Ֆահմ չունեք, դիվանագե՞տ էլ չեք

Ֆահմ չունեք, դիվանագե՞տ էլ չեք

Հայաստանի առաջին հանրապետության 102-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում էր Արցախի եւ ՀՀ նախագահների, ՀՀ ԱԺ նախագահի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղեկցությամբ։

Անզեն աչքն էլ տեսավ, որ նոր Հայաստանում պետական արարողակարգից գլուխ հանող չկա։ Ամենայն հայոց հայրապետին ուղեկցում էին երկու հոգեւորական․ երեք հոգի՝ երեք տարբեր դիմակներով։ Սարդարապատի հուշահամալիրի մոտ կանգնած էր հինգ պաշտոնյա՝ հինգ տարբեր գույնի ու ձեւի դիմակներով։ Բացի ՀՀ նախագահից, մյուսները ձեռնոց չէին կրում։
Եթե այս ամենին չհետեւեր միջազգային հանրությունը, ոչինչ, մի կերպ կարելի էր մարսել ամենաբարձր մակարդակում թույլ տրված փնթիությունն ու թափթփվածությունը։ Բայց աշխարհը հետեւեց ու տեսավ, որ նույնիսկ ամենապարզունակ հարցում հայոց աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդները միաբան չեն։

Մի՞թե հնարավոր չէր հինգ պաշտոնյայի համար միանման ձեռնոց-դիմակ ձեռք բերել։ Թե՞ անպայման պետք էր աշխարհին ցույց տալ, որ պետական ու հոգեւոր այրերն իրար հետ չեն շփվում, միմյանց հետ չեն համագործակցում։ Լավ, ֆահմ չունեք, դիվանագե՞տ էլ չեք, որ, թեկուզ սեփական ժողովրդի «աչքին թոզ փչելու» համար, միաբանվեիք․․․

Էլի եմ ասում․ մենք՝ ոչինչ, ամոթ էր աշխարհին ցուցադրելը։ Իսկ աշխարհն ու միջազգային հանրությունը, որ նման հարցերում բավականին զգայուն են, հավանաբար, հետեւություն կանեն։ Հետեւություն՝ ի վնաս մեզ ու Արցախի։