Դադարեցրե՜ք հայերին հուսահատեցնելու նպատակ ունեցող այդ սադիզմը

Դադարեցրե՜ք հայերին հուսահատեցնելու նպատակ ունեցող այդ սադիզմը

Սովետմիությունում գործում էին բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ: Դրանց մի մասը գաղտնի էր: Զենքերի, թույների եւ այլ թեմաներից բացի, ուսումնասիրում էին նաեւ ԽՍՀՄ ժողովուրդների հոգեբանությունը: Պրոպագանդան, որը հզոր զենք է, գործում էր՝ օգտագործելով այդ ԳՀԻ-ների հետազոտությունները: Իսկ գրաքննությունը հետեւում էր, որ հանկարծ չհայտնվեն պրոպագանդայի տարածած գաղափարներին հակասող տեղեկություններ: ՍՍՀՄ քաղաքացիներին ներշնչում էին հպարտություն՝ աշխարհի ամենահզոր հայրենիքի հանդեպ, որտեղ կյանքի մակարդակը, իբր, ամենաբարձրն էր, եւ չկային պրոբլեմներ: Իսկ «փտող եւ նեխող» կապիտալիստական երկրներում սով էր ու անարդարություններ:

Բոլորին ներշնչում էին ապագա պատերազմներում հաղթելու վստահություն: Իսկ հայերին նաեւ հիշեցնում էին, որ Հայրենական պատերազմում մենք ունեցել ենք հարյուրից ավելի ՍՍՀՄ հերոսներ, մարշալներ, ծովակալ, գեներալներ: Մեր «դուխը» շատ բարձր էր:     

Մինչեւ 1960-ականները Հայոց ցեղասպանության մասին հիշատակելն արգելված էր եւ պատժվում էր: Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամ դառնալուց հետո որոշվեց հայերին մի թեթեւ, ոչ այնքան, որ հուսալքվեն, հիշեցնել Մեծ եղեռնի մասին: Նպատակ ունենալով, որ պատերազմի դեպքում հայերն առավել անձնվիրաբար կռվեն թուրքերի դեմ: Ընդսմին, Հայոց ցեղասպանության մասին պատմելու առաքելությունը տրվել էր 2 ակադեմիկոսների, որոնցից բացի, ուրիշները պետք է շատ սահմանափակ եւ որոշակի շրջանակներում անդրադառնային այդ թեմային: Այլապես հայերի մոտ կարող էր առաջանալ ընկճվածություն: 

Սովետական տարիներին մեզ ներշնչված «դուխը» եւ թուրքերի դեմ կռվելու պատրաստակամությունն օգնեցին, որ մենք հաղթենք մեզնից առավել բազմաքանակ եւ բազմակի անգամ լավ զինված ադրբեջանցիներին: Ինչն անհրաժեշտ էր, որպեսզի ԽՍՀՄ ղեկավարության կողմից կազմակերպված այդ հակամարտությունը պահպանվի մինչեւ այն ժամանակ, երբ Սովետմիությունից ժառանգված եւ համաժողովրդական համարվող ունեցվածքն ու հարստությունները սեփականաշնորհվեն: Դրանից հետո պետք է սկսվեր ծրագրված գործողության երկրորդ փուլը՝ ստեղծվեր «նոր» ԽՍՀՄ, որտեղ նախկին հանրապետությունները չէին ունենա հնում ունեցած իրենց կարգավիճակներն ու իրավունքները:   
Ծրագրի առաջին՝ թալանի ու սեփականաշնորհման մասը հաջող ավարտելուց հետո անցան երկրորդ փուլին: Անհրաժեշտ էր հայերին ընկճել, ներշնչել, որ նրանք լքված ու անտեսված են, քաղաքակիրթ երկրները նրանց խաբել են, դավաճանել, մտածում են միայն եւ միայն սեփական բարեկեցության մասին, անբարոյական են: Այդ նպատակին հասնելու համար օգտագործվեց նաեւ Հայոց ցեղասպանության թեման, որը սկսեցին արծարծել մեծ ինտենսիվությամբ ու զգայացունց ձեւերով: Այնպես, որ հայերի մոտ առաջանան կոմպլեքսներ:

Առավոտից երեկո ռադիոյով, հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով, գեղարվեստական գրականության, արվեստի, կինոյի, ուսումնական հաստատություններում դասավանդման միջոցներով մեզ եւ մեր երեխաներին սկսեցին զգայացունց ձեւով հիշեցնել Մեծ եղեռնի զոհերի մասին՝ ներշնչելով, որ այդ աղետը կարող է կրկնվել ցանկացած պահի: Դրան միացան 2020-ի պատերազմի, սահմանային բախումների, դիվերսիաների, անհասկանալի հրդեհների եւ պայթյունների զոհերի մասին զգայացունց պատմությունները՝ համեմված զոհվածների մայրերի լացի ձայնագրություններով: Ինչն առաջացնում է անհուսության տրամադրություններ, կոմպլեքսներ, հոգեկան խանգարումներ:

Այսօր աշխարհում ընդունված է, որ եթե որեւէ նյութում կա բռնության կամ դաժան տեսարան, ձեզ նախապես տեղեկացվում է այդ մասին: Եվ ձեր համաձայնությունը ստանալուց հետո է միայն թույլատրվում ծանոթանալ դրա հետ: Եվ դա նորմալ է, ոչ բոլորն ունեն տրամադրություն, ցանկություն կամ ամուր նյարդեր, որ ցանկանան առնչվել դրան: Բացի այդ, կան նյութեր, որոնք նախատեսված չեն անչափահասների համար, այդ պատճառով էլ նախապես հարցնում են՝ չափահա՞ս եք, թե՞ ոչ: Եվ այդպիսի կոնտենտը կա՛մ գիշերային ժամերին, կա՛մ էլ միայն հատուկ լրատվամիջոցներով են թույլատրում հաղորդել: Եթե մեկն իր մարմնի վրա ունենա վերք, եւ ինչ-որ մարդիկ օրվա բոլոր ժամերին մոտենան ու ձեռք տան, աղ լցնեն այդ վերքին, ինչպե՞ս կանվանեք այդ մարդկանց: Իսկ եթե նույնն անեն երեխայի հե՞տ: 
Եթե մեկն ունենա հոգեկան վերք, եւ ինչ-որ մարդիկ բոլոր լրատվամիջոցներով, օրվա բոլոր ժամերին անընդհատ թարմացնեն այն, ինչպե՞ս կանվանեք այդ մարդկանց: 

Հայ ժողովուրդն ունի հոգեկան խորը վերք՝ ցեղասպանությունը: Եվ մեր ժողովրդին կործանելու, նրան հոգեկան հիվանդ դարձնելու, նրա դիմադրողականությունը կոտրելու ցանկություն ունեցող երկրների ղեկավարները, նրանց հատուկ ծառայությունները կարողացել են համոզել մեր ղեկավարներին՝ անընդհատ բզբզել այդ վերքը, չթողնել, որ այն լավանա, ու հայերը վերականգնեն հոգեկան հավասարակշռությունը: Դառնան ավելի հավասարակշիռ, չունենան վախի, դատապարտվածության, անհուսության կոմպլեքսներ, որոնք դրդում են մարդկանց արտագաղթել: Հեռանալ հայրենիքից, որտեղ ամեն րոպե կարող է կրկնվել նույն աղետը, ինչի մասին մեզ հուշում են Սումգայիթի, Բաքվի եւ այլ վայրերում կատարված, այդ նույն թշնամիների ու նրանց հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված ջարդերը, պատերազմները, շրջափակումները, անընդհատ կրկնվող եւ հայերի կյանքեր խլող սահմանային միջադեպերը, ահաբեկչություններ հիշեցնող հրդեհներն ու պայթյունները: Ծավալապաշտությամբ տառապող այդ պետությունների ղեկավարներին Հայաստանը պետք էր եւ հիմա էլ, ցավոք, պետք է առանց հայերի: Կամ պետք է որպես տարածք՝ բնակեցված վախեցած, ընկճված, թեւաթափ եղած փոքրաթիվ հայերով, որոնք նաեւ հոգեկան այնպիսի անհավասարակշիռ վիճակում են, որ հեշտությամբ ենթարկվում են ցանկացած մանիպուլյացիայի, հավատում են պրոպագանդիստների մատուցած պրիմիտիվ ստերին:

Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցնել այդ սադիզմը, որը հոգեկան թույլ կազմվածք ունեցող մարդկանց վերածում է մազոխիստների: Նմանատիպ նյութեր հրապարակելիս լինել զուսպ եւ ինֆորմացիան հաղորդել առանց զգայացունց մանրամասների ու կանանց եւ երեխաների լացի: Հայաստանցիների նյարդերն առանց այդ էլ լարված են: Երեք տասնամյակից ավելի տեւած ցնցումներից, սարսափելի աղետներից հետո մեր ժողովրդին անհրաժեշտ է վերագտնել հոգեկան հավասարակշռությունը: Որպեսզի նա ի վիճակի լինի տարբերել սեւը սպիտակից եւ կարողանա կառուցել իր երջանիկ ապագան:

Գրիգոր Էմին-Տերյան