Լուսագյուղը՝ նոր Ծաղկաձոր

Լուսագյուղը՝ նոր Ծաղկաձոր

Ապարանին մերձակա Լուսագյուղ համայնքում տների գները բարձրացել են: Հողի արժեքը՝ նույնպես: Ինչ գյուղում եռուզեռ է սկսվել, տան ու հողի վաճառքը կանգնել է: Լուսագյուղցիները գործարքներ չեն անում, սպասում են: «Արմենիա Ֆյուչր» բարեգործական հիմնադրամից գարնանը մարդիկ են եկել ու խոստացել, որ բոլոր լուսագյուղցիների տներն իրենց հաշվին կնորոգեն, Լուսագյուղն էլ ապարանյան դրախտավայր կդառնա՝ երջանիկ բնակիչներով, երկրորդ Ծաղկաձորը:  

Համայնքի բնակիչները ճոպանուղուց անվճար կօգտվեն

Այստեղ դահուկուղի է կառուցվելու, հյուրանոցներ, հացի ու պանրի արտադրամասեր, ցեխով, թրիքով պատված ճանապարհը նորացվելու, ասֆալտապատվելու է ու հասնելու է մինչեւ անտառ՝ Ծաղկունյաց լեռների թեք փեշը: «Ի՞նչ Ծաղկաձոր: Ընդեղ սաղ արհեստական ա, մեր բնությունը, անտառն ավելի հետաքրքիր են, մեր վանքերը, Թուխմանուկը նմանը չունեն: Վեցերորդ դար է, հանա՞ք եք անում»․ այսպես են մտածում Լուսագյուղի բոլոր բնակիչները, նույնիսկ վիրավորվում են, երբ իրենց ներկայությամբ Ծաղկաձորի մասին ես խոսում: Վերջերս նրանց բառապաշարում նոր բառ է ավելացել՝ էկոգյուղ, որը նրանք առանձնահատուկ հպարտությամբ են արտաասանում ու ավելի դանդաղ, քան մյուս բառերը:

Կառավարությունը «Լուսագյուղի զարգացում» ծրագիրը հաստատել է մարտին: «Արմենիան Ֆյուչր» հիմնադրամը եռամսյակը մեկ պետք է կատարված աշխատանքների համար հաշվետվություն ներկայացնի գործադիրին: Նախագծում կարդում ենք, որ գյուղի ամբողջական ճարտարապետական եւ տնտեսական կոնցեպտն ու դիմագիծը պետք է մշակվեն պատմամշակութային արժեքներին համահունչ, անմխիթար տների տեղում նոր տներ կառուցվեն, ճանապարհների լուսավորության հարցը լուծվի, բարեկարգվեն ճանապարհները, ճամփեզրերը, ջրահեռացման համակարգը, խմելու ջրի ավազանները հագեցվեն անհրաժեշտ հանգստացուցիչ սարքերով, գազիֆիկացվեն գյուղապետարանի եւ մանկապարտեզի շենքերը, կոյուղացանց կառուցվի, որը չկա, ոռոգման ցանց, նույնիսկ գերեզմանատան ցանկապատը նորոգվի: Բնակիչների տներում արեւային էներգիայի համակարգեր են տեղադրվելու, գյուղատնտեսական տեխնիկա է բերվելու ու անհատույց տրամադրվելու է բնակիչներին, մթերքի եւ ժողովրդական արհեստների արհեստանոց-տոնավաճառ է հիմնվելու, նույնիսկ սեփական ամֆիթատրոն է կառուցվելու Թուխմանուկ՝ Վերիվանք եկեղեցու մոտակայքում, որը ձմռանը սահադաշտ կդառնա, իսկ նոր ճոպանուղին զբոսաշրջիկներին կհասցնի վանք: Ի դեպ, համայնքի բնակիչները ճոպանուղուց անվճար են օգտվելու։

Իմ կռիշը չգտա, բայց Սոֆիկինը ոնց որ դեղին էր

Աշնան համար անսովոր եռուզեռ է գյուղում: Ում ինչ պակաս-պռատ ունի, լրացնում են՝ քար են շարում, նոր տանիքներ են գցում։ Շինարարության վրա Լուսագյուղի տղամարդիկ են աշխատում։ Իրենց տները սարքելու համար աշխատավարձ են ստանում։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Մերուժան Բադալյանն ասում է․ «Հենց ամբողջ իմաստն էլ այն է, որ մարդիկ գործ ունենան, հեռանկար։ Հետագայում այս գյուղը օրինակ կարող է դառնալ մյուս համայնքների համար, նույնը կարելի է անել այնտեղ։ Ծրագիրը տեւելու է 5 տարի: Ծրագրի արժողությունն է մոտ 4 մլրդ 125 մլն դրամ: Այս պահին այդքան է նախատեսված»:

«Ինտերնետում ծրագիր էին գցել: Մենք տեսանք էդ ծրագիրը, ճանաչեցինք, որ մեր գյուղն ա, բայց լրիվ փոխված ա: Իմ կռիշը չգտա, բայց Սոֆիկինը ոնց որ դեղին էր»,- պատմում է Սարիբեկ Հովհաննիսյանը: Նա գյուղում հարսանյաց սրահ ունի, խանութ ու տուն՝ բոլորը մի շենքում: Եթե խոստումները կատարվեն, մի հատ էլ հյուրանոց կբացի զբոսաշրջիկների համար: Հարսանյաց սրահի գործն էլ կբացվի, քանի որ հարսները գյուղում հաստատ կշատանան: Սոֆիկ Գալստյանը չգիտի, թե դիզայներն ինչ գույն է ընտրելու իր կտուրի համար: «Ինչ էլ որոշի, ես դեմ չեմ, կարեւորը, որ սարքեցին»,- ասում է: Նրա տունն առաջինն է, եթե Ապարանի կողմից ես գյուղ մտնում։ Արդեն համարյա պատրաստ է։ Տան կողքին նորաոճ սյուներ են առաջացել՝ գաբիոններ: Երկաթյա ցանցե կոնստրուկցիաներ են՝ մեջը քարեր լցված: «Խլամ քար չի, մարմար ա»,- ասում է Սոֆիկ Գալստյանը: Նրա տունը «դաժան» վիճակում է եղել: «Շիֆերները՝ ջարդած, ծածկույթի բալկաները՝ լրիվ բլած-կախված: Բալկեք լրիվ իրանք ա փոխած, ժեշտը իրանք ա փոխած, էս պլաշադկեն իրանք ա սարքած, պատերը իրանք ա շարած»,- պատմում է կինը, բայց չի կարողանում հիշել «գաբիոն» բառը։ Կանգնում է կողքը, որ նկարվի:

Վերջ, հիմա էս գյուղում էլ ոչ ոք «ռեմոնտ» չի անի

Իմ այս դիտարկմանը հարսանյաց սրահի տերը պատասխանում է. «Հա, զաթի մեկը կա, նոր վառոտ էր առել, որ փոխեր, հենց շինարարները եկան, պահեց։ Ասում ա՝ կարող ա ձրի սարքում են»:
Բրիգադիր Էդիկն աշխուժության կենտրոնն է, գյուղի «կազմակերպչական ջիղը»: «Մարմարը բերում ենք Հանքավանից: Ստեղ ասֆալտ ա լինելու՝ իրա լուսավորությունով, տանիքներն ուրախ գույներով ենք ներկելու, որ ժիվոյ դառնա քարը»,- ասում է ու Սոֆիկ Գալստյանի ձեռքից բռնում-տանում է նոր քարով զարդարած պատուհանի մոտ: «Թող ստեղ նկարվի, նոր եմ սարքել, թող սիրուն երեւա»: Սոֆիկը դեմ չէ, մի հատ էլ պատուհանի մոտ է նկարվում:

«Հենա մեր վանքը, ստեղից հլը նայա, կողքին էլ մեծ խաչ ա, գիշերը լույսը վառ կմնա, միշտ վառում ա վանքի մեջը լույսը»,- Համլետ Գրիգորյանը ե՛ւ խոսում է, ե՛ւ քար շարում: Նա շինարարությունում ներգրավված պատշարներից է․ «Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը ստեղ աշխատեն: Մարդիկ դավադիտ են եղել, որ աշխատանք չունեն, մոտ 30 տուն դրսում են: Բացակայողների տներն էլ ենք սարքելու: Սպասում ենք, որ գան։ Կարող ա էս տարի չգան, մյուս տարի անպայման կգան»: