Օր օրի անպատիժ մնացող թշնամին ավելի է լկտիանում, ելքն ինքնակազմակերպվելն է

Օր օրի անպատիժ մնացող թշնամին ավելի է լկտիանում, ելքն ինքնակազմակերպվելն է

Հարցազրույց «Կաճառ գիտական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախի հանրային խորհրդի անդամ Մհեր Հարությունյանի հետ

- Պարոն Հարությունյան, արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հիմա ամենաշատն ինչի՞ պակաս կա Արցախում, եւ ի՞նչ տրամադրություններ են գերիշխում արցախահայության շրջանում։ 

- Տրամադրությունները հակասական են, բայց այն, որ մենք մեր ուղուն կառչած պետք է մնանք, դա միանշանակ է, եւ այն, որ մեր թշնամիների ոտնձգությունները, ահաբեկչական գործողությունները, հակաօրինական քայլերը որեւէ կերպ չեն կարող ազդել մեր կամքի, վճառականության վրա, դա էլ միանշանակ է։ Բայց նաեւ բոլորս հասկանում ենք, որ գնալով վտանգն ահագնանում է, անպատիժ մնացող թշնամին օր օրի ավելի է լկտիանում եւ կարմիր գծերը խախտելու մոլուցքով՝ գործողություններ կատարում։ Մենք նաեւ  հասկանում ենք, որ միջազգային հանրություն կոչվածը մի ամորֆ հասկացություն է, որի որեւէ գործնական քայլ առայժմ չենք տեսնում եւ կարծես թե հույս էլ չունենք, որ կտեսնենք։ Հետեւաբար, միակ ելքը մնում է ինքնակազմակերպվելը՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով, եւ նաեւ պատրաստ լինել ինքնապաշտպանության, որովհետեւ վաղ թե ուշ այս գործողությունները կարող են տարբեր քողի տակ լինել՝ բնապահպանական եւ այլն… Ի վերջո, մեզ սպասվում են թշնամու ագրեսիվ, պատերազմական գործողություններ, որոնց մենք պետք է պատրաստ լինենք միանշանակորեն։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ մեր քաղաքական այրերն իմաստնություն ունենային, իրենց ճիշտ գործողություններով այնպես անեին, որ պատերազմ չվերսկվեր, կամ նոր սաստկացում չլիներ, բայց փորձը ցույց է տալիս, որ դրա վրա էլ մեծ հույսեր դնել պետք չէ։

- Այսինքն՝ մարդիկ գիտակցում են, որ նոր պատերազմի վտանգ կա, ու այս ամենը հնարավոր է վերաճի պատերազմական գործողությունների։

- Միանշանակ, դեռ ավելին՝ արցախցիների մեծ մասը գտնում է, որ պատերազմը դեռ չի էլ ավարտվել, այսօր մենք հիբրիդային պատերազմի իրավիճակում ենք ապրում, եւ մեր թշնամու բոլոր գործողություններն այդ պատերազմի դրսեւորման տարրերն են, դա ոչ թե մեր սուբյեկտիվ գնահատականն է, այլ՝ իրականությունը։ 
Հիբրիդային պատերազմներին բնորոշ բոլոր տարրերն այսօր մեր թշնամիները կիրառում են մեր նկատմամբ՝ տեղեկատվական ահաբեկչությունից սկսած, շրջափակումով ավարտված, եւ, հետեւաբար, պատերազմի էսկալացիայի նոր վտանգը միշտ էլ կա։ Դառը բան եմ ասելու, բայց պետք է ասեմ․ այդ էսկալացիայի վտանգն ավելի է մեծանում հայկական կողմերի անգործության պատճառով նաեւ, որովհետեւ թշնամին, զգալով, որ անպատիժ է մնում, ավելի ու ավելի է հանդգնություն հանդես բերում։ Կարծում եմ, որ այդ ահագնացող վտանգը մենք կարող ենք կանխել՝ լիարժեքորեն պատրաստվելով, համարժեք գործողությունների դիմելով, մեր կարողություններն ի ցույց դնելու միջոցով։

- Այսօր բավարար ամեն քայլ արվո՞ւմ է Արցախը շրջափակումից դուրս բերելու համար, եւ խնդրի լուծման բանալին հայկակա՞ն կողմի ձեռքում է, Ադրբեջանի՞, թե՞ ռուսների։

- Ինչքան ինձ հասանելի ինֆորմացիան թույլ է տալիս դատել, կարող եմ ասել, որ արվող քայլերը բավարար չեն, եթե այդ քայլերը բավարար լինեին, անշուշտ, իրավիճակը գնալով վատթար չէր դառնա։ Սա՝ պարզ տրամաբանությամբ։ Հարցի մյուս մասին անդրադառնալով նշենք, որ այսօր շրջանառվում են մտքեր, որ հարցի լուծման բանալին ուրիշ երկրների ձեռքին է, մեզնից կախված բան չկա։ Հասկանալի է՝ ինչի մասին է խոսքը, բայց սա չի նշանակում, որ մենք էլ ձեռքներս ծալած պետք է նստենք ու սպասենք, թե մեր փոխարեն ուրիշներն ինչ են որոշում։ Հաստատ, ուրիշները մեզ համար մեզ բավարարող որոշումներ չեն ընդունելու․ սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Հետեւաբար, ելքը մեկն է՝ անել ամեն հնարավորը՝ ինքնակազմակերպմամբ, բարձր պատասխանատվության զգացումով, կոնկրետ նպատակասլաց գործողություններով, որպեսզի նաեւ մեր խոսքը, կարծիքը լսելի լինեն, եւ մենք գոնե կարողանանք մեր շահերին շատ կտրուկ դեմ որոշումներ չընդունել, այսինքն՝ կարողանանք ազդել ընդունվող որոշումների վրա, իսկ սա, կարծում եմ, հնարավոր է։ Ուզում եմ նաեւ նշել, որ ժողովրդի մեջ որոշակի հույսեր են արթնանում՝ կապված նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործունեության հետ։ Առաջին քայլերն այս ճգնաժամային իրավիճակում, որ ձեռնարկվել են ուժերը մոբիլիզացնելու, ռեսուրսները խնայողաբար օգտագործելու տեսանկյունից, կարծես թե առաջին ուղերձներն են, որ հնարավոր է իրականություն դարձնել ինքնակազմակերպվելու գաղափարը, որին այլընտրանք, կարծում եմ, չկա։

- Բայց Արցախում մարդկային, նյութական այդ ռեսուրսները կա՞ն, եւ ինքնակազմակերպվելու դեպքում դեռ ինչքա՞ն կբավականացնեն դրանք, որ թեկուզ շրջափակման մեջ, բայց ինքնաբավ գործունեություն ծավալի Արցախը։

- Հաշվարկներ չենք կատարել, գուցե պատկան մարմինները կատարել են ու ունեն նման ինֆորմացիա, մենք, ցավոք, չունենք, բայց մեր ոչ հեռու անցյալի փորձը եւ, ինչու չէ՝ նաեւ համաշխարհային փորձը, ցույց է տալիս, որ ինքնակազմակերպվող ժողովուրդը կարողանում է լուծել բոլոր խնդիրները, անգամ անհուսալի իրավիճակներից դուրս գալու ճանապարհներն է գտնում, եւ այս տեսանկյունից երիցս համոզված ենք, որ մեր ժողովուրդը եթե ինքնակազմակերպվի եւ կարողանա համախմբվել մի խելամիտ, վճռականորեն տրամադրված ղեկավարի շուրջ, կկարողանա դուրս գալ այս ծանր իրավիճակից եւ հաղթահարել մեզ նետված բոլոր մարտահրավերները։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ 2020-ի այդ եռակողմ համաձայնագրով պայմանավորված՝ շատ ծանր պայմանների մեջ ենք հայտնվել, եւ, իհարկե, այդ գործընթացներում ներգրավվածները պետք է գոնե փոքր- ինչ տեղեկություն ունենային ճանապարհների, անվտանգության եւ հակառակորդի վերաբերյալ, բայց քանի որ այս ամենն առանց հաշվի առնելու՝ մարդիկ ուղղակի անձնատուր են եղել, բնականաբար, դրա դառը պտուղները մենք քաղում ենք այսօր, եւ դժվարություններ առջեւում եւս սպասվում են, ու այս ամենն ընդհանրացնելով՝ մենք կարող ենք ճիշտ գնահատել իրավիճակը մեր սուղ պաշարները ռացիոնալ օգտագործելով, ինքնակազմակերպվելով եւ ինքնապաշտպանությանը պատրաստ լինելով, որ կարողանանք դիմագրավել բոլոր մարտահրավերներին։ Իսկ դրանք կարծես թե ակնհայտ են, ու թե ինչ է առաջիկայում մեզ սպասվում, որովհետեւ, ի տարբերություն բազմաթիվ այլ թշնամիների, մեր թշնամին երբեք իր մտադրությունները չի թաքցրել եւ հայտարարում է իր հաջորդ քայլերի մասին եւ ինչ է նախապատրաստվում անել Արցախի ու Հայաստանի դեմ, ուղղակի զարմանալիորեն նաեւ մենք չենք կարողանում համարժեք քայլերով կասեցնել հայտարարված չարանենգ մտադրությունները։

- Կարծում եք, որ հնարավոր է հաջորդ անգամ չբավարարվեն ճանապարհ փակելով ու ռադիկալ գործողությունների՞ գնան։

- Իհարկե, եւ չեմ կարծում, թե որեւէ մեկը դրանում կասկածում է, հատկապես որ մենք գիտենք մեր թշնամու ձեռագիրը դեռեւս 1919-ից ի վեր, երբ թուրքական ձեռագրով ադրբեջանական իշխանությունները միշտ էլ ճանապարհների շրջափակումն օգտագործել են որպես ճնշման միջոց հայության նկատմամբ եւ նրանից կորզել զիջումներ։ Որքան էլ տարօրինակ հնչի, 2020-ի ագրեսիայի եւ դրան հաջորդած ագրեսիաների խոսույթում ճանապարհների ապաշրջափակման արտահայտություններ են, բայց արի ու տես, որ ճանապարհների ապաշրջափակումից խոսող մեր թշնամիները հենց իրենք են շրջափակում ճանապարհները, եւ դա արել են 88-89-ից սկսած ու փորձել են տնտեսական բլոկադայի միջոցով ճնշել եւ իրենց կամքը թելադրել հայկական կողմին։ Ճանապարհների շրջափակման այդ լծակը մեր թշնամիները միշտ էլ օգտագործել են եւ դեռ շարունակելու են օգտագործել իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Հետեւաբար, մենք պետք է ուղիներ որոնենք՝ հուսալի, վերահսկվող կյանքի ճանապարհ ունենալու եւ, ինչու չէ՝ նաեւ օդային ճանապարհը վերագործարկելու կամ էլ այլընտրանքային՝ Քարվաճառ-Վարդենիս ճանապարհն ադրբեջանցիներից ապաշրջափակելու համար։