Արցախի նախագահը չպետք է Երևանի կամակատարը լինի

Արցախի նախագահը չպետք է Երևանի կամակատարը լինի

Ինձ համար սկզբունքորեն միևնույն է, թե ով կլինի Արցախի ապագա նախագահը։ Ամբողջությամբ ռազմականացված տարածքում գաղափարախոսական դիսկուրս նախաձեռնելը այդքան էլ հեռանկարային ձեռնարկ չէ։ Որքան էլ պտտվենք ու պրպտենք, միևնույն է, մեր իսկ որոնումները մեզ վերադարձնելու են արդեն իսկ արմատացած և մշտապես արդիական սկզբունքներին, որոնք են․ 

Ով էլ լինի իշխանության ղեկին, Արցախի և արցախահայերի ինքնորոշման իրավունքը պետք է մշտապես դիտարկվի երկրամասի գոյության կարևորագույն և ամենահիմնական տարրը, որի հիմքի վրա պետք է կառուցվի և կառուցարկվի մնացյալը։ Սա անփոփոխ և անքակտելի ճշմարտություն է, որից նահանջել նշանակում է ավարտել քաղաքական գոյությունը։ 

Մյուս կարևոր բացադրիչը Արցախի և արցախահայության անվտանգության հիմնախնդիրն է։ Սա էլ է անքակտելի իրավունք, որի ապահովումը պետք է լինի Արցախի ապագա քաղաքական ղեկավարության թիվ մեկ մտահոգության առարկան։ Անվտանգություն ասելով ամենևին էլ նկատի չունենք զուտ մեխանիկական գոյության ապահովումը, այլ՝ նահանջի բացառումը անցյալում կյանքի կոչված և անվտանգությունը երաշխավորող արդյունքներից։ 

Մյուս ելակետային սկզբունքը սոցիալական քաղաքականությունն է։ Այսինքն Արցախի ապագա նախագահն ու խորհրդարանը պետք է հրատապ քայլեր իրականացնեն բնակչության սոցիալական հիմնախնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Այլ խոսքով՝ արցախցին իր հողի վրա պետք է սոցիալապես պաշտպանված լինի։ 

Որքան էլ Արցախը ռազմականացված լինի, բայց այնուամենայնիվ վերջին տասնամյակներին այնտեղ ժողովրդավարական որոշակի ինստիտուտներ են ստեղծվել։ Ասվածից հետևում է, որ այդ կարևորագույն արդյունքները պետք է պահպանվեն և էլ ավելի զարգացվեն։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ Արցախի ժողովրդավարությունը խիստ առանձնահատուկ բնույթ ունի և նույնական չէ երևանյան տարրակերպին։ Այսինք Երևանի բաց հասարակության պրակտիկան չպետք է պարտադրվի Ստեփանակերտին։ Վերջինս պետք է մնա այն ծիրում, որը պարտադրված է անվտանգության պահանջներով։ Արցախում տիրապետող կառավարման մոդելը պայմանականորեն կարող ենք անվանել ռազմական դեմոկրատիա և հենց սրա պահպանումն է չափազանց կարևոր։ Ավելին, ռազմական դեմոկրատիան և բաց հասարակությունը կարող են փոխլրացնել մեկը մյուսին։ Կարծում եմ ավելորդ չէ նշել, որ Արցախի տարածքում պետք է բացառվեն նաև հեղափոխական տրամադրությունները։ Բանակ-պետությունն ու հեղափոխականությունը հակոտնյա բևեռներ են։ 

Վերջին մտքից հետևում է, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը երբեք չպետք է լինի Երևանի կառավարության հլու կամակատարը։ Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե Արցախը Հայաստանի մարզն է, գիտակցաբար կամ էլ անգիտակցաբար ջախջախում են բոլոր այն նվաճումները, որոնք արձանագրվել են վերջին 30 տարիներին։ Ավելին, այդպիսով կասկածի տակ է դրվում նաև Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարը, քանի որ արանքից դուրս է մղվում արցախահայության մեծագույն նվաճումը՝ ինքնորոշման իրավունքը։ Այսինքն, երկու կառավարությունները պետք է մշտապես հանդես գան համերաշխության, ներդաշնակության և փոխլրացման դիրքերից, բայց Արցախի նախագահը երբեք չպետք է լինի Հայաստանի վարչապետի վասալը։ Արցախի ներկայացուցիչը պետք է հստակ և վճռական կերպով ներկայացնի արցախահայության շահերը, լինի դա միջազգային արենայում, թե Հայաստանի հետ հարաբերություններում։ 

Բայց ասվածից ամենևին էլ պետք չի ենթադրել, թե երկու հայկական հանրապետությունները պետք է թշնամական կամ էլ կոնֆլիկտային փոխհարաբերությունների մեջ գտնվեն։ Սա անթույլատրելի պրակտիկա է։ Նույնիսկ ամենակնճռոտ անհամաձայնության պարագայում համերաշխության սկզբունքը պետք է դիտարկվի որպես երկաթյա ճշմարտություն։ Հակառակ պարագայում հետևանքները կարող են կործանարար լինել, քանի որ դրանով մենք նպաստավոր պայմաններ ենք ստեղծում արտաքին միջամտության համար։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Իրանը, Թուրքիան անմիջապես կօգտվեն այդ հակամարտությունից՝ ազգային հիմնախնդիրը դարձնելով միջազգային առևտրի առարկա։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի հետո։ Ավելի լավ է չպատկերացնեք։ Պետք է մշակվի այնպիսի մեխանիզմ, որի հիմքի վրա երկու կառավարությունները հաշվետու կլինեն մեկը մյուսին։ Սա է անհամաձայնությունների չեզոքացման և համերաշխության ապահովման բանալին։ 

Բայց այս ամենի հետ զուգընթաց կա նաև ներքին չափազանց խորը խնդիր, որը նույնպես ապագայում կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել։ Խոսքը սահմանների փիլիսոփայության մասին է։ Սահմանների առկայությունը որպես կանոն հանգեցնում է աշխարհայացքի, աշխարհընկալման, կեցության և արժեքային տարբերության։ Ուզենք, թե չուզենք մարտակերտցին քաղաքական, մշակութային և արժեքային տեսանկյունից էականորեն տարբերվում է գյումրեցուց։ Սա օրինաչափ խնդիր է, որից մենք չէինք կարող որևէ կերպ խուսափել, քանի որ Երևանի բաց հասարակությունն ու Արցախի բանակ-պետությունը ինչ-որ իմաստով արժեքային տարբեր հարթություններում են գտնվում։ Իսկ հիմա պատկերացրեք այնպիսի մի իրավիճակ, երբ երկու կառավարությունների միջև ձևավորվում են կոնֆլիկտային փոխհարաբերություններ։ Բնականաբար իրավիճակն այս հանգեցնելու է առկա տարբերության էլ ավելի խորացմանը, երկու հանրապետությունների բևեռացմանը և այսպես շարունակ։ Արդյունքում ստանալու ենք քաղաքական ազգի երկու տարբեր դրսևորումներ, որոնց ինտեգրումը հետագայում կարող է դառնալ անհնար։ Խոսքը միավորման հեռանկարի մասին է։ Եթե ինչ-որ մի օր երկու հանրապետությունները միավորվեն, ապա պետք է առնվազն նպաստավոր պայմաններ լինեն, որ երկու հանրույթների համատեղ գոյությունը հնարավոր լինի։ Սա իսկապես լրջագույն խնդիր է, որի կարգավորման համար լրջագույն ջանք ու աշխատանք է պահանջվում։ 

Կարծում եմ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու Արցախի ապագա նախագահը պետք է լրջորեն մտածեն բոլոր այս հարցերի մասին։