Ով մի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ իրեն․ սուտասանն արդեն Գյումրի-Երևան ճանապարհին էր

Ով մի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ իրեն․  սուտասանն արդեն Գյումրի-Երևան ճանապարհին էր

Արդյոք քաղաքական խորը ճգնաժամն հաղթահարելու համար առաջիկա ընտրությունն անկյունաքարային Է․ ինչու ամեն ինչ այդքան վատ սցենարով ընթացավ։ Հայաստանյան ներքաղաքական խմորումների շուրջ hraparak.am-ին իր կարծիքն ու տեսակետն է հայտնում Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը։

«Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ խոստացավ, որ այլևս չի առաջադրվելու երկրի նախագահի և ոչ էլ մեկ այլ պաշտոնի և, հետևողականորեն ու հերթական անգամ խաբելու վճռականությամբ, գնաց դեպի Սահմանադրական փոփոխությունների՝ ձգտելով մոլորեցնել արդեն բազմաթիվ կեղծիքներից կուշտ ու հոգնած հասարակությանը և շրջանցել իր իսկ տված խոստումը։ Ակնհայտ է, որ հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայության առնվազն 70%-ը չէր աջակցում Սերժ Սարգսյանին՝ իր նախագահության տարիներին թույլ տված բազմաթիվ սխալների պատճառով։ Ակնհայտ է նաև, որ այն անդունդը, որը գոյացել էր հանրության և իշխանությունների միջև դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք, այլևս դարձել էր անհաղթահարելի, և, փոխանակ այդ երկու բևեռների միջև կամուրջ կառուցելու և այդ միջոցով մերձեցման փորձեր ձեռնարկելու, իշխանություններն անտարբերորեն և, որոշ դեպքերում, նաև՝ բռնի ուժով, հանրությանը ստիպեցին կամ շրջանցել անդունդը (հաստատ համոզված լինելով, որ ճանապարհի կեսին ուժասպառ կլինի և չի հասնի իրենց), կամ մնալ նույն տեղում և դոփել անճարության ճիրաններում, կամ էլ...՝ նահանջել, իմա՝ հեռանալ երկրից։ Սրանով պայմանավորված՝ երկրում աննախադեպ աճեց արտագաղթը՝ առաջ անցնելով քոչարյանական ժամանակաշրջանի արտագաղթին, որն իր հոսանքի տակ շարունակում էր տանել, բացի աշխատուժն ու մարդկային ռեսուրսները, նաև՝ միտքն ու մշակույթը»,-ասում է մեր զրուցակիցը՝ ասածն հիմնավորելու համար սեփական փորձից օրինակ բերում։

«Արտերկրում հաստատվելուց և հայկական միջավայր ստեղծելուց հետո, որպես իսպանահայ համայնքի ներկայացուցիչ, բազմաթիվ անգամներ եմ մասնակցել այն ժամանակվա Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպած միջոցառումներին, որոնցում, ի հեճուկս ինձ պարտադրված հարցերի, ես կառավարության անդամներին հնչեցրել եմ ինձ և բազմաթիվ իմ հայրենակիցներին հուզող հարցեր՝ սկսած ճանապարհաշինությունից, վերջացրած՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա միջոցների ոչ ճիշտ օգտագործման և վատնման վերաբերյալ։ Պարզ է, որ, ինչպես միշտ, անսպասելի հարցերին տրվել են ոչ սպառիչ և անբավարար պատասխաններ։ Սա ասում եմ նաև նրանց համար, ովքեր անընդհատ հին երգն են երգում, ասելով՝ բա էն որ խոսեիք, ինչի՞ էն ժամանակ չէիք ասում։ Ինչևէ, գալով բուն թեմային, ասեմ, որ աճող արտագաղթի և ծնելիության կտրուկ անկման պայմաններում, պարզ է, որ տնտեսության անկումն ավելի սկսեց խորանալ, որը նաև հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման պատճառ հանդիսացավ, որը, բացի նրանից, որ հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ, նաև հետախուզական և ուժերը ստուգելու բնույթ էր կրում՝ սպասվելիք և տարածաշրջանում մեծ ու փոքր խաղացողների համար արդեն ակնհայտ դարձած անխուսափելի պատերազմի նախօրեին։Հակամարտող և տարածաշրջանում շահեր ունեցող երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունները, այդ թվում նաև՝ Հայաստանինը, գիտեին, որ պատերազմը վաղ թե ուշ սկսվելու է, և, այդուհանդերձ, Հայաստանի իշխանությունները, փոխանակ հավուր պատշաճի պատրաստվելու, զբաղված էին հանրությանը դրանով վախեցնելով։ Սա նաև այն դեպքում, երբ հենց ինքը՝ նախկին նախագահը, խոստովանել էր, որ ապրիլյանի ժամանակ մեր բանակը կռվել է 80-ականների զենքով՝ առանց մտածելու և հասկանալու, որ հենց նույն հանրությունն իրեն մի պարզ հարց կարող է ուղղել՝ իսկ ինչու՞։ Բա ու՞ր մնաց մեր տարածաշրջանում ամենամարտունակ բանակի միֆը։ Խոսքս Հայոց բանակի զինվորին չի ուղղված, քավ լիցի, այլ այն բանակի միֆը ստեղծողներին, ովքեր նույնիսկ պատերազմով սպառնալիս էին հակասում իրենք իրենց։ Հայ զինվորը քաջ է, այո՜, սակայն 21-րդ դարի պատերազմը խրամատում չէր լինելու, և դա գիտեր օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ահա այս խորացող ճգնաժամի պայմաններում, որի ընթացքում իշխանությունները զբաղված էին տնտեսության զարգացման ցուցանիշներ նկարելով, երբեմն նաև՝ երկնիշ թվերի տեսքով, որոնք, սակայն զարգացող և զարգացած երկրների հետ համեմատելով, զրոյական, երբեմն նաև՝ բացասական ցուցանիշ է արձանագրում, Սերժ Սարգսյանը, ոչ տարավ, ոչ բերեց, և ասաց, որ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։ Եվ տեղի ունեցավ այն, ինչին ականատես եղանք բոլորս»- նշում է հայ համայնքի նախագահը՝ ափսոսանքով խոստովանելով․

«Անձամբ ես, եթե ոչ ուղղակի, ապա գոնե անուղղակիորեն, այժմ արդեն հանդգնում եմ այն անվանել, իշխանափոխության ջատագովն ու մասնակիցն եմ եղել։ Այն աստիճանի էի հավատում հեղափոխությանը, որ նույնիսկ տպագրվելիք նոր գիրքս նվիրեցի դրան։ Եվ գիրքս արդեն տպագրված էր, երբ, ապրիլ-մայիսյան դեպքերից մի քանի օր անց, ժողովուրդը հայտարարեց, որ հունիսի մեկին հավաքվելու է Հանրապետության հրապարակում՝ նշելու Նիկոլի ծնունդը։ Երևի կհիշեք իմ քննադատական մոտեցումը տվյալ երևույթին, որի վերաբերյալ գրված իմ հոդվածներն ու հարցազրույցները հրապարակվեցին մամուլում։ Իմ բազմաթիվ ծանոթների և մտերիմների համար, մտքերս նույնիսկ հակապետական թվացին, որի պատճառով էլ շատերի համար ոչ միայն անընկալելի, այլ նաև՝ անցանկալի դարձա։ Իսկ իմ ցանկությունը միայն մարդուն չաստվածացնելն էր և, իհարկե, պահանջը՝ 24/7 ռեժիմով աշխատելու և երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս հանելը։ Որպես մասնագիտությամբ պատմաբան, ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ ասել է հեղափոխություն։

Ուստի հենց առաջին իսկ ամսվանից սկսած՝ սկսեցի բարձրաձայնել այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են կրթությունը, բժշկությունը, մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, ծնելիության խթանումը, ներգաղթը, դատարկված գյուղերի վերաբնակեցումը և այլն... Այս ամենը հնչեցնում էի՝ ակնկալիքով, որ նոր իշխանությունների համար լսելի կլինեն հանրության մեծամասնության պահանջները։ Այնինչ, ինձ և իմ նման մտածողներին սկսեցին հակադարձել ոչ միայն, այսպես կոչված, սպիտակները, այլև հենց նույն խնդիրների մեջ թաղված ու բազում պրոբլեմներով տառապող մարդիկ, ովքեր անհիմն պատճառաբանություններ էին առաջ քաշում՝ սաղ թալանել են, փող չկա, թող աշխատեն, մի խանգարի և այլն...։ Եվ թմբիրում դեգերող մարդուն բացատրել, որ եթե տարեկան բյուջե գոյություն ունի, ուրեմն հատկացված գումարով պետք է իրականացվի նախատեսված աշխատանքը, հավատացեք՝ շատ դժվար էր (և է)։ Երբ արդեն ակնհայտ դարձավ, որ սպիտակները, իրենց անգույն, անհայրենիք, մեծամիտ և դեմագոգ դեմքերով, ամենևին էլ չեն եկել խնդիրները լուծելու, այլև իրենց ապրուստը, պարգևավճարներն ու բարեկեցիկ կյանքը հոգալու, հասարակության առավել գիտակից մասը սկսեց կառավարությանը դեմ տալ պատին՝ պահանջելով խոստումների իրագործում։

Հենց այդ ժամանակ էլ Փաշինյանը դեմագոգիայից և պոպուլիզմից սահուն անցում կատարեց հարձակման՝ երկրի անհաջողությունների մեջ մեղադրելով արդեն չքավորության եզրին կանգնած մարդկանց՝ ասելով․ «Աղքատությունը ձեր գլխում է»։ Ասել է, թե՝ նախկինների հետ նաև դուք եք մեղավոր, որ երկիրն այս վիճակում է։ Դե իսկ աղքատությունն ու արտագաղթը չէին դադարում աճելուց։ Երկրի ներտնտեսական ճգնաժամն անշուշտ իր ազդեցությունը թողեց նաև արտաքին հարաբերություններում, որտեղ անհեռատես քաղաքականության հետևանքով՝ Հայաստանը կորցրեց վստահությունը ոչ միայն դիվանագիտական դաշտում, այլ նաև՝ տնտեսական, սոցիալական, ներդրումային, մշակութային և այլ ոլորտներում։

Մյուս կողմից էլ, այսպես կոչված ժողովրդավար Արևմուտքի աչքին լավը երևալու համար, նորանշանակ, նորելուկ և բազմաթիվ անհայտ գրանտներից օգտվող նախարարները սկսեցին հարձակում գործել հայկական մշակույթի, հայ արժեքների, ավանդույթների և, ընդհանրապես, հայկականության վրա։ Գնալով ամեն ինչ ավելի ակնհայտ էր դառնում. իշխանափոխությունը միտված էր երկիրը կոլապսի տանելու, պատերազմի միջոցով՝ մեր ինքնությունը տրորելու և անդամահատելու։ Այս պայմաններում ջրի երես բարձրացավ թավիշի իրական դեմքը՝ թուրքամոտությունը, որն, ըստ դրա ջատագովների, հնարավորություն կտա լավ ապրելու։ Թրքամետությունն այնքան ցայտուն է արտահայտված իշխանությունների մոտ, որ ակտիվ պատերազմից (մենք դեռ պատերազմի մեջ ենք) հետո ոչ միայն թուրք-ադրբեջանական հոխորտանքներին պատասխաններ չեն հնչում կառավարության կողմից, այլև ակնհայտորեն արդեն փորձ է արվում մոռացության տալ ցեղասպանությունն ու մեր պահանջատերի կարգավիճակը»։  Հայ համայնքի նախագահը այս խոսքերից հետո  հանկարծ հիշում է մի դեպք․  «Բոլորովին վերջերս Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որի մասին գիտի ողջ աշխարհը։ Եվ ահա, այս իրադարձության նյութն ուղարկում ենք Հ1 և հարցնում՝ արդյո՞ք եթեր կտրվի։ Մեզ պատասխանում են՝ չենք կարծում, քանզի մեր օրակարգը փոխվել է։ Ի դեպ, անցած տարվա ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների ժամանակ, հենց նույն կառավարության կողմից փորձ է արվել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից հանել  «պահանջում» տերմինը, որը, սակայն, անմիջապես ակներև դարձավ՝ հատկապես Սփյուռքի կողմից»։

Արարատ Ղուկասյանի կարծիքով՝ ասելիքները շատ են, սպասելիքներն սպառված․ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել մեր հայրենակիցներին (հատկապես նրանց, ում հիշողությունը կարճ է). կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի, նախկին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի, ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և մյուսների ձեռամբ ու լեզվով, մեզ խաբել են գրեթե 3 տարի, այնուհետև՝ 44 օր և խաբում են հիմա՝ գրեթե 5 ամիս։ Սա էր հենց Սերժ Սարգսյանի անհեռատես քաղաքականությունը, որով նա եկավ Ազգային Ժողով, մի երկու ժամ նստեց, թուքումուր կերավ, մի կես ժամ էլ քնեց և, անուղղակի հայտարարեց, թե ով մի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ իրեն։ Այդ սուտասանն արդեն ճանապարհին էր՝ Գյումրիից գալիս էր Երևան»։ Խոսքի ավարտին անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Արարատ Ղուկասյանը նշեց․ «Ցանկությունս է՝ հավատալ ընտրությունների մաքուր, ազնիվ և անաչառ լինելուն, սակայն ներհայաստանյան վերջին իրադարձությունները մտավախություն են առաջացրել իմ մեջ, որ հնարավոր է նորից կրկնվեն արդեն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հաստատված ընտրակեղծարարության ավանդույթները։ Ամեն դեպքում, ցանկությունս է, որպեսզի մասնակցությունը մեծ լինի, որպեսզի պոպուլիստները վերարտադրվելու հնարավորություն չունենան։ Շատացել է այն մարդկանց թիվը, ովքեր ասում են՝ բոլորը ստախոս են, ուստի չեմ մասնակցելու ընտրություններին։ Սա չարիքը վերահաստատելու ամենակարճ ճանապարհն է։ Ուստի, առանց քարոզելու որևէ կուսակցության ընտրությունը, հորդորում եմ բոլորին մասնակցել ընտրություններին՝ այդպիսով թեկուզ և փոքրիկ լուման ներդնելով պետականակառուցման գործին։ Համոզված եմ, որ գիտակից մարդիկ, ովքեր իրապես անհանգիստ են մեր երկրի համար, ճիշտ ընտրություն կկատարեն»։