Սյունիքի միջանցքի գիծը կարող է հայ-ռուսական դաշինքը լինել

Սյունիքի միջանցքի գիծը կարող է հայ-ռուսական դաշինքը լինել

Հայաստանում, իհարկե, հասկանում են, որ Հայաստանն ամենեւին էլ այն երկիրը չէ, որը կարող է հազարամյա պետականության ավանդույթներ ունեցող եւ առնվազն մի քանի դար կայսրություն ձեւավորելու ու պահելու ճանապարհներին իր դասերը ստացող Ռուսաստանին սովորեցնել, թե ինչն է իր համար լավ եւ ինչը՝ վատ:

Սակայն, հաշվի առնելով այն, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն Ադրբեջանը կարող է Հայաստանից վերջնագրով, այսպես ասած՝ Սյունիքի միջանցք պահանջել եւ նկատի ունենալով այն, որ Հայաստանն այս հարցում հայ-ռուսական դաշինքից աննախադեպ աջակցություն ստանալու բոլոր ակնկալիքներն ունենալու իրավունքն ունի, Հայաստանի համար շատ կարեւոր է դառնում, որ նա հենց հիմա, այդ հանդիպման նախօրեին, իր ռազմավարական դաշնակցին հասկանալի լեզվով բացատրի, որ Սյունիքի միջանցքն այն գինն է, որը հայ-ռուսական դաշինքի համար Հայաստանը չի կարող եւ չի վճարի:

Իհարկե, Հայաստանում լավ են հասկանում, թե աշխարհաքաղաքական ներկայիս իրողություններում Ռուսաստանի համար որքան կարեւոր են հաղորդակցության հարավային ուղղությունները: Բայց նաեւ հասկանում են, որ ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ռուսաստանն իրենց կարճաժամկետ դժվարությունները հաղթահարելու համար իրավունք չունեն թուրք-ադրբեջանական տանդեմին այսպիսի անհարկի զիջումներ անել, որոնք կարող են երկարաժամկետ առումով ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին ավելի լուրջ մարտահրավերների առաջ կանգնեցնել: Իսկ որ հայ-ռուսական դաշինքը վաղ թե ուշ այդ մարտահրավերները կունենա ո՛չ Երեւանում եւ ո՛չ էլ հատկապես Մոսկվայում, չպետք է կասկածեն:

Այս տեսակետից Սյունիքի միջանցքի հետ կապված գործընթացները Հայաստանը ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմին անհարկի զիջումներ չանելու, այլ նաեւ հայ-ռուսական դաշինքին հավատարիմ մնալ կամ չմնալու տեսակետից է գնահատում: Եվ ավելորդ չենք համարում առանձնահատուկ կերպով շեշտել, որ Հայաստանի կողմից այդպիսի կատեգորիկ կեցվածքի որդեգրումն ամենեւին էլ Հայաստանի քմահաճույքներով պայմանավորված կեցվածք չէ: 
Հարցն այն է, որ Արցախն ու Սյունիքը կորցրած Հայաստանը (իսկ Սյունիքում թուրք-ադրբեջանական տանդեմին արտատարածքային միջանցքի տրամադրումը Հայաստանի համար հավասարազոր է Սյունիքի կորստին) այլեւս ուրիշ մարտահրավերներ ունեցող եւ ուրիշ երկիր կլինի:

Այն կդառնա մի երկիր, որը կորցնելով տարածաշրջանում ընթացող քաղաքական եւ կոմունիկացիոն-տնտեսական գործընթացներին մաս կազմելու իր բոլոր հնարավորությունները՝ ստիպված կլինի իր քաղաքականության առաջնային օրակարգը «դեմոկրատիա առնել կամ ծախելը» դարձնել: Իսկ այդ դեպքում այստեղ` Հայաստանում, այնքան էլ վստահ չեն լինի, որ «դեմոկրատիա առնող կամ ծախող» Հայաստանի օրակարգային առաջնահերթություններում ամենանպատակահարմարը հայ-ռուսական դաշինքին առաջնություն տալը կլինի:

Այնքան էլ վստահ չեն լինի, որովհետեւ՝ ինչ-ինչ, բայց Հայաստանում լավ գիտեն, որ Ռուսաստանն ամենեւին էլ այն երկիրը չէ, ուր կարելի է «դեմոկրատիա առնել կամ ծախել», առավել եւս՝ ում հետ կարելի է «դեմոկրատիա առնելով կամ ծախելով» դաշնակցային հարաբերություններ ունենալ եւ խորացնել:

Գալուստ Սարգսյան