ԱՄՆ-ի վտանգավոր կողմնակալությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիեւին՝ մայիսի 28-ի տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ Ուղերձում պետքարտուղարը նշել է երկու երկրների գործակցության մի քանի ոլորտներ՝ դրանով իսկ հավաստելով, որ իր ուղերձը, տնտեսականից բացի, նաեւ քաղաքական դրդապատճառներ ունի։
Իմ փնտրտուքը համացանցում՝ գտնել նույն՝ մայիսի 28-ին նույնաբովանդակ տոնի առթիվ Հայաստանի իշխանություններին ուղղված շնորհավորական ուղերձի տեքստ նույն Մ․ Պոմպեոյից, ավարտվեց ապարդյուն․ այդպիսի ուղերձ չի եղել։
Բայց սա, որքան էլ զարմանալի, այնուամենայնիվ, անսպասելի չէ․ մենք քաղում ենք մեր տկար դիվանագիտության դառը պտուղները, որոնք, փաստորեն, այդպես էլ չհասունացան ո՛չ ԱՄՆ կատարած գերթանկարժեք այցելություններով, ո՛չ նախագահ Թրամփի հետ երջանիկ տեսքով լուսանկարվելով, ոչնչո՛վ։
ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է եւ երբ զորակցում է Ադրբեջանին վերջինիս «ինքնիշխանության ու անկախության» համար, սա կարող է նաեւ մեսիջ լինել այդ երկրին՝ ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրում ազատ գործելու։ Այս ենթադրությունն ամրապնդում է Ադրբեջանի նախագահը՝ ինքը, որը հակամարտության լուծման մասին սկսել է խոսել բոլորովին այլ հիմնավորումներով․ նա առաջին անգամ նշել է ուժի գործադրման թույլատրելիության մասին, որովհետեւ, նրա համոզմամբ, «աշխարհում ուժի գործոնն առաջին պլան է մղվում» (ինչին արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան տեսաելույթում)։
Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մեր հարաբերությունների վատթարացման մի վկայություն էլ մենք ստացել ենք մայիսի 9-ին Ռուսաստանի Դաշնությունից, երբ Հայրենական պատերազմում 300 հազարից ավելի զոհ ունեցող, 100-ից ավելի ԽՍՀՄ հերոս եւ տասնյակ գեներալներ ու մարշալներ տված Հայաստանի ղեկավարությունը հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ շնորհավորական որեւէ խոսք-զանգ չստացավ, իսկ, ահա, նույն պատերազմում անհամեմատ համեստ, չափազա՛նց համեստ ներդրում ունեցած երկրի ղեկավարն արժանացավ ՌԴ նախագահի տոնական զանգին ու շնորհավորանքին։
Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ առնվազն երկու երկրի հետ մեր հարաբերություններում նույնիսկ դիվանագիտական տոներն են արդեն բացակա։
ՀԳ․ Մայիսի 28-ին Հայաստանի իշխանություններին ԱՄՆ կառավարությունը երբեք չի շնորհավորել։ Որպես կանոն, մեզ շնորհավորում են սեպտեմբերի 21-ին, իսկ Վրաստանին եւ Ադրբեջանին՝ տարվա մեջ մի քանի անգամ ու հատկապես՝ մայիսի 28-ին։ Չնայած 1918-1920 թվականներին Հայաստանը տարածաշրջանից միակ երկիրն էր, որ դեսպանատուն ուներ ԱՄՆ-ում։
Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ