Չբղավե՛լ․ «Ձեզ տեսանկարահանում է թաքնված տեսախցիկը»
Մեր կյանքը լի է սթրեսով: Մեկը մյուսին հաջորդում են բացասական պահերն աշխատավայրում, հասարակական տրանսպորտում, խանութում: Եվ միակ բանը, ինչը ծնողները ցանկանում են տեսնել տանը, լռությունն է: Այստեղ էլ, հակառակի պես, երեխաներն են «լկստվում» ու չեն լսում: Ի վերջո` համբերության բաժակը լցվում է, եւ ծնողը սկսում է բղավել: Դե, որոշ ժամանակ անց նա ամաչում է իր գոռոցների համար, սակայն տվյալ պահին բղավելուց ավելի լավ բան մտածել հնարավոր չէր… միայն թե երեխաները խաղաղվեն ու անեն այն, ինչ ինքն է ուզում: Եվ ամեն օր`նույն սխալը:
Թվում է` պարզապես հնարավոր չէ չբղավել երեխայի վրա: Հաճախ միայն հենց դա է օգնում հանգստացնել նրան… ինչպես նաեւ` շրջապատում բոլորն են այդպես վարվում: Ներկայացնենք մի քանի խորամանկություն, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել երեխայի վրա բղավելու սովորությունը:
1. Թուլություն եւ անօգնականություն
Ըստ էության` բղավոցը երեխայի առջեւ թուլության ու անճարության արտահայտումն է: Մեծահասակի մոտ պարզապես սպառվել են փաստարկները, այսինքն` երեխան հաղթել է: Սա ակնհայտ ցուցիչ է, որ համբերությունն ու ինքնատիրապետումը բացակայում են ծնողի մոտ: Ուստի, առաջին հերթին, հարկավոր է գիտակցել, որ երեխայի վրա բղավելն ամենաքիչը սազական չէ դաստիարակված ու զուսպ մեծահասակին: Ինչպես էլ նա իրեն պահի, միշտ կարելի է ելք գտնել իրավիճակի լուծման համար` առանց ձայնը բարձրացնելու: Կարող եք մի հայտնի մարդու կերպար մտապահել` որպես համբերատարության ու զսպվածության օրինակ, եւ ամեն անգամ, երբ ցանկանում եք ձայնը բարձրացնել երեխայի վրա, պատկերացրեք, որ դա դուք չեք, այլ նա է: Չէ որ եթե նա կարողանում է չբղավել իր երեխայի վրա, ապա դուք նույնպես կարող եք:
2. Կողմնակի մարդ
Ամեն անգամ, երբ սկսում եք բղավել կամ արդեն ափերից ելնում եք, պատկերացրեք, որ ձեր երեխայի վրա բղավում եք ոչ թե դուք, այլ կողմնակի մի մարդ: Այս իրավիճակում գործում է պաշտպանական ռեակցիան. ինչպիսի վատ արարք էլ որ թույլ տված լինի երեխան, ծնողը միշտ պաշտպանում է նրան: Ուստի այս դեպքում էլ փորձեք արդարացում գտնել երեխայի գործողության կամ վարքի համար: Գուցե դուք փոխեք իրավիճակի նկատմամբ ունեցած ձեր գնահատականը, ինչը կազատի ձեզ անպետք բղավոցներից:
3. Ուրիշի երեխա
Այս օրինակը նման է նախորդին: Ուղղակի այս դեպքում պետք է պատկերացնել, որ դուք բղավում եք ոչ թե ձեր, այլ ուրիշի երեխայի վրա: Առաջին․ ուրիշի երեխաների հետ մենք նման բղավոցներ մեզ պարզապես թույլ չենք տա: Երկրորդ․ հնարավորություն կունենանք կողքից նայել իրավիճակին` ինչն է ստիպել ձայն բարձրացնել երեխայի վրա: Գուցե փոխեք ձեր կարծիքը, ինչի արդյունքում կոնֆլիկտն էլ կվերանա: Ուրիշների արարքների նկատմամբ մենք ավելի չեզոք ենք, իսկ ի՞նչն է խանգարում սեփական երեխայի նկատմամբ էլ ավելի հանդուրժող լինել:
4. Հյուրընկալած կամ հյուրընկալված
Չգիտես ինչու, այլ մարդկանց մոտ մարդիկ փորձում են ավելի զուսպ լինել եւ, որպես կանոն, ձայնը չբարձրացնել երեխայի վրա: Սա կարելի է կիրառել, երբ զգում եք, որ բան չմնաց, հեսա «պայթելու» եք: Պատկերացրեք, որ դուք հյուրեր ունեք հարեւան սենյակում կամ դուք եք երեխայի հետ ինչ-որ տեղ հյուր գնացել: Այսպես հնարավոր կլինի զսպել հույզերը, ինչը թույլ կտա մի փոքր «սառել» եւ արդյունքում չբղավել: Ինչպես նաեւ` իրավիճակն արդեն ապրված կլինի, եւ գոռալու պատճառ չեք ունենա: Որպես արդյունք` կոնֆլիկտն այլեւս չկա կամ այլեւս այդչափ ողբերգական չէ: Մտածելու առիթ է. կողմնակի անձանց մոտ հնարավոր է զուսպ լինել, իսկ ի՞նչն է խանգարում այդպիսին լինել միշտ:
5. Ձեզ տեսանկարահանում է թաքնված տեսախցիկը
Թերեւս ամենաարդյունավետ միջոցն է` բղավելու ցանկությունը ճնշելու համար: Պատկերացրեք` մասնակցում եք շոուի եւ պետք է արժանապատվորեն դուրս գաք այդ իրավիճակից: Բնականաբար, ոչ ոք չի ցանկանա
«փառք ձեռք բերել» երկրով մեկ: Իսկ այլընտրանքային ելք միշտ կա: Կարեւորն իրավիճակին այլ դիտանկյունից նայելն է: Արդյունքում ե՛ւ կոնֆլիկտն է վերանում, ե՛ւ մշակվում են վարքի տարբերակներ` նման իրավիճակի հետագայում կրկնվելու համար: Իհարկե, երեխայի վրա բղավելն ամենահեշտ ելքն է: Սակայն դրանից հետո վերջինիս վարքն առանձնապես չի փոխվում, իսկ դուք միայն խղճի խայթ եք զգում: Իսկ ի՞նչ ասել այն չարաճճիի մասին, ով չի մտածում իր պահվածքի մասին, այլ միայն սպասում է, թե երբ է ծնողը դադարելու բղավել իր վրա: Ստացվում է, որ վերջում մենք ունենում ենք միայն փչացած տրամադրություն, որը պետք չէ ո՛չ երեխային, ո՛չ էլ ծնողին: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ ձեր առջեւ երեխա է, ումից անթերի վարք ու ծնողին բացարձակ լսել ակնկալելը պարզապես հիմարություն է:
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր` ya-roditel.ru
Կարծիքներ