝ մեծավաստակ դիվանագետիդ, հիասթափեցնեմ, քանզի որքան ինձ հայտնի է, դիվանագետների մոտ այլ մոտեցում է՝ դրված է խնդիր, այն լուծելու համար բոլոր միջոցներն արդարացված են, հաղթողներին չեն դատում….
Ղարաբաղի հայերը հանդիսանում են աբորիգեններ - Ստրաբոն, Պլուտարխ, Պտոլեմեյ եւ ուրիշներ (տես՝ документы №1 - №16):

Ադրբեջանցիների նախնիները Кара-Коюнлу («սեւ ոչխարներ») եւ Ак-Коюнлу («սպիտակ ոչխարներ») քոչվոր ցեղերն են, որոնք հայտնվել են Անդրկովկասում XV-XVI դարերում եւ չեն կարող հանդիսանալ Ղարաբաղում աբորիգեններ, ինչը նրանք պնդում են (տես՝ Босворт К. Э. Мусульманские династии. Справочник по хронологии и генеалогии. Москва. Наука. 1971. стр. 221-224)։

Միջին դարերում Ղարաբաղը գտնվել է Պարսկաստանի կազմում: Ըստ ռուսական ուսումնասիրության (док. №56)՝ «Ղարաբաղը երկիր է, որն ընկած է Արաքսի ձախ ափի եւ Քուռ գետի աջ ափի միջեւ, Մուղանի դաշտավայրից վերեւ, սարերում: Նրա գլխավոր բնակիչները հայեր են, որոնք ղեկավարվում են ժառանգաբար իրենց 5 մելիքներով կամ բնիկ իշխաններով, համաձայն գավառների թվի: Յուրաքանչյուրը կարող է ցուցադրել մինչեւ 1 հազար զինվոր: Այդ մելիքները, ըստ Նադիր շահի սահմանած կարգի, անմիջապես ենթարկվում են շահին»:

Արցախ-Ղարաբաղում իշխել են հետեւյալ խամսայի մելիքությունները («խամս» - արաբերենից՝ հինգ).
1. Գյուլիստան - տարածվում է Գանձակի (Գյանջա-Կիրովաբադ) սահմանից մինչեւ Թարթառ գետը (մոտավորապես Ադրբ. ԽՍՀ Խանլարի եւ Շահումյանի շրջանները)։
2. Ջրաբերդ - տարածվում է Թարթառ գետից մինչեւ Խաչեն գետը (Քարվաճառ (Քելբաջար), ԼՂՀ Մարտակերտի շրջանի հյուսիսային եւ կենտրոնական մասերը)։
3. Խաչեն - տարածվում է Խաչեն գետից մինչեւ Բալուջա գետը (ԼՂՀ կենտրոնական մասը)։
4. Վարանդա - տարածվում է Բալուջա գետից մինչեւ Դիզափայտի լեռնային գոտին (ԼՂՀ Ասկերանի, Շուշիի եւ Մարտունու շրջանները)։
5. Դիզակ - տարածվում է այդ սարերից մինչեւ Արաքս գետը (ԼՂՀ Հադրութի, Բերդաձորի, Կովսականի, Կորյագինո-Ֆիզուլիի շրջանները):

Նրանք օգտվել են լրիվ ազատությունից, Պարսկաստանին հարկ են վճարել եւ բանակին մատակարարել են ղարաբաղյան հայտնի ձիեր: Այդ հինգ հայկական իշխանությունները, լինելով անմիջական հարեւաններ, կազմել են մեկ ամբողջություն եւ հարատեւել են մինչեւ ռուսական տիրապետության հաստատումը՝ 1813թ. միացումը Ռուսաստանին: 

Մելիքների միասնականությունը խաթարելու ձգտմամբ, պարսիկ շահին հաջողվեց ստեղծել երկպառակություն նրանց միջեւ, հատկապես մելիքներից ամենահզորի՝ Շահնազար Երկրորդի եւ մյուս չորսի միջեւ: Շահնազար Երկրորդն օգնության կանչեց եւ դաշինք կնքեց քոչվոր սարըջալը ցեղի առաջնորդ Փանահի հետ եւ համաձայնեց, որ նա բնակվի իր պապենական կալվածքում՝ Շուշիի ամրոցում: Այսպիսով առաջին անգամ Ղարաբաղ մուտք գործեց տրոյական ձի: Շահնազար Երկրորդի՝ Միխայիլ Գորբաչովի նախկին օգնական Գեորգի Շահնազարովի եւ կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովի նախապապի կոպիտ սխալը շատ թանկ նստեց եւ առայսօր ճակատագրական դարձավ Լեռնային Ղարաբաղի համար:
Շարունակելի

Լենսեր Աղալովյան
ԳԱԱ ակադեմիկոս, 
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր