Ո՞նց էիք էդ ցուցակը կազմել, որ հենց նրանք պետք է մատաղացու դառնային

Ո՞նց էիք էդ ցուցակը կազմել, որ հենց նրանք պետք է մատաղացու դառնային

Հատկապես արցախյան վերջին պատերազմի պարտությունից հետո մեր ժողովրդի մեջ եղած շերտավորումն ավելի բացահայտ դարձավ, որի կոնկրետ դրսեւորումը պարզորոշ արտահայտվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ: Թուրքիա-Ադրբեջան տանդեմը 2020թ. հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որից ավելի մեծ վտանգ աշխարհի ողջ հայության համար գոյություն չուներ: Նման պարագայում ինչ կապ ունեին «ներկա եւ նախկին», «սեւ եւ սպիտակ» հասկացությունները, որ փոխանակ համախմբվելու եւ պատերազմը նորմալ վարելու, ողջ պատերազմի ընթացքում իրար մեղադրում ու բզկտում էին, պատերազմի վերսկսումը բարդում միմյանց վրա՝ թուլացնելով պատերազմելու մեր սուղ կարողությունները, ջուր լցնելով թշնամու ջրաղացին:

Նաեւ այս ամենի հետեւանքով մենք կրեցինք նման խայտառակ պարտություն, եւ փոխանակ վերլուծելու ու հասկանալու, որ պարտության հիմնական պատճառներից մեկը հենց այդ տարաձայնություններն էին, դրանցից համապատասխան հետեւություններ անելու, էլ ավելի դաժան էինք միմյանց մեղադրում, որից երկիրն էլ ավելի մեծ արագությամբ էր մոտենում անդունդի եզրին:

Ասվածն այդ հակասությունների հետեւանքներից մեկն է, իսկ մյուս ոչ պակաս կարեւոր հետեւանքն այդ հակասությունների բարձրաձայնման ազդեցությունն է ժողովրդի մտածողության վրա, որի հետեւանքով ժողովրդի մի մասը դարձավ մոլի նիկոլական, մյուս մասը՝ մոլի հականիկոլական, այսինքն՝ ժողովուրդը, մոռանալով, թե որն է իրենց հիմնական առաքելությունը երկրի առջեւ, բաժանվել է երկու թշնամական մասերի, որն այս բախտորոշ պահին երկրի էլ ավելի թուլացման ամենակարճ ճանապարհն է:

Այս պատերազմը մեզ վրա չափազանց թանկ նստեց, տվեցինք բազմահազար զոհեր, ունեցանք վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, կորցրինք Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, թշնամին 4 ամսից ավելի է՝ Հայաստանի որոշակի ստրատեգիական տարածքներում է, եւ այսքանից հետո, բնական է, թե ինչ հոգեբանական իրավիճակ է առաջացել հայկական աշխարհում: 
Թող ներեն ինձ, բայց մեր ժողովուրդն այսօր այնքան է արժեզրկվել, որ նրա մի մասին թվում է, որ եթե իրենց որդիները, եղբայրները, ամուսինները չեն մասնակցել կամ հրաշքով չեն զոհվել, ապա իրենք փրկվել են ու էլ մտածելու բան չունեն:

Ավելին՝ նրանց թվում է, որ հենց այդպես էլ պետք է լիներ, ու մատաղացու պետք է դառնային հենց նրանք, ովքեր զոհվեցին, վիրավորվեցին, գերի ընկան: Հենց նրանք էին պարտավոր իրենց կյանքը տալ, որպեսզի իրենք շարունակեին խաղաղ ու երջանիկ ապրել: Խոսքս ուղղում եմ ժողովրդի այդ նույն մասին. ո՞նց էիք էդ ցուցակը կազմել, որ հենց նրանք պետք է մատաղացու դառնային եւ ապահովեին ձեր հետագա անվտանգությունն ու խաղաղ ապրելակերպը:

Մի՞թե կարելի է նրանց մեղադրել, որ հայրենասեր էին ու հերոս եւ իրենց մատղաշ կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի՝ միաժամանակ փրկելով ձեր կյանքը թուրքական հերթական եղեռնից, հակառակ պարագայում ձեր մի մասը եւս այսօր կենդանի չէր լինի: Փոխանակ վերլուծելու պատերազմի եւ դրանից հետո նաեւ այս մեկ տարվա իրադարձություններն ու դրանց դասերը, հանգելու ճիշտ եզրակացությունների, մեր ժողովուրդը նախկին ու ներկա, սեւ ու սպիտակ է խաղում, թուլացնում մեր երկիրը, որը թուրքի ամենամեծ երազանքն է, քանզի պատերազմների ժամանակ ցանկացած երկրի ամենաառաջնային խնդիրը հակառակորդին մասնատելն ու բաժան-բաժան անելն է, որը նշանակում է, որ դու կռվում ես ոչ միայն այդ երկրի մի մասի դեմ, այլեւ այդ մասերի՝ միմյանց դեմ հակամարտելու պայմաններում, որի արդյունքում երկիրը լրիվ ջլատվում է, եւ դիմացդ համարյա ուժ չի մնում: Նման իրավիճակի ականատեսը եղանք հենց արցախյան վերջին պատերազմի ժամանակ, որը դարձավ այդ պատերազմի ելքի հիմնական պատճառներից մեկը:

Հանրահայտ ասույթ կա. բաժանիր, որ տիրես: Վերն ասվածը ոչ այլ ինչ է, քան սրա պարզ վկայությունը, մի տարբերությամբ, որ սովորաբար հակամարտող երկրներից ամեն մեկը փորձում է դիմացինի ուժերը մասնատել, իսկ մեր դեպքում այդ ամենը մենք արեցինք ինքնուրույն՝ մեր կամքով:
Թե մեր երկիրն այսօր ինչ համակողմանի ողբերգական վիճակի մեջ է, բոլորին է տեսանելի, եւ եթե վերը նշված դասերը հաշվի չառնենք, չթողնենք ներքին գզվռտոցները եւ արագ չմիաբանվենք, ապա եղած մարտահրավերներին դիմակայելու եւ փրկվելու ոչ մի շանս չենք ունենա: Եթե մեր ժողովուրդը հստակ չհասկանա, որ մեր հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների հարազատների անասելի ցավը միանշանակ նաեւ իրենց ցավն է, եւ եթե միահամուռ ուժերով չփորձենք ներկա մարտահրավերների դեմն առնել, ապա կրելու ենք ամենացավոտ՝ վերջին եւ դաժան պարտությունը, կորցնելով մեր սուրբ պետությունն ու պետականությունը: Առանց չափազանցնելու նշեմ, որ այսօր կշեռքի նժարին հենց այս հարցն է դրված:

Եվ քանի դեռ ամեն մեկի ցավը չի դարձել մյուս բոլորի ցավը, ստեղծված ողբերգական վիճակից փրկվելու, առավել եւս որեւէ բան ետ բերելու ոչ մի  շանս չկա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ