Ոսկե գավաթը`արգենտինացիներին
Այս տարվա ավարտը մարզական իմաստով նշանավորվեց խոշորագույն իրադարձությամբ` ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որը 32 ազգային հավաքականների մասնակցությամբ առաջին անգամ անցկացվեց արաբական աշխարհում, կոնկրետ` Քաթարում։ Ցանկացած մրցում սովորաբար առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում, եթե գրանցվում են լուրջ անակնկալներ։ Իսկ այն, ինչ բազմիցս գրանցվեց այս առաջնությունում, ութ քառյակների բաժանված թիմերի ընտրական մրցաշարի հենց մեկնարկում, պարզապես աներեւակայելի էր ու բացառիկ։ Ասացեք, խնդրեմ, ո՞ւմ մտքով կանցներ, որ ճապոնացի ֆուտբոլիստները, որոնք երբեք չէին փայլել մեծ ասպարեզներում, ուղղակի հրաշքներ կգործեին, ծնկի կբերեին միեւնույն խմբում ընդգրկված ֆուտբոլային գրոսմայստերներին` աշխարհի նախկին չեմպիոններ գերմանացիներին եւ իսպանացիներին։ Հատկանշական է եւ այն, որ երկու հանդիպումներում էլ գրանցված ցուցանիշները զարմանալիորեն իրար նման էին` առաջին խաղակեսերում առավելություն ունեին եվրոպացիները՝ խփելով մեկական գոլ, իսկ հանգստից հետո՝ ճապոնացիները, որոնք համառ գտնվելով եւ ճիշտ հետեւություններ անելով, կարողացան շրջադարձային բեկում մտցնել մրցակցության մեջ եւ երկուական պատասխան գոլեր խփելով տարան, կարելի է ասել, պատմական հաղթանակներ։
Ճապոնացիների խաղը ոչնչով չտարբերվեց նաեւ հաջորդ փուլում, երբ նրանք ասպարեզ մտան իրենց փորձով ու ոչ մի թիմի չզիջող խորվաթների հետ։ Երկժամյա լարված մրցավեճից հետո գրանցվել էր ոչ-ոքի` 1:1։ Իսկ ահա պարզունակ պայքարում, երբ հաղթողին պետք է ի հայտ բերեին 11 մետրանոց հարվածները, Ասիան ներկայացնող պատվիրակները մի տեսակ կերպարանափոխվեցին եւ մրցակցին զիջելով 1:3 հաշվով՝ դուրս մնացին առաջնությունից։ Այդուհանդերձ, պետք էր տեսնել, թե ինչպիսի հպարտությամբ էին իրենց հայրենակիցներին Տոկիոյի օդանավակայանում դիմավորում մարզասերները։
Կասկած լինել չի կարող, որ էլ ավելի ջերմ ընդունելության կարժանանան Մարոկկոյի հավաքականի խաղացողները, նրանք, որ, ներկայացնելով Աֆրիկան, պարզապես հրաշքներ գործեցին։ Նախ՝ այս թիմն ուղղակի գերազանց անցկացրեց ընտրական մրցափուլի երեք խաղերը՝ ասպարեզից դուրս բերելով մեծ հույսեր ներշնչող բելգիացիներին (2:0), ապա` կանադացիներին, ոչ-ոքի (0:0) ավարտելով մրցամարտը խորվաթների հետ եւ խմբում վաստակելով 7 միավոր, գրավեցին առաջին տեղը։ Ի դեպ, սա ընդհանրապես բարձրագույն ցուցանիշն էր, որ գրանցվեց ընտրական մրցափուլում։ Նույնպիսի արդյունք իրենց օգտին գրանցեցին Նիդերլանդների եւ Անգլիայի հավաքականները։
Իսկ ի՞նչ եղան գլխավոր հավակնորդներ համարվող բրազիլացիներն ու արգենտինացիներն իրենց առաջատարների` հանրահայտ Նեյմարի եւ Մեսսիի հետ։ Բանն այն է, որ դա դժվար է պատկերացնել, հարավամերիկացիներն իրենց խմբերում վաստակեցին 6- ական միավոր՝ տանուլ տալով, համապատասխանաբար, Կամերունի (0:1) եւ Սաուդյան Արաբիայի (1:2) թիմերին։ Մինչդեռ հենց մարոկկացիները հաջորդ` 1/8 եզրափակչում հաղթելով նաեւ իսպանացիներին, ստիպեցին նրանց ժամկետից շուտ վերադառնալ տուն։ Հատկանշական է, որ այդ հանդիպման ժամանակ ոչ մի գոլ չգրանցվեց, իսկ 11 մետրանոցներն իրացնելիս աշխարհի նախկին չեմպիոնը պարտություն կրեց խայտառակ` 0:3 հաշվով։ Այն էլ նշենք, որ նման ելքից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաջորդ իսկ օրը զրկվեց պաշտոնից։ Երկու օր հետո էլ հայտնի դարձավ, որ նրան փոխարինել է Լուիս Ֆուենտեն։
Այս առումով ակամա հիշեցի մեր ֆուտբոլի ֆեդերացիայի «նկրտումները»` արժանի փոխարինող գտնել Հայաստանի հավաքականին հրաժեշտ տված գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին։ Արդեն երկու ամիս է՝ շարունակվում է այդ դատարկ փնտրտուքը, սա՝ այն դեպքում, երբ Եվրոպայի հերթական առաջնության մարտ ամսին կայանալիք մեկնարկում մեզ սպասվում է անչափ լուրջ հանդիպում Թուրքիայի թիմի հետ։
Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ապա հատկապես քառորդ եզրափակչի մրցափուլում գրանցվեցին, հիրավի, զարմանահրաշ միջադեպեր, երբ հեղինակազրկվեցին բարձրագույն կոչման գլխավոր հավակնորդները։ Նախ՝ միանգամայն անսպասելի կերպով անփույթ գտնվեցին աշխարհի հնգակի չեմպիոնի կոչումը կրող բրազիլացի ֆուտբոլիստները։ Խորվաթների հետ մրցելիս նրանք, շնորհիվ Նեյմարի գերազանց գոլի, առաջ անցան, եւ թվում էր` անպայման կպահպանեն հաղթական հաշիվը։ Սակայն այդ ակնկալիքները զուր էին, քանի որ համառ ախոյանները կարողացան վերականգնել հավասարությունը եւ, դեռ ավելին` հաղթողին որոշող պարզունակ մրցավեճում, 11 մետրանոց հարվածներն իրացնելիս, 4:2 հաշվով անվիճելի առավելության հասան եւ ստիպեցին բազմակի չեմպիոններին լքել առաջնությունը։
Հարավամերիկյան մեկ այլ երկրի` Արգենտինայի ֆուտբոլիստները, մրցելով նիդերլանդցիների հետ, ավելի հաշվենկատ գտնվեցին, թեեւ նույնպես հոգեբանական լուրջ ճնշման ենթարկվեցին։ Նրանք էլ, առավելության հասնելով 2:0 հաշվով, այնուհետեւ անսպասելիորեն զիջեցին դիրքերը եւ թույլ տվեցին մրցակիցներին վերականգնել հավասարակշռությունը։ Եվ ի՞նչ, այստեղ էլ հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածները։ Ի վերջո, Մեսսիին եւ նրա թիմակիցներին հաջողվեց լարված մրցավեճն ավարտել իրենց օգտին նվազագույն առավելությամբ` երեք բաց թողած գոլին պատասխանել չորսով։
Իրենց հրաշալի հաղթարշավը շարունակեցին նաեւ մարոկկացիները՝ կարելի է ասել, ցուցաբերելով հերոսություն, մանավանդ եթե նկատի ունենանք, որ կիսաեզրափակիչ դուրս գալու ճանապարհին աներեւակայելի գերազանցության հասան «Ռոնալդուի թիմի» նկատմամբ՝ 1:0 հաշվով։ Ի դեպ, շնորհաշատ պորտուգալացին դարձավ արտասովոր ռեկորդի հեղինակ՝ մասնակցելով աշխարհի 5 առաջնություններին եւ ամեն անգամ աչքի ընկնելով գոլային դիպուկ հարվածներով։ Սակայն, այդուհանդերձ, 37-ամյա ֆուտբոլիստն իր թիմակիցների հետ մարզական բաղձալի սուպերպատվի` չեմպիոնի տիտղոսին չի արժանացել։
Իսկ երբ հայտնի դարձավ կիսաեզրափակչի մասնակից քառյակը, բնականաբար, ավելի որոշակիորեն դրսեւորվեց, թե ովքեր են առաջնության մրցանակակիրների հիմնական հավակնորդները։ Իրոք, շատ դժվար էր կանխորոշել, թե ում կարելի է վստահորեն տալ նախապատվությունը` Արգենտինայի՞ն, թե՞ Խորվաթիային, Ֆրանսիայի՞ն, թե՞ Մարոկկոյին, թեեւ աշխարհի կրկնակի չեմպիոնների` արգենտինացի եւ ֆրանսիացի ֆուտբոլիստների երկրպագուների քանակը, հետեւաբար՝ եւ հույսերը մեծ էին։ Ամեն ինչ, հասկանալի է, որոշվեց մրցասպարեզներում, եւ, ի վերջո, գրանցվեցին այս արդյունքները. Արգենտինա - Խորվաթիա` 3:0 (այս տպավորիչ հաղթանակում գլխավոր դերակատարը 35-ամյա անզուգական հրաշագործ Մեսսին էր), Ֆրանսիա-Մարոկկո` 2:0 (ֆրանսիացիներն արժանի հակառակորդի նկատմամբ համոզիչ առավելության հասան եւ եզրափակչում հանդես գալու իրավունք ստացան իրենց երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ոգեւորող ներկայությամբ)։
Եվ այսպես, կիրակի օրը կայացած վճռական խաղում հանդիպեցին իրար արժանի ախոյանները` Արգենտինայի եւ Ֆրանսիայի հավաքականները։ 90 րոպեանոց եզրափակիչ խաղն ի հայտ չբերեց չեմպիոնին` 2:2։ Նշանակված 30 րոպեանոց լրացուցիչ մրցակցությունն էլ չխախտեց հավասարակշռությունը `3:3, եւ հաղթողին հարկ եղավ որոշել 11 մետրանոց հարվածներով։ Բախտը ժպտաց արգենտինացիներին` այս անգամ հաղթելով 4:2 հաշվով, նրանք հռչակվեցին աշխարհի չեմպիոններ։
Միսակ Նազարյան
Կարծիքներ