«Գողական աշխարհին հարելու» դեմ նախագիծն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ

«Գողական աշխարհին հարելու» դեմ նախագիծն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ

«e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելուց հետո «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Առաջիկայում կքննարկվի Նախարարների կոմիտեում, այնուհետև կանցնի մյուս ընթացակարգերով՝ կառավարություն, հետո ԱԺ»,- փոխանցում են արդարադատության նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է քրեական միջավայր ստեղծելն ու դրան հարելը քրեականացնելու նախագիծը:

Ըստ այդ նախագծի՝ քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով, իսկ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը պատժվում են տուգանքով` 200-600 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հարցին, թե ինչպես են պարզելու` այդ անձը քրեական հեղինակություն է, թե ոչ, ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանը պատասխանեց․ «Արդարադատության նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում տրվել է «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացության մեկնաբանությունը. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման  հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում է ապօրինի դրամահավաքներ (այդ թվում նաև մոլախաղերի միջոցով), կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման  միջոցով ստացված անօրինական օգուտը, կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ։ Ըստ այդմ՝ քրեական հետապնդման մարմինը, օգտագործելով հանցագործության բացահայտման համար իր ունեցած գործիքակազմը, կբացահայտի այդպիսի անձին:

Քրեական միջավայրն ու, օրինակ, թաղային խմբավորումները տարբեր երևույթներ են։ Ո՞նց եք տարանջատելու դրանք։

- Նշված նախագծում «քրեական միջավայր» հասկացությունը փոխարինվել է «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» հասկացությամբ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի  նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը, կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը, կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը, կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը: Այլ խոսքով՝ Նախագծում հստակեցվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը բնորոշ գծերը, որոնց օգնությամբ հնարավոր է այդպիսի խմբավորումը տարանջատել մյուս խմբավորումներից: Եթե որևէ խմբավորում (այդ թվում՝ «թաղային խմբավորումը») չունի թվարկված գծերը, ապա այդպիսի խմբավորումը չի կարող դիտարկվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

- Ինչպե՞ս եք պատկերացնում, հնարավո՞ր է այս մեխանիզմն աշխատի։ Քաղաքացիներն իրե՞նք պետք է դիմեն իրավապահներին, թե՞ վերջիններս փորձեն բացահայտել։

- Նախագծով առաջարկվող հանցակազմերի բացահայտման համար որևէ առանձնահատուկ կարգավորում նախատեսված չէ: Ըստ այդմ՝ գործում են ընդհանուր կանոնները. հանցագործության բացահայտումը կարող է իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական գործ հարուցելու առիթների միջոցով. քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.
3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Քրեական հեղինակությանը «դիմել» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Գուցե պարտքով գումար է ուզում կամ խնդրում է իրեն օգնել որեւէ հարցում։ Կոնկրետ ո՞ր հարցերի դեպքում չպետք է դիմի անձը քրեական հեղինակությանը, որ խնդիրներ չունենա։

- Նախագծում հստակեցվել է, թե քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին ինչ նպատակով դիմելու դեպքում կարող է առաջանալ դիմող անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Այսպես, Նախագծի համաձայն՝ արարքը որպես հանցագործություն դիտարկելու համար անձը պետք է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմի՝ վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար: