Սուտ տեղեկության  համար ազատազրկելու հասարակական պահանջ չկա. Շուշան Դոյդոյան

Սուտ տեղեկության  համար ազատազրկելու հասարակական պահանջ չկա. Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը կարծում է, որ քրեական օրենսգրքի նախագծի 450-րդ հոդվածը, որի համաձայն սուտ մատնություն կարող է որակվել նաև ԶԼՄ-ներում հանցագործության մասին սուտ տեղեկությունների հրապարակումը, վտանգում է մամուլի ազատությանը և հակասում է ՄԻԵԴ դիրքորոշմանը:

«Այդ հոդվածով ստացվում է, որ այն դեպքում, եթե լրատվամիջոցը 100 տոկոսով վստահ չէ, որ իր հրապարակածը ճշմարտություն է, ապա պետք է ձեռնպահ մնա տեղեկատվությունը հրապարկելուց: ՄԻնչդեռ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ԶԼՄ-ների առաջ չպետք է դրվի միայն ճշմարտությունը հրապարակելու պահանջ: «Պահանջը պետք է լինի նաև այն, որ լրատվամիջոցը գործի բարեխղճորեն, միջոցներ ձեռնարկի իր տեղեկատվությունը ճշտելու ուղղությամբ», - ասում է Դոյդոյանը, -«ես հասկանում եմ, որ սրանով փորձ են անում պայքարել դեզինֆորմացիայի՝ կեղծ տեղեկությունների տարածման դեմ, բայց քրեական պատասխանատվություն սահմանել կեղծ տեղեկատվության տարածման  համար, կարծում եմ, անթուլատրելի է»: Շուշան Դոյդոյանը գտնում է, որ մինչ օրս եղած հանրային քննարկումների ժամանակ երբեք չի ձևավորվել ապատեղեկատվության համար քրեական պատասխանատվություն սահմանելու հանրային պահանջ: «Առավել ևս՝  ազատազրկման տեսքով»:

Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ սուտ մատնություն է համարվում « հանցագործության մասին սուտ տեղեկություն տալը, «եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»: