Հիշի՛ր և խեղճ մի՛ եղիր

Հիշի՛ր և խեղճ մի՛ եղիր

Ստորև ներկայացնում ենք արձակագիր Հովհաննես Մելքոնյանի (1937-2009) անցյալ դարի 80-ական թվականներին գրի առած խոհերից, որոնք տեղ են գտել հեղինակի 1990 թվականին հրատարակված «Քարոզարան» գրքում և որոնք վերաբերում են նաև այսօրվա Հայաստանի ու հայ հասարակության առջև կանգնած մարտահրավերներին՝ «խաղաղասիրությանը», հայրենի հողի գիտակցմանը կամ դրա բացակայությանը, շարունակ զիջելու պատրաստակամությանը:

Գառին տանում են մորթելու, իսկ նա դունչը երկարում է ճամփեզրի խոտերին՝ արածում է: Ինչո՞ւ ես արածում, ա՜յ գառ: Ես հաճախ մտածում եմ, ինձ համար առեղծված է՝ ահա գառին տանում են մորթելու, ահա կապել են ծառից, մի գառնամորթ մարդ դանակն է սրում…: Իսկ գառին ի՞նչ ասեմ, որ այս ամենին անտարբեր, ականջ չդնելով սրվող դանակի և սրաքարի հանած դաժան սվվոցին, ուշք չդարձնելով բրգաձև կիտված խարույկի չորչորուկ փայտերին, արածում է, ժամանակ առ ժամանակ գլուխը ծաղիկ խոտից կտրելով՝ նայում է շուրջը …: 

Ոճրագործի մերկացրած սրի առաջ ծնկի եկողը և գութ աղերսողը նույն այն գառն է, որին մորթելու են տանում և ինքը այդ ամեն ինչին անտարբեր արածում է իր խոտը: Գութ մի՛ աղերսիր, ա՜յ մարդ: Խոտ մի՛ արածիր, ա՜յ գառ: Եվ հողդ առանց կռվի ոճրագործ թշնամուդ մի՛ հանձնիր:

***

Ես ասացի գերանին.

 «Գերա՛ն, քեզ սղոցը կտրելով՝ երկարդ դարձրել է կարճ, լայնդ դարձրել է նեղ, բայց արի կլինի մի կողմ դիր վրեժ ու թշնամանք, հաշտվիր սղոցի հետ»:
Գերանը՝ անլեզու-անբերան գերանը, իր ոստերով, որ իր աչքերն են, խոլոր նայեց ինձ, և ես հասկացա, որ նա թքած ունենա իմ հաշտարարական խորհրդի վրա:
Իսկ ահա դու, ոչնչական գաղափարախոս, թուրքացու, խորհուրդ ես տալիս, որ իմ արյունը հանող, իմ հողը լայնք ու երկայնքով հատող մսեղեն սղոցի՝ թուրքի արածները մոռանա՞մ և ասե՞մ՝ եղածը եղել է, եղած անցած է: 

***

Խեղճ մի՛ եղիր, հազար անգամ կասեմ ու շարունակ կասեմ. խեղճ մի՛ եղիր: Խեղճ մարդիկ ակամա բռնության ու չարի կողմից են: Խեղճի երկար ու երջանիկ կյանքը չարժե խիզախի կյանքի մեկ օրը, թեկուզև այն օրը, երբ նա կանգնած լինի կախաղանի պարանի օղը վզին: Լեռան կատարի ու դաշտի ձյուները նույն ձյունն են, բայց բնույթով ու բնավորությամբ ուրիշ են՝ լեռան ձյունը խիզախ ու համառ է, երկար ժամանակ չի հալվում, մնում է իր բնավորված տեղում, իսկ ներքևների խեղճ ձյուները հալվում գնում են՝ ուր որ պատահի:
Լեռան ձյուն եղիր, ներքևի շուտ հալվող գաղթող ձյուն մի՛ եղիր: Գաղթող մի՛ եղիր, գաղթական մի՛ եղիր:

***

Հիշի՛ր, որ չկորչես:
Հիշի՛ր, որ չկորցնես տուն, այգի, հող, երկիր, գերեզման:
Նահանջել ես: Նվազել ես: 
Հեղեղները հողդ քշել են: 
Հիշի՛ր վերադարձի համար, վերադառնալու համար: Գնալ որ կա տնից, տուն վերադառնալ էլ կա: Հիշի՛ր ճանապարհները, որոնցով նահանջեցին պապդ, որոնցով գաղթեցին նախորդներդ, հիշի՛ր, որ վերադառնաս: Հիշիր թշնամուն զիջած սարերդ, քարերդ, դաշտերդ, քռաներդ, որոնց վրայով ձմեռներ են անցնում: Հիշի՛ր յաթաղանակիր ու յաթաղանասիրտ ոսոխին ավար թողած լեռուսարերդ, դաշտուձորերդ, գետուծովերդ: Հիշի՛ր, որ վերադառնաս:

***

Փոշինե՜րը: 
Նրանց մեջ ժայռերից սերածներ կային, քարերից ու սրսուռ հողերից սերածներ: Նրանք մասն էին, ով գիտե, ո՞ր ժայռի, ո՞ր սարի, ո՞ր քարի, ո՞ր սրսուռ հողի: Փոշիների մեջ շունչ ու հոգի չկա՝ մեռած ժայռ են, սպանված քար, ծեծկված սրսուռ հող: 
Ժայռ էինք մեր հողի վրա՝ ամուր ու անշարժ նստած, քար էինք, սրսուռ հող էինք… Փոշի դարձանք ու քամին մեզ ցրիվ տվեց: Բնիկ էինք՝ գաղթական դարձանք, ավազ դարձանք: 
Մի՛ գաղթիր հայրենիքից՝ փոշի մի՛ դարձիր:


Հովհաննես Մելքոնյան
1986-1988 թթ.