Ընդդիմության «եռամիասնությունը». կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը

Եվրասիական տեղեկատվական լիգայի կայքում տեղադրված է մի հետաքրքիր, 3-ամյա վաղեմության, հրապարակում (09 ապրիլ, 2018 թ.). «Հայկական ընդդիմության «կարապը, խեցգետինը և գայլաձուկը», որտեղ հանդիպում է այսօրվա համար արդիական մի նկատառում. «… հայկական ընդդիմությունը, չնայած առաջին հայացքից ընդհանուր նպատակներին, հայտնվեց Կռիլովի առակի հերոսների դերում՝ հնչեցնելով իշխանության հետ պայքարի տարբեր սցենարներ և չկարողանալով (արդեն ավանդաբար) միավորվել հանուն ընդհանուր նպատակի»:
Հետգրության մեջ հոդվածագիրը գրում է. «Կարելի է կանխատեսել, որ ընդդիմության բողոքի ակցիաները զանգվածային չեն լինի, ինչը նրանց հնարավորություն չի տա ճնշում գործադրել իշխանությունների վրա: Եվ, թեպետ, հասարակությունում կա ուժեղ դժգոհություն իշխանություններից, որոնք ունակ չեն արդյունավետ լուծելու երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, նա (հասարակությունը-Գ.Վ.) հիասթափված է նաև ներկա ընդդիմադիր առաջնորդներից, չի հավատում իշխանությունների հետ պայքարը մինչև վերջ հասցնելու նրանց պատրաստականությանը:
Եվ ներկայիս իրադարձությունները. սեփական ամբիցիաները չափավորելու և ընդհանուր գաղափարի (որը խոսքով նրանք դեռ պաշտպանում են և համարում կարևոր) շուրջ միավորվելու՝ ընդդիմադիր առաջնորդների անկարողությունը, միմյանց հասցեին նրանց մշտական մեղադրանքները՝ իշխանությունների հետ գործարքի մեջ (ինչն ակտիվորեն տարածվում է պրոկառավարական ԶԼՄ-ների միջոցով), ինչպես նաև հիշողությունն ակցիաները «ջրած» ընդդիմադիր առաջնորդների մասին, սոսկ ավելի է ուժեղացնում մարդկանց հիասթափությունը: Դրա արդյունքը կլինի փողոցային ակցիաներում մասնակցել ցանկացողների թվաքանակի հետագա նվազելը»:
Այս հրապարակման մեջ արված կանխատեսումը, փաստորեն, ժամանակի քննությունը չբռնեց, թեպետ տրվել է իրավիճակի համարժեք գնահատական, բայց ոչ 2018 թվականի այլ 2021-ի: Կարծում ենք բոլորովին կարիք չկա տալ ներկայիս փողոցային ակցիաների գնահատականը, որովհետև հետգրության երկրորդ պարբերությամբ ասվածը գրեթե համապատասխանում է ներկա իրավիճակին:
Խնդիրն այլ տեղում է: «Հասարակությունում կա ուժեղ դժգոհություն իշխանություններից, որոնք ունակ չեն արդյունավետ լուծելու երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները», ասված է այժմ արդեն «նախկինների» մասին (որոնց կատարած սխալները ճակատագրական եղան պետության համար): Հետաքրքիր կլիներ անցկացնել սոցիոլոգիական հարցում հանրապետությունով մեկ: Այլ հարցերի շարում կարելի է ձևակերպել հետևյալ հարցը. «Եթե ընտրության հնարավորություն լիներ՝ պատերազմ և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների էլ ավելի սաստկացում, թե մեկ տարի առանց եկամտի (կենսաթոշակից մինչև աշխատավարձ», որը կլիներ ձեր ընտրությունը. ա) պատերազմ և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների էլ ավելի սաստկացում, բ) մեկ տարի առանց եկամտի: Փաստորեն, 2018-ին հասարակությունն ընտրել է (ա) –ն, իսկ այժմ որը՞ կլինի նրա ընտրությունը: Կարող է թվալ պարադոքս, բայց միանշանակ չէ:
Հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին: Քաղաքական, առանց այդ էլ քարքարոտ դաշտում մոլեգնեց փոթորիկը. ավելի ուժգնացան կուսակցությունների և տարբեր ալյանսների ստեղծման գործընթացները, իսկը բջիջների տրոհման նման: Ոչ թե հասարակության միավորում, այլ՝ տրոհում՝ մինչև դեռևս գիտությանն անհատ նվազագույն մասնիկներ: Հայտնվում են անուններ, որոնք «տրոյական ձիեր» են լինելու: Քիչ, թե շատ տրամաբանող մարդիկ հասկանում են, որ նման զարգացումները լավ հանգրվան չեն կարող ունենալ: Անկախացումից ի վեր Հայաստանն այսքան ներքին և արտաքին սպառնալիքներ չի ունեցել ու դա ոչ-ոքի չի հետաքրքրում: Ոչ-ոք չի ընդունում ոչ մի հեղինակություն. բոլորը բոլորին մրոտում են: Զուր են սթափության կոչերը: Սա է մեր հոգեկերտվածքը: Ամեն մեկը ցանկանում է ստանձնել ընդդիմության առաջնորդությունը, բոլորը բոլորին առաջարկում են միանալ իրենց շարժմանը: Իսկական «կարապի, խեցգետնի և գայլաձկան» միասնություն:
2018 թվականից, գուցե մի փոքր էլ դրանից առաջ, երբ մեկնարկեցին այսպես կոչված «հին մտածելակերպով» (պարտադիր չէ խորհրդային, թե կոմունիստական) մարդկանց ամենուր դուրսմղելու գործընթացները, նրանց արևմտյան արդյունավետ լվացքի միջոցներով (լիդերության դպրոցներ, տարբեր տեսակի թրեյնինգներ) «ուղեղները լվացած» երիտասարդներով (խախտելով սերնդափոխության բնականոն ընթացքը. դեռ 30-ը չբոլորածը կարող է լինել նախարար, պատգամավոր, խոշոր պետական կազմակերպության ղեկավար), արդեն պարզ էր, որ այդ, դեռևս դեղնակտուց, չփետրակալած, և նույնիսկ, կոտրված թևերով (կրթության չդադարող, անպատասխանատու, ազգային բովանդակություն և արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու բաղադրիչ չպարունակող վերափոխումները, ԶԼՄ-ներում այլասերող և հուսահատեցնող պրոպագանդան կայունորեն հաշում էր սերունդ առ սերունդ՝ կատարելով իրենց գործը: Կոտրում են ոչ միայն թևերը, այլև աղտոտում հոգիները:) երիտասարդները «կարապն» են:
Օլիգարխները «խեցգետինն» են (բազմիցս մենք արտահայտել ենք մեր կարծիքն առ այն, որ տեղի է ունեցել կապիտալի նախսկզբնական կուտակում և պետք չէ խոշոր գործարարներին բացասաբար վերաբերվել, բայց…)՝ արյունալի, բայց 1990-ականներին նվիրաբերված, ուրիշի հաշվին, թող գարշահոտ, միանգամայն հագեցնող «հացով» սնված: Ազգային ու իրապես մարդկային արժեհամակարգով, կատաստրոֆիկ զառամյալ, բարբարոսական կենսաթոշակային համակարգի հաճույքները գնահատած և այդ պատճառով հոգնած, սարսափելի հիվանդ, մահացող խորհրդային սերունդը գայլաձուկն է (նշված որոշ բնորոշումներ համացանցից են):
Եթե ֆիզիկայի տեսանկյունից դիտարկվի այս խնդիրը, ապա պետք է նկատի ունենալ, որ ուժերը հավասար չեն ու չափվում են ոչ թե նյուտոններով, այլ դոլար-դրամներով, իշխանական լծակներով, ազնիվ մղումներով, ազգային ու համամարդկային արժեքներով…
Այսպես, ահա, բզկտված Հայաստան-Արցախը տարբեր կողմեր են քաշում չափազանց հաբրգած օլիգարխները, չապաշխարող, շփոթված երիտասարդները, մահացող խորհրդային սերունդը: Այս ամենը ծիծաղելի չէ, տխուր էլ չէ, այլ սարսափելի է:
Հ.Գ.Իրավիճակն էլ ավելի բարդ է, եթե նկատի ունենանք, որ գոյություն ունի «կարապի, խեցգետնի և գայլաձկան» նման ևս մեկ «եռամիասնություն»՝ իշխանության: Առաջինը Վարչապետի փոքրաթիվ մերձավորներն են, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցնում, երկրորդը սորոսականներն են, որոնք ոչ պակաս դիրքեր ունեն: Երրորդը իրավապահ համակարգն է կամ այսպես կոչված ուժայինները (ինչպես երևաց՝ բացառությամբ բանակի), գումարած «հարկայինը» (պետական եկամուտների կոմիտե): Այս երրորդ խումբը քաղաքական որևէ նախապատվություններ չունի և կարող է ազգային հայացքներից հեշտությամբ շեղվել դեպի «արևմտյան արժեքներ» և հակառակը: Հետևաբար, որոշ զարգացումների դեպքում, վճառական պահին, Վարչապետի կողքին կմնան միայն իր փոքրաթիվ մերձավորները:
Նկատի ունենալով այն, թե հայտարարված ընտրություններից ինչ «սարսափելի» ակնկալիքներ ունեն որոշ առանձնյակներ կամ ուժեր, գուցե չարժեր գնալ դրան: Ինչ լինելու էր, թող լիներ, որովհետև պետությունը կարող է ավելի անկանխատեսելի վտանգավոր իրավիճակում հայտնվել, եթե, իհարկե, կարապը, խեցգետինը և գայլաձուկը «լեզու չգտնեն» միմյանց հետ, եթե լինի ապաշխարանք, եթե հասարակությունում հաստատվի հանդուրժողականության մթնոլորտ:
Գագիկ Վարդանյան
Կարծիքներ