Ռուս-ուկրաինակա՞ն, թե՞ քաղաքացիական պատերազմ  

Ռուս-ուկրաինակա՞ն, թե՞ քաղաքացիական պատերազմ  

Բանաստեղծ, վիպասան եւ արվեստագետ Կոստան Զարյանը (1885-1969) Հայաստանում ավելի հայտնի էր իր «Նավը լեռան վրա» վեպով: Ակտիվ սկսել է ստեղծագործել Իտալիայում ապրելու տարիներին (1910-1913)՝ սկզբում իտալերենով բանաստեղծություններ է գրել, առաջին ժողովածուն՝ «Երեք երգերը», լավ ընդունելության է արժանացել տեղի ընթերցասեր հասարակության կողմից: Իտալիայի վարչապետ, հանրահայտ Բենիտո Մուսոլինին (դուչեն) նրան առաջարկել է թոշակ՝ Հռոմում ծավալած գրական եւ մշակութային գործունեության համար, բայց Զարյանը հրաժարվել է: Զարյանն է իր հուշերում հետո գրել է, որ իտալացի հայտնի բանաստեղծներից մեկը հարցրել է, թե ինչ լեզվով է ինքն աղոթում կամ հայհոյում: Շամախիում ծնված ցարական գեներալ Քրիստափոր Եղիազարովի որդի, ռուսախոս Կոստանդինը, որ Վենետիկում էր սովորել հայերեն գրել-կարդալը, պատասխանում է՝ իմ մայրենիով՝ հայերենով: Իտալացին նրան խորհուրդ է տվել այսուհետ ստեղծագործել միայն հայերենով: Ինչին վերջինս հետեւել է, չնայած իտալերենից բացի կատարյալ իմացել է անգլերեն, ֆրանսերեն: Արտասահմանում ապրած տարիներին նա դասախոսություններ է կարդացել, պարբերականներ է հիմնադրել, նյութեր է խմբագրել այդ լեզուներով: 
Ինչու հիշեցի այս պատմությունը: Ռուս-ուկրաինական պատերազմի դրվագներին առնչվող որքան տեսահոլովակ էլ նայեք՝ դժվար թե կողմնորոշվեք, թե գործող անձինք որ կողմից են, եթե չերեւա համազգեստի թեւին ամրացված դրոշակը: Պատճառն այն է, որ երկու կողմն էլ խոսում ու անգամ հայհոյում է ռուսերենով: Եթե, իհարկե, նրանք վարձկաններ չեն: Պատերազմում սովորաբար ձեւ չեն անում եւ այդ պատճառով էլ խոսում (եւ հայհոյում) են հենց այն լեզվով, որը հարազատ է իրենց: 

Ըստ մարքսիզմի տեսության, ազգությունը հիմնականում բնորոշվում է լեզվով, տարածքով, կրոնով, նաեւ՝ պատմությամբ ու մշակույթով: Մնացածն ածանցյալ է հիմնական ասպեկտներին: Տարածքը, երբ արեւելյան սլավոններից առանձնանում էր «ռուսը», միասնական էր: Այնուհետեւ կես հազարամյակի չափով այն առանձնացավ, իսկ հետո կրկին միավորվեց: Հետո տեղի ունեցավ կրկին առանձնացում, ապա՝ կրկին միավորում եւ նորից առանձնացում: Այդ երկու ժողովուրդների կրոնն էլ է նույնը՝ ուղղափառը, եթե չհաշվենք Ուկրաինայի արեւմտյան մասում լեհական, իսկ հետո ավստրիական տիրապետության ազդեցությամբ տարածված կաթոլիկությունը: Եվ եթե բացառենք Արեւմտյան Ուկրաինայի բնակիչներին, որոնց շրջանում ժամանակի ընթացքում հստակորեն ուրվագծվել է հենց «ուկրաինականությունը», ապա արեւելյան, հարավային եւ որոշակիորեն՝ նաեւ կենտրոնական մասերում բնակվող մարդիկ համարյա նույն մշակույթի կրողն են: Կամ էլ միմյանց մեջ ներթափանցված մշակույթների կրող: Տիպիկ օրինակն ուկրաինացի Նիկոլայ Գոգոլն է, ով ստեղծագործել է ռուսերենով: Այդ թվում՝ ուկրաինական ժողովրդական հավատալիքների թեմաներով: 

Այլ հարց է, որ Ուկրաինայում պետականության ձեւավորման առաջին փորձի (1917-1918) եւ Խորհրդային Միությունից առանձնանալուց հետո (1917-1918) պետության ղեկը շատ արագ հայտնվել էր երկրի արեւմտյան մասի ներկայացուցիչների ձեռքում, ինչի արդյունքում ակտիվանում էր ռուսականությունից ազատագրվելու գործընթացը: Ինչին ականատես դարձանք նաեւ վերջին 1-2 տասնամյակում: Իսկ եթե մի կողմ է դրվում հակառուսականությունը, ապա հասկանալի է դառնում ռուսական ռազմական հատուկ գործողությանը կողմ լինելու ուկրաինական ֆենոմենը: Եվ այդ առումով շատ բնական է դիտվում Ուկրաինայի այն բնակիչների վարքագիծը, ովքեր 2004-ի «նարնջագույն» հեղափոխության ընթացքում հանդես են եկել որպես ուկրաինացիներ: Այնուհետեւ գիտակցել են սեփական ռուսական ինքնությունը եւ չեն ընդունել 10 տարի անց՝ 2013-2014 թթ.-ին, կրկնված, բայց արդեն «մայդանային» կոչված հեղափոխությունը: Եվ միացել են ռուսական կողմին: Հենց նրանց կարծիքով՝ Ուկրաինայում իրականում ընթանում է ոչ թե ռուս-ուկրաինական, այլ՝ քաղաքացիական պատերազմ: Եվ դրա պատճառն այն է, որ այդ պատերազմի մասնակիցների մի մասը ձգտում է դեպի ուղղափառ Ռուսաստան, մյուս մասը՝ դեպի ոչ ուղղափառ Արեւմտյան Եվրոպա: 

ՀԳ. Ուկրաինականի հակառակ տարբերակը լեհականն է: Շուրջ մեկուկես դար Ռուսաստանի կազմի մեջ ներառված Լեհաստանը միշտ մնաց առանձնացված: Այն նույնիսկ առանձին փոխարքայություն էր՝ ինչպես Անդրկովկասը: Բայց, ի տարբերություն վերջինիս, լեհական փոխարքան ռուսական թագավորական ընտանիքի անդամ էր: Նույնիսկ Վահան Տերյանն էր «Հոգեւոր Հայաստան» հոդվածում լեհական մշակույթն ու նրանց վարքը նշում որպես իրական հայրենասիրական՝ ի հակադրություն հայկականի: