Ահմադ Դեհղան. Ես եմ Ձեր որդու դահիճը

Ահմադ Դեհղան. Ես եմ Ձեր որդու դահիճը

Ահմադ Դեհղանը պարսից նորագույն շրջանի արձակի նշանավոր ներկայացուցիչներից է, որն առավելապես ստեղծագործել է իրան-իրաքյան պատերազմի թեմատիկայով։ Ծնվել է 1966թ.՝ Իրանի Քարաջ քաղաքում։ 1990թ. լույս է տեսել պատերազմի թեմայով նրա առաջին ստեղծագործությունը՝ «Շալամչեի աստղերը» վերնագրով։ Հաջորդ տարի տպագրվել է գրողի մյուս՝ «Վերջին օրերը» գործը, իսկ 2005թ.` «Ուղեւորություն դեպի 270 աստիճանը» վեպը, որը 2006թ. թարգմանվել է անգլերեն եւ առավել մեծ ճանաչում բերել հեղինակին։ Դեհղանի կարեւոր աշխատանքներից է լայն տարածում վայելող «Ես եմ Ձեր որդու դահիճը» պատմվածաշարը՝ բաղկացած տասը պատմվածքից, որոնցից մեկը համանուն պատմվածքն է։

Ողջո՛ւյն, պարո՛ն Ռեզա Ջաբարզադե։

Հուսով եմ, ամեն դեպքում, լավ եք։ Ես Ֆարամարզ Բոնքդարն եմ։ Չգիտեմ՝ անունս մտաբերեցիք, թե ոչ, բայց ես Ձեզ ճանաչում եմ եւ անձամբ տեսել եմ։ Մեր հանդիպումը եղել է այն սգո արարողության ժամանակ, որին ներկա եմ եղել։ Դուք, սեւ շալով դռան առաջ նստած, ներկաներին էիք բարեւում, իսկ Ձեր անունը սգո պաստառի վրայից եմ իմացել։

Իրականում, Մոհսենի քառասունքի օրը ես Ձեզնից շուտ էի հասել շահիդների(1) գերեզմանոց։ Գիտեի, թե գերեզմանը որտեղ է. այն օրից ի վեր, ինչ արձակուրդ էի եկել, միակ վայրն էր, որ բազում անգամներ գալիս էի եւ այցելում Մոհսենին՝ իմ զինակից-առաջնորդին։ Ամեն անգամ այնտեղ գնալիս մի արտասովոր ցասում էր կոկորդս սեղմում, որն ասես ցանկանում էր ինձ խեղդել։ Այն աստիճանի, որ ստիպված էի լինում խելագարի նման բերանս որքան հնարավոր է բացել, որ գոնե շնչուղիներս բացվեն։ Այդ վիճակում ինձ տեսնողները կարծում էին՝ հոգեկան խնդիրներ ունեմ կամ պատերազմի ավարտին կիրառված քիմիական զենքից եմ վնասվել։ Հատկապես երբ աչքերիցս անդադար արցունք էր հոսում։ Իհարկե, գուցե մտածեք՝ այս ամենը Ձեզ հետ որեւէ կապ չունի, գուցե մինչեւ անգամ շփոթված լինեք, բայց երբ անդրադառնամ եղելությանը, այնժամ ասելիքս կհասկանաք։

Այն օրը շահիդների գերեզմանոցում այնքան սպասեցի, մինչեւ Դուք եւ մյուս սգավորները եկաք։ Անշուշտ, կհիշեք։ Դուք նստած էիք բալագույն «Փեյքան» մակնիշի մեքենայի մեջ՝ այդ նույն սեւ շալով։ Իջաք։ Տղամարդիկ երկու շարք կազմեցին եւ սկսեցին սգո արարողությունը՝ կուրծք ծեծելով առաջ եկան։ Կանայք էլ տղամարդկանց շարքերի ետեւից էին քայլում։ Եկաք, հասաք Մոհսենի գերեզմանին։ Այդ ժամանակ ես հողե փողոցի սպիտակ ակացիայի տակ կանգնած էի՝ դեմքով դեպի գերեզմանը։ Չգիտեմ՝ ինչու չէի համարձակվում առաջ գալ. մեղսագործ էի, եւ թեպետ Դուք ինձ չէիք ճանաչում, Ձեզ տեսնելուց ամաչում էի։ Չգիտեի՝ եթե իմանայիք, որ ես եմ սպանել Ձեր որդուն, ի՞նչ տեղի կունենար։

Այո՛, Մոհսենն իմ ձեռքով է սպանվել, ոչ թշնամի զինվորի։ Հիմա պետք է խնդրեմ նամակը մինչեւ վերջ կարդալ, հետո միայն իմ արարքը դատապարտել։ Այդ օրը, վերջապես, մեջս ուժ գտա առաջ գալու եւ մյուս սգակիրների կողքին կանգնելու։ Եկա, բայց մեծ դժվարությամբ։ Փորձում էի սեւազգեստ սգավորների մեջ թաքնվել։ Թեեւ գիտեի՝ ինձ չեք ճանաչում, անգամ անունս չեք լսել, միեւնույն է, ծածուկ մի վախ կեղեքում էր ողջ ներաշխարհս։ Վախի զգացումը միախառնվել էր խղճի խայթին եւ հոգեվիճակս ավելի էր ծանրացնում։ Ուզում էի տեսնել՝ Դուք ինչ եք անում, եւ ինչ է անում նրա մայրը։ Դուք այն նույն սեւ շալի ծայրով սրբում էիք Ձեր արցունքները։ Իսկ նրա մայրը… այո՛, Մոհսենի մայրը, իմ զինակից ընկերոջ եւ առաջնորդի մայրն ընկել էր գերեզմանին, ճչում էր եւ անիծում իր որդուն սպանողին։ Եթե ինքներդ իմ փոխարեն լինեիք, եւ մեկը Ձեր ձեռքով զոհվեր, եւ զոհվածի ընտանիքն այդկերպ Ձեր աչքերի առջեւ անիծեր Ձեզ, ի՞նչ կանեիք։ Այն էլ սպանություն, որը պարտադրված էր, ոչ թե ինքնակամ։ Այո՛, պարտադրված։ Իհարկե, սպանության դիտավորության հարցում չեմ առարկում, ես ռազմական գործողությունների գիշերը դիտավորյալ եմ սպանել Ձեր որդուն, սակայն ստիպված էի դա անել…

Տեսնելով այդ ամենը՝ հենց այդ պահից որոշեցի ողջ եղելությունը խոստովանել։ Երբ Ձեր որդու ընկերը, որը նաեւ իմ զինակիցն էր, խոսափողը վերցրեց, որ Մոհսենի մասին մահախոսական ասի, նրա բոլոր ասածները սկզբից մինչեւ վերջ ճիշտ էին, բայց նա Ձեր որդու նահատակության հանգամանքների մասին լռեց։ Այս նամակս նրա չասած խոսքերի լրացումն է։ Նա խոսափողով խոսելու ընթացքում ինձ նկատեց։ Անգամ մի քանի ակնթարթ իրար աչքերի մեջ նայեցինք։ Այդ էր պատճառը, որ որքան մոտենում էր ճառի ավարտին եւ Մոհսենի նահատակության դեպքի հիշողություններին, այնքան ավելի քիչ էր գլուխը վեր բարձրացնում եւ նայում սգավորներին ու հատկապես՝ ինձ։ Պետք է որ հիշեք, ելույթի վերջում այնպես հուզվեց, որ ձախ այտի չսպիացած վերքն արյունահոսեց, եւ մի ձեռքով քաշելով վերքը՝ բերանը բաց արեց։ Դուք էլ Ձեր սեւ շալը  տվեցիք, գցեց դեմքին, որ արյունը չթափվի հագուստին, ու հենց այդտեղ նրա ճառն ավարտվեց։ Ես հիմա ուզում եմ Մոհսենի նահատակության հետ կապված ողջ ճշմարտությունը պատմել։

Այն գիշեր՝ մայրամուտից հետո, ջուրը մտանք։ Ես, Մոհսենն ու ռազմածովային նավատորմի մյուս զինվորները պետք է, ըստ քարտեզի, գրավեինք թշնամու ամենամոտ դիրքերը՝ տեղակայված Արվանդռուդի(2) ափին։ Այնուհետեւ, գրավելով մի «ոտքի տեղ», որը, իհարկե, ռազմական արտահայտություն է, ու հարկ չեմ համարում  մեկնաբանել, ափին պատրաստ, հավաքված զորքերը, իրենց նավերով սկսելով առաջխաղացումը, պետք է ճեղքեին թշնամու պաշտպանությունը։ Ինչպես հետագայում պարզ դարձավ, մեր շարժման սկզբին թշնամին գլխի էր ընկել, որ հարձակման մտադրություն ունենք, ուստի մեր՝ ջուրը մտնելուն պես հրաձգություն բացեց Արվանդռուդի ուղղությամբ։ Մենք ձեռք-ձեռքի տված՝ առաջ էինք ընթանում։ Մոհսենի ձախ ձեռքն իմ աջ ձեռքում էր։ Ճանապարհի կեսին թշնամու կրակն այնքան ուժգնացավ, որ մի պահ կարծում էի՝ ջրով լի եռացող կաթսան եմ ընկել։ Իհարկե, դեռ մեզ չէին նկատել, սակայն հաջորդաբար կրակում էին։ Մի փոքր առաջ գնալով՝ անշնչացած սեւ մարմիններ տեսա, որոնք ջրի մակերեսին լողում էին եւ Արվանդռուդի վերին հատվածից դեպի Պարսից ծոցի կողմը գնում։ Ուշադրություն դարձրի եւ նկատեցի, որ մի զինվորի հագին ռազմածովային նավատորմի այն խմբի հագուստն էր, որը մեզնից առաջ էր շարժվել։ Գուցե այս փաստերը Ձեզ հետ ոչ մի առնչություն չունեն, սակայն ես ինձ պարտավորված եմ զգում պատմելու այդ անիծյալ գիշերվա ողջ եղելությունը։ Իհարկե, ներեցե՜ք, որ չեմ կարողանում առանց նախաբանի բուն դեպքին անդրադառնալ։ 

Թշնամու ափ հասնելուն մոտավորապես 300-400 մետր էր մնացել, երբ Մոհսենը ճիչ արձակեց եւ ցամաքում հայտնված ձկան նման սկսեց թպրտալ. թշնամու անկանոն կրակոցների հետեւանքով կոկորդը վիրավորվել էր։ Նրան գիրկս առա, որ գիշերային խավարում չկորցնեմ։ Իր ունեցած ամբողջ զենք-զինամթերքի ծանրության պատճառով հնարավոր է սուզվեր ջրի հատակը, եւ հավիտյան զրկվեինք վերստին նրան տեսնելու հնարավորությունից։ Ձեր որդու ընկերն ասաց, թե Մոհսենը զոհվել է։ Մեր խմբի հրամանատարը կարգադրեց՝ Բոնքդար ազգանունով զինվորը Մոհսենի մարմինը թշնամու ափ քաշի, որ մարմինը չսուզվի։ Գուցե հիմա անունս մտապահած լինեք, բայց այնտեղ Մոհսենը դեռ չէր մահացել, թեեւ վերքը շատ խորն էր։ Մեր հրամանատարը հրամայեց, որ Մոհսենին ռազմածովային նավատորմի ուժերի ուղեկցությամբ առաջ տանեմ։ Այդ ընթացքում թշնամու կրակոցները պակասել էին, եւ ես կարողացա հեշտությամբ իմ ու Մոհսենի զենք-զինամթերքն արձակել, լցնել ջուրը, որ նրան ավելի հանգիստ առաջ տանեմ։ Ձեր զավակի կոկորդը վիրավոր էր, ձեռքս գցեցի նրա մեջքին, եւ լողալով առաջ ընթացանք։ Այդ րոպեներին միակ մտածմունքս Մոհսենի կյանքը փրկելն էր, քանի որ նա՝ ինքը, մի անգամ ինձ փրկել էր։ Գլուխը վերեւ էի պահել, որ ալիքների տատանումները չխոչընդոտեին նրա շնչառությունը. դա միակ բանն էր, որ գերազանց անում էի այդ 300-400 մետր ճանապարհի ընթացքում։ Հասանք թշնամու ափ։ Առջեւում փշալարեր էին, ական ու եղեգ։

Թշնամու սահմանապահ զինվորները մեզ չէին տեսել, եւ հասնելուն պես՝ փշալարերի ետեւում թաքնվեցինք։ Մեր հրամանատարը շարժական ռադիոկապի միջոցով կապ հաստատեց գլխավոր հրամանատարության հետ։ Ասացին՝ պետք է սպասեք, մինչեւ մնացած զորքերն էլ կհասնեն նախապես որոշված վայրերը։ Մոհսենի կոկորդի խռխռոցը հենց այդտեղից սկսվեց, տեղանքի եղանակը նպաստեց, որ փամփուշտը նրա կոկորդում ներսուդուրս լինի, եւ ձայնն ավելի բարձրանա։ Մեր զորքի հրամանատարը լողալով եկավ ինձ մոտ եւ ասաց, որ ձայնը կտրեմ։ Մոհսենին տեղաշարժեցի, այս ու այն կողմ շրջեցի, որ գոնե կոկորդի խռխռոցն ընդհատվի, բայց չստացվեց։ Զուգահեռաբար թշնամու զինվորներից մեկին նկատեցի։ Եկավ այն ամրության առջեւ, որի ետեւում իրենց խրամատներն էին։ Մեջը կասկած էր ընկել։ Մտքումս հազար անգամ աղոթք ասացի եւ Ղուրանի այն հատվածը, որը, ասում էին, նման պահերին թշնամուն կուրացնում է։ Կրկին մեր հրամանատարը մոտեցավ եւ արդեն սպառնալից տոնով ասաց, որ նրա ձայնը կտրեմ։ Չէի հասկանում՝ մտքինն ինչ է։ Բորբոքված տոնով արձագանքեցի՝ ինչ կարող էի, արեցի, բայց չստացվեց։ Հրամանատարը կրկնեց՝ նրան լռեցրու։ Հարցրի՝ ինչպե՞ս։ Պատասխանեց՝ գլուխը մտցրու ջրի տակ։ Սկզբում հավատս չեկավ, բայց նրա լռությունից հասկացա, որ ասածը լուրջ է։

Մոհսենը՝ Ձեր որդին եւ իմ առաջնորդը, շարունակում էր խռխռացնել, գետն ալեկոծվում էր, ջուրը՝ լցվում նրա կոկորդի բացվածքի մեջ եւ շատրվանի նման փրփրում։ Մոհսենի դաստակից բռնած՝ նրան քաշեցի դեպի ջրի հատակը։ Սկզբում անգիտակից էր, բայց երբ ամբողջությամբ սուզվեց, սկսեց թպրտալ, ձեռքը քաշեց եւ դուրս լողաց ջրից։ Հրամանատարը, որը կողքիս էր, վճռական ասաց, որ նրան քաշեմ ջրի հատակը, քանի որ եթե մեր գտնվելու վայրը մատնվի, մեր բոլոր զինվորների կյանքը կվտանգվի։ Մոհսենի երկու ուսերից բռնեցի, շունչս պահեցի եւ նրան քաշեցի ջրի տակ։

Ծանր պահեր էին։ Ակնթարթ առ ակնթարթ իմ ու Մոհսենի վեցամսյա ծանոթությունն էր հայտնվում մտապատկերումս։ Զորքերի բաժանման օրն ինձ հմուտ լողորդի տեղ դրած՝ գնացի ռազմածովային ուժերի խումբ։ Մեզ տարան Քարուն գետի մոտ։ Այդ ուժերում իմ առաջնորդ Մոհսենը դիմացս կանգնեց եւ ասաց, որ պետք է կարողանանք լողալ մինչեւ գետի մյուս ափն ու վերադառնալ, բայց առաջին օրը միայն ցատկենք ջրի մեջ եւ տեղում լողանք, որ մեր կարողությունները տեսնի։

Վախը պատել էր հոգիս։ Ճար չկար։ Ձեր որդին կարգադրեց, եւ մենք միանգամից ցատկեցինք ջուրը։ Չէի մտածում, որ շատ խորն է, բայց երբ ոտքս հատակին չհասավ, մահն աչքերիս առջեւում հայտնվեց։ Ձեռքս ու ոտքս թափահարում էի, կոկորդս էլ ջուր էր լցվել։ Չգիտեմ՝ ինչ եղավ, ու ինձ հետ ինչ պատահեց, բայց երբ գիտակցության եկա, ափին ընկած էի, եւ Մոհսենը երկու ձեռքով կրծքիս սեղմում էր։ Ես ողջ էի, Ձեր որդին ինձ օգնության էր հասել ու ջրից հանել։

Աստիճանաբար իրար հետ մտերմացանք, մինչեւ անգամ միմյանց խիստ անձնական խնդիրներից տեղյակ էինք։ Այո՛, մեր վեց ամսվա ծանոթությունը մի քանի վայրկյանում մտովի իմի բերեցի եւ չկարողացա համակերպվել այն մտքի հետ, որ իմ կյանքի փրկիչ Մոհսենը, կյանքի ու մահվան կռիվ տալով, թպրտում է, եւ ես նրան ջրում խեղդում եմ ու ապրելու իրավունքից զրկում։ Այս անգամ ինքս նրան դուրս բերեցի եւ գլուխը վեր պահեցի, որ կարողանա շնչել։

Հրամանատարը հեռացել էր, բայց երբ Մոհսենի խռխռոցը լսեց, շտապ վերադարձավ։ Ջրի մակերեսն ընկղմված էր անխառն լռության մեջ, այն դեպքում, երբ կարծում էի՝ հատակում սարսափազդու փոթորիկների ճիրաններում եմ հայտնվել, եւ արտասովոր ձայներն ուր որ է ականջիս թմբկաթաղանթը կպատռեն։ Հրամանատարը գլուխը մոտեցրեց ականջիս եւ արդեն բղավեց՝ մի՞թե չես տեսնում, թե որտեղ ենք։ Եթե բռնվենք, բոլորիս կկոտորեն, ոչ միայն մեզ, ռազմածովային նավատորմի մնացած զորքերին էլ։ Կամաց շշնջացի՝ չեմ կարող։ Նա մթության միջից ինձ նայեց եւ կարծեց, թե խոսքս վերաբերում է ֆիզիկապես չկարողանալուն։ Հավելեց՝ կօգնեմ քեզ։ Անձնատուր եղա։ Ջանացի ոչնչի մասին չմտածել․ ո՛չ մեր անցյալի, ո՛չ վերագտած կյանքիս, ո՛չ մեր համատեղ ընկերության ու մտերմության եւ նույնիսկ ո՛չ Ձեր, որ նրա հայրն եք, եւ պետք է ապագայում Ձեզ պատասխան տամ։

Հրամանատարն ասաց՝ գլուխը բռնիր, եւ ինքը գրկեց Մոհսենի ոտքերը։ Միասին սուզվեցինք ջրի տակ։ Մոհսենն սկզբում հանգիստ էր, հետո սկսեց ճիգ գործադրել եւ իրեն թափահարել։ Ոտքով հրամանատարին հետ էր հրել, եւ նրա դեմքը դիպել էր փշալարի։ Իհարկե, դա հետո հասկացա։ Երբ Մոհսենը դադարեց պայքարել, դուրս եկանք ջրից։ Ձեր որդու մարմինը կախեցինք փշալարին, որպեսզի մակընթացություններն ու տեղատվությունները նրան ծովի կողմը չքշեն։ Նա ճիշտ խաչված Քրիստոսի նման՝ մնացել էր փշալարի մեջտեղում. ձեռքերը երկու կողմ էին ձգված, եւ գլուխը թեքված էր ուսին։ Հրամանատարը ձախ այտի վերքի արյունը Ձեր որդու համազգեստով սրբեց, ապա հարձակման հրաման տվեց։ Ես այլեւս Մոհսենին չտեսա։

Սա ողջ եղելությունն է, որը պատահել էր Ձեր որդուն, եւ ես առանց այլեւայլությունների պատմեցի այն։ Հիմա պատրաստ եմ ցանկացած պատժի, որը Դուք եւ Ձեր ընտանիքը կնախատեսեք։ Ես Մոհսենի դահիճն եմ եւ պետք է պատասխան տամ։ Ես հնազանդորեն կընդունեմ այն պատիժը, որը դուք կվճռեք։ Կարող եք ինձ գտնել այն գումարտակում, որտեղ Ձեր որդին էր։ Հասցեն ծրարի ետեւի կողմում է։ Այժմ պատկերացնում եմ Ձեր հոգեվիճակը, գիտեմ, որ միայնության կարիք ունեք։ Ինձ էլ Ձեր միակ որդու մահվան վշտի սգակիցը համարեք…

Մոհսենի ընկեր եւ զինակից Ֆարամարզ Բոնքդար։

...............................................................

1. Իսլամադավան աշխարհում այդպես են անվանում նահատակին։ Մարդ, որը զոհվել է «Աստծո ճանապարհին/հանուն Աստծո»։

2. Շատ ալ-արաբ գետի իրանական անվանումը։ Գետը ստորին հոսանքում սահմանային է Իրանի եւ Իրաքի միջեւ։ Երկարությունը 195 կմ է։


Պարսկերենից թարգմանությունը` Վարսինե ՄԱԿԱՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ