Մանդատս վայր չեմ դնելու

Մանդատս վայր չեմ դնելու

«Իմ քայլում» առավոտները խաղաղ չե՞ն դեռեւս՝ հարցրինք պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ «Առավոտյան «Իմ քայլում» հանդիպումներ չեն լինում, եթե լինում են, ժպիտով իրար բարեւում-անցնում ենք: Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը. «Իմ քայլում» կան ոչ թե տարաձայնություններ, այլ՝ քննարկումներ»:

Փաշինյանը պահանջում է ապաշրջափակել Ամուլսարը։ Ձեր մոտեցումը։ «Ես բազմիցս եմ ասել` կան ռիսկեր։ Այո, խնդրել է ապաշրջափակել, սակայն սպասվում են ուսումնասիրություններ, ինքս եւս սպասում եմ` լինելո՞ւ է նոր ՇՄԱԳ, թե՞ ոչ։ Իսկ կարող է Դուք ուզում եք իմանալ` ես մանդատս վայր եմ դնելու, թե ոչ, հեռվից եք գալիս»: Այո, կռահեցիք: «Վայր չեմ դնելու. ինչու չեմ դնելու, որովհետեւ շատ-շատերի համար դա պաշտոնի խնդիր է, ես մանդատը վերցրել եմ զուտ էս երկրին ծառայեցնելու համար։ Բացի Ամուլսարից, այլ խնդիրներ եւս կան, եւ ես պետք է կառուցեմ երկիրը»:

Փաշինյանն ասել է` եթե վայր դրեցիք, մտքներովդ չանցնի անկախ պատգամավոր դառնալ։ «Ես նման բան չեմ լսել իրենից»: Ի դեպ, ասում են` Դուք սերտ եք համագործակցում ԲՀԿ-ի հետ եւ եթե անկախանաք, ավելի սերտ կհամագործակցեք։ «Օհ, ես որեւէ ընդդիմադիր ուժի հետ որեւէ համագործակցություն երբեք չեմ ունեցել։ Ի՞նչ ասել է համագործակցել. բարեւում ենք, դրա՞ համար։ Բացառվում է, եւ եթե գա այդ օրը, որ ես իմ խմբակցությունից դուրս գամ, կա՛մ կլինեմ անկախ պատգամավոր, կա՛մ այլեւս չեմ լինի քաղաքական գործիչ։ Ինձ համար կուսակցական խաղերը վեր չեն բարոյականությունից»: