Չի բացառվում, որ մանդատից էլ հրաժարվեմ․ Իմ պայքարը առանց պաշտոնի էլ է շարունակվելու

Չի բացառվում, որ մանդատից էլ հրաժարվեմ․ Իմ պայքարը առանց պաշտոնի էլ է շարունակվելու

«Իրականում մեր երկրի ներկայիս ընթացքը՝ կապված մեր ինքնորոշման, գոյատևման  և պետականության պաշտպանության խնդիրներով, լի է սպառնալիքներով։ Դրանք քողարկվում են օրվա իշխանությունների գաղտնի պայմանավորվածություններով, իսկ այն մասը, որ այս կամ այն կերպ գալիս է օրակարգ, այդ էլ փորձում են օրվա իշխանությունները քողարկել կեղծ օրակարգերի ներքո։ Այսինքն՝ բերում է հանրային դիսկուրս արդեն ծեծված, հնամաշ օրակարգեր՝ հներ, նախկիններ, թալան և այլն, և փորձում է հնարավոր բոլոր ուղղություններով՝ մեղավորներ կարգելով, իրեն արդարացնել։ Որոշ ինտրիգներ է փորձում մտցնի՝ ցույց տալով, թե տեսեք ես ուժեղ եմ, զրկում եմ ընդդիմադիրներին իրենց մանդատներից, պաշտոններից և այլն։ Չնայած նրան, որ անընդհատ քննարկումներ են անում, այնուամենայնիվ իրենց տեսակը վախկոտ է։ Իրենք այնպես չի որ կարող են վճռական քայլերի գնալ։ Իրենց ամենամեծ վախն այն է, որ կարող է իրենք պաշտոնազրկվեն, որովհետև այդպիսի պարագայում վրա է հասնելու բարոյական, իրավական նաև հնարավոր բոլոր տեսակի պատասխանատվությունները։ Եվ այդ վախի դիմաց իրենք պատրաստ են ամեն ինչի՝ ոտնահարել ժողովրդավարական արժեքները, հայրենիքը կտոր-կտոր հանձնել, թշնամու օրակարգ սպասարկել։ Իրենց համար իրենց կաշին ամենաթանկ բանն է, իսկ այդ կաշին փաստացի պահվում է այսօր իրենց պաշտոններով, իրենց լծակներով»,-մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Վերջինիս խոսքով իշխանությունները նման գործելաոճով նաև հանրությանը փորձում են շեղել իրենց իրական օրակարգի գործընթացներից։

Պատգամավորն ասում է՝ իսկ մենք նրանց օրակարգի հետ որևէ կերպ չենք առնչվում և չենք էլ սպասարկելու իրենց շահերը, որովհետև իրենց օրակարգը մեր հիմնական նպատակների հետ կապ չունի։ Եվ որպեսզի իրենք այդ «խաղալիքով» շատ չուրախանային, դեն շպրտեցինք իրենց այսպես ասած պատկերացրած «խաղալիքը» մեր վարչական պաշտոնները, որոնք ընդդիմությանը տրված պաշտոններ էին։ Հիմա, քանի որ մեր երկրի սահմանադրությունը և օրենքները վաղուց չեն գործում, դրանց  պահանջներն ամբողջությամբ փոխակերպվել են այսօրվա իշխանության գլխին կանգնած մեկ մարդու կամքին ու իր ասածով են առաջնորդվում։ Իրավական և բարոյական առումով և ընդհանրապես ժողովրդավարական ընթացքի տեսանկյունից ի՞նչ է նշանակում ընդդիմությանը սահմանադրությամբ օրենքներով վերապահած պաշտոններից զրկելը։ Սա կարող էինք փորձել քննարկել, եթե ինչ-որ աղերս ունենար մեր այս իրավճակը իրավական պետութայն հետ։

Ավետիսյանն ընդգծում է, որ հիմա գտնվում ենք փնթի բռնատիրության փուլում։ Պետք է համակերպվեք, որ մեկ անձի իշխանություն է, և այդ մեկ անձը ինչպես ցանկանում է, այնպես էլ ողջ իրավական համակարգը, և այդ անձին կցված քաղաքական խմբակն այնում է այդ։ Սա է իրավիճակը և սա արվում է ողջ աշխարհի աչքի առաջ՝ օրը ցերեկով։ Այն փոքր նշույլները, որ կային դեռևս պահպանված և գոնե ձևական բնույթով, ակներև ոչնչացում են ժողովրդավարության վերջին մնացորդները։

«Մյուս կողմից էլ հանրության համար ակնհայտ դարձավ, որ մենք այդ պաշտոնների գերի չենք։ Այսօրվա իշխանություններն են գերի իրենց ապաշնորհության, իրենց պոպուլիզմի, անկարողության և ի վերջո հակահայ գործողությունների ձեռքը։ Եվ այդպես գերի էլ կման, մինչև, որ կհեռանան։ Իմ մասով ասեմ, որ ես տարբեր պետական պաշտոններ եմ զբաղեցրել։ Համենայնդեպս, փորձել եմ ծառայել, ոչ թե պաշտոնը ծառայեցրել։ Լավ թե վատ որոշակի գնահատականներ կան։Ամեն ինչ արել ենք մեր գործը պատշաճ կերպով իրականացնելու։ Այդ վարչական պաշտոնները պետք է ծառայեցվեին մեր ժողովրդի և մեր դիմադրության շարժմանը։Նոյեմբերի 9-ից հետո պաշտոն չունեինք, բայց պայքարում էին ու էլի պիտի պայքարենք, և վճռականությամբ շարունակելու ենք։ Սա շատ արագ դուրս կգա քննարկման օրակարգից։ Մենք միանգամից մի փուլում ավարտեցինք իրենց կինոն, որով ուզում էին օրակարգ հագեցնել»,-ասաց Ավետիսյանը։

Մեր այն հարցին, արդյոք պատրաստվո՞ւմ են մանդատներն էլ վայր դնել, Ավետիսյանն ասաց «Մանդատն ու պաշտոնը ինքնանպատակ չեն։ Դրանք հստակ գործիքներ են և հնարավորություններ, որ ծառայեցվեն մեր այսօրվա պայքարին և հիմնական նպատակին։ Եթե մենք դուրս ենք եկել հայրենիքի համար վճռական պայքարի,որպեսզի չկորցնենք մեր ինքնությունն ու պետականությունը, այդ բարձրությունից, որ նայում ես մանդատի խնդրին, այն կորցնելուն, դրանք չեն երևում։ Այո, միանշանակ, եթե պիտի գնաս իրենց օրակարգով, որոնք կարմիր գծեր են հատել չի բացառում,։ Մենք գնում ենք մեր օրակարգով՝ վճռական առաջ, այլընտրանք էլ չունենք»։