Աղքատ ընտանիքը սովի է մատնվում

Աղքատ ընտանիքը սովի է մատնվում

Էջմիածնի բնակիչ Մարինե Հովհաննիսյանի 7 հոգանոց ընտանիքն օրեցօր սովի է մատնվում։ «Վերջին տուփ մակարոնը երեկ եմ խաշել, առանց յուղ կերել ենք, ձմռան կուտակած պաշարն էլ վաղուց սպառել ենք»,- ասում է Մարինեն։

Ընտանիքն ապրում է Սբ Գայանե վանքի հարեւանությամբ՝ փայտաշեն մի տնակում։ Մարինեն «աշխատում» էր վանքի բակում՝ սրբապատկերներ ու մանր-մունր զարդեր էր վաճառում, օրվա հացի փողը վաստակում։ Ամուսինը՝ Գառնիկ Զաքարյանը, պատվերով փայտ էր կտրում, մի երկու կոպեկ էլ ինքը ստանում։ Օրավարձով, սրա-նրա դռանը սեւագործություն էր անում նաեւ նրանց որդին, իսկ աղջիկները, որ աշխատում էին Էջմիածնի հագուստի խանութներից մեկում, գործից դուրս են մնացել մինչեւ կորոնավիրուսը։

Ընտանիքը լոյա էր գնում ամուսինների ու նրանց որդու օրավարձերը իրար կցել-կպցնելով։ Բայց դա մինչեւ կորոնավիրուսն էր։

Թագակիր վիրուսը, սակայն, հարվածեց բազմանդամ ընտանիքի առանց այն էլ չնչին բյուջեին։ Եկեղեցու տարածքում սրբապատկերներ վաճառելը դարձավ ոչ միայն անհնար, այլեւ՝ անիմաստ։ Մարինեն նեղվում է՝ մարդ չկա, որ առեւտուր անի։ «Ոստիկանները հերթապահություն են անում եկեղեցու մոտ, որ մարդ չմտնի։ Չնայած ո՞վ կա, որ մտնի․․․ Հոգեւոր արարողություններն էլ են անցնում առանց հավատացյալների։ Ես իմ ապրուսն այստեղ էի վաստակում, բայց հիմա զրկվել եմ փողից էլ, ուտելիքից էլ»։ Կանգ է առել նաեւ ամուսնու եւ որդու գործը։ «Մինչեւ կորոնավիրուսը, պատվերներ կային․ մարդիկ կանչում էին, ցախ էի կտրում, սղոցում, լավից-վատից մի երկու կոպեկ աշխատում էի, սոված չէինք մնում։ Հիմա զգուշանում են, չեն կանչում․ փակվել-մնացել են տներում։ Մենք էլ ենք փակվել, բայց՝ անհաց ու անփող»,- ասում է Գառնիկը։
Սնունդ հայթայթելու համար ընտանիքը մի քանի օր էլ բանջար է հավաքել, Մարինեի ասելով՝ խաշել են, անյուղ ու անհաց կերել։ «Արդեն դա էլ չենք կարող անել, որովհետեւ սկսել են դաշտերն էլ ախտահանել»։

Օգնության խնդրանքով Մարինեն դիմել է Արմավիրի մարզպետարանին ու Էջմիածնի քաղաքապետարանին։ Չեն մերժել, բայց չեն էլ օգնել։ «Գոնե աշխատանք տան՝ աշխատեմ, ընտանիքս պահեմ»,- ասում է Գառնիկը։ 

Նա մի քանի անգամ դիմել է Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ղեկավարությանը՝ աղբահավաք մեքենայի վարորդ աշխատելու խնդրանքով։ «Մերժում են, որովհետեւ իրենց ծանոթներին են բերում-գործի տեղավորում»։

Ընտանիքը պարտքեր է կուտակել նաեւ խանութներում։ Թե ինչպես են մարելու՝ չեն պատկերացնում։