Իշխանությունը որոշել է Գագիկ Ծառուկյանին կալանավորե՞լ

Իշխանությունը որոշել է Գագիկ Ծառուկյանին կալանավորե՞լ

Մի քանի օր շարունակ տարբեր աղբյուրներից համառորեն լուրեր ենք ստանում, որ իրավապահները պատրաստվում են մոտ օրերս կալանավորել Գագիկ Ծառուկյանին։ Նույնիսկ կոնկրետ օր է նշվում, երբ դա տեղի կունենա եւ կոնկրետ դատավորի անունը, որը սիրահոժար կալանքի սանկցիա է տալիս իշխանության «թիրախներին» Իսկ պաշտոնական հիմքը լինելու է «նախաքննական մարմնի աշխատանքները խոչընդոտելը»։

Ամիսներ առաջ  Ծառուկյանին մեղադրանք առաջադրվեց ընտրակաշառքի հայտնի գործով, գլխավոր դատախազը պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդությամբ մտավ խորհրդարան, այն բավարարվեց, սակայն հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԱԱԾ միջնորդությունը՝ կալանքի տակ առնել Ծառուկյանին։

Որոշման մեջ դատարանը գրեց, որ կա հիմնավոր կասկած, որ կատարվել է այդ հանցագործությունը, սակայն ընդդիմադիր գործչին կալանավորելու անհրաժեշտություն չկա՝ քննությունը կարող է կատարվել նրա ազատության պայմաններում։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ՝ Գլխավոր դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբանները բողոքարկել էին հիմնավոր կասկածի ձեւակերպումը եւ այն, որ գործը քննում է ԱԱԾ-ն, մինչդեռ օրենքով պետք է ՀՔԾ-ն քններ։

Վերաքննիչը մերժել էր փաստաբանների կողմի պահանջները, իսկ դատախազության պահանջը մասնակի էր բավարարել՝ բեկանել էր առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել էր նորից քննելու։ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ են բողոք ներկայացրել ընդդեմ Վերաքննիչի որոշման, սակայն այդ հարցը դեռեւս չի քննվել՝ ոչ նիստ է նշանակվել, ոչ նոր խուզարկություն է իրականացվել, ուստի անհասկանալի է, թե ինչպես են հիմնավորելու Ծառուկյանի նոր ձերբակալությունը։

Իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վճռաբեկը չի պատրաստվում քննել ներկայացված հայցը եւ այն մոտ օրերս հետ կուղարկվի առաջին ատյան՝ կրկին քննության, հավանաբար այլ դատավորի նախագահությամբ։ Հենց այս «այլ» դատավորն էլ հավանաբար կիրականացնի Նիկոլ Փաշինյանի երազը եւ կկալանավորի Ծառուկյանին։

Մեզ ասացին, որ այլ մեղադրանքով հնարավոր չի լինելու Ծառուկյանին կալանավորել, քանի որ նոր մեղադրանքի դեպքում գլխավոր դատախազը կրկին պետք է մտնի ԱԺ ՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումով։ Ի դեպ, կալանավորման մասին իշխանական որոշմանն անտեղյակ էին ինչպես Ծառուկյանի փաստաբանական թիմում, այնպես էլ ԲՀԿ-ում։

Հ․Գ․Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկություններ ստացանք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին նշանակված է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու ԱԱԾ-ի կողմից արված միջնորդության դատաքննությունը։