Մեկ տարի է՝ չեն կարողանում տնօրեն ընտրել

Մեկ տարի է՝ չեն կարողանում տնօրեն ընտրել

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող թիվ 163 հիմնական դպրոցում շուրջ մեկ տարի է՝ չեն կարողանում տնօրեն ընտրել։ Թե որն է խնդիրը, հարցի պատասխանը չգիտեն ո՛չ դպրոցում, ո՛չ քաղաքապետարանում։

Դպրոցի նախկին տնօրեն Նարինե Վարդերեսյանն անցած տարվա մարտի 1-ին, ընտանեկան խնդիրներով պայմանավորված, աշխատանքից ազատման դիմում էր գրել՝ հույսով, որ շուտով կվերադառնա։ «Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Փաշինյան Հասմիկն ասաց՝ տիկին Վարդերեսյան, հանգիստ գնացեք, մենք Ձեր կողքին ենք, դպրոցը Դուք եք ոտքի կանգնեցրել, եւ մենք նորից Ձեզ ենք ընտրելու»,- մեզ հետ զրույցում նշում է Ն․ Վարդերեսյանը, ով մի քանի ամիս անց վերադառնում է դպրոց՝ մասնակցելու տնօրենի համար հայտարարված մրցույթին, ու անակնկալի գալիս։

«Երբ եկա, տեսա, որ 10 հավակնորդներ կան, իմ դպրոցի տարրականի ուսուցչուհի Պուլուզյան Լուսինեն էր իր թեկնածությունը դրել, մյուսը Դանիելյան Անին էր, ով 114 դպրոցի պատմության ուսուցչուհի է, իսկ դպրոցում տարածվել էր, որ այլեւս չեմ գալու։ Այդ ժամանակ հին ու նոր իրավական կարգերի անհամապատասխանության պատճառով չընտրվեցի։ Նոր կարգով խորհուրդը պետք է լիներ 9 հոգի, բայց մենք աշխատում էինք հին կարգով, քանի որ դեռ խորհուրդ չէր ձեւավորվել, եւ հավասար ձայների դեպքում որոշումը պետք է կայացվեր լիազոր մարմնի կողմից, բայց եթե, տնօրենի թափուր տեղի մրցույթի կարգի համաձայն, հավասար ձայներ են, նոր մրցույթ է հայտարարվում, այսինքն՝ անհամապատասխանություն կար 2 կարգերի միջեւ, եւ որոշվեց նոր մրցույթ հայտարարել»։ Սեպտեմբերին հայտարարվում է մրցույթը, այս անգամ 10-ի փոխարեն հայտ է ներկայացնում 5 հոգի, բայց ձայների անհամապատասխանությունից ելնելով՝ նորից հայտարարվում է նոր մրցույթ։

«3-րդ մրցույթի ժամանակ, փաստաթղթերի ընդունման ավարտից հետո, Անի Դանիելյանին նշանակում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որը նախորդ անգամները զրո ձայներ էր հավաքել։ Քանի որ Պուլուզյան Լուսինեն հրաժարվում է մասնակցությունից, նրա ձայները փոխանցվում են Անի Դանիելյանին, նույն մարդիկ հիմա էլ նրան ընտրեցին։ Այստեղ խնդիրն այն է՝ ինչո՞ւ Անին, կրթական ոլորտում ուրիշ անձ չկա՞ր, որ նշանակվեր ԺՊ, որպեսզի դպրոցի ներսի աժիոտաժը, անհամաձայնությունները հարթվեին, քանի որ նրա գալով ավելի շատ սկսեցին մասնատումները, մանկավարժները մտածեցին, որ եթե իրեն ուղարկել են քաղաքապետարանից, ուրեմն ինքն է լինելու, ավելին՝ նա անգամ հայտարարել էր, որ ընտրությունից հետո ինքն է լինելու տնօրեն»։ Ի վերջո, հայտարարվում է նաեւ 4-րդ մրցույթը, բայց այս անգամ եւս ոչ ոք չի ընտրվում, քանի որ ձայները հավասար ձեւով են բաշխվում։

«Եռամսյա ժամկետում պետք է նոր հայտարարություն տրվեր մրցույթի մասին, բայց չի տրվել։ Խորհրդի արձանագրության մեջ գրված է, որ լիազոր մարմինը որոշել է նոր խորհուրդ ձեւավորել։ Բայց, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, խորհուրդը փոփոխության է ենթարկվում միայն այն դեպքում, եթե խորհրդի անդամները դիմում են գրում, մահվան դեպքում, առաջադրող մարմնի կողմից հետկանչի դեպքում, կամ էլ եթե խորհրդի գործունեության 3 տարին լրացել է։ Դուրս է գալիս՝ իրենց քայլն անօրինական է, ինչո՞ւ են ուզում փոփոխության ենթարկել խորհուրդը․․․ իրենք պատճառաբանում են, որ անընդհատ տնօրեն չի ընտրվում, եւ մտածում են՝ խորհուրդը փոփոխության ենթարկեն, փոխարենը ԺՊ նշանակեն չեզոք մարդու, որ մարդիկ կարողանան կողմնորոշվել, ոչ թե հավակնորդին բերեն նշանակեն ԺՊ։ Եթե հավակնորդը տնօրենի ԺՊ-ն է, մարդիկ իրենց աշխատանքը կորցնելու վախից կընտրեն Անի Դանիելյանին, ով առաջին երկու մրցույթներում զրո ձայն է ստացել։ Ես կառչած չեմ այդ աթոռից, ուղղակի ուզում եմ արդարություն լինի եւ ճիշտ ընտրություն»,- ասում է նախկին տնօրենն ու ընդգծում, որ իր պաշտոնավարման 5 տարիների ընթացքում մարել է դպրոցի 21 մլն դրամ պարտքը, նպաստել է աշակերտների թվի աճին, եղբոր հովանավորությամբ երեխաներին ապահովել է անվճար տրանսպորտով, ինչպես նաեւ վերանորոգել է դպրոցի սանհանգույցները։

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, ի պատասխան մեր հարցմանը, ասաց, որ եթե խորհուրդը 4 անգամ չի կարողանում տնօրեն ընտրել, հետեւաբար միակ լուծումը խորհուրդը փոխելն է․ «Եթե մի խորհուրդ չի կարողանում 4 անգամ տնօրեն ընտրել, այդպես անվերջ կարող է այդ խորհուրդը չկարողանա տնօրեն ընտրել»։ Այն, որ «Հանրակրթության մասին» օրենքը հստակ սահմանում է, թե որ դեպքերում է խորհրդի փոփոխությունն ընդունելի, Կուբատյանը նշեց, որ եթե օրենքը թույլ չի տալիս, ուրեմն խորհուրդը չի փոխվի, բայց եթե օրենքը թույլ է տալիս, քաղաքապետարանը դրանով ոչ մի անօրինական բան չի անելու․ «Ես հիմա չգիտեմ՝ օրենքը թույլ է տալիս, թե չէ, բայց, բնականաբար, քաղաքապետարանը չի կարող անօրինական ձեւով օրենք փոխել»։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից առաջադրված թեկնածուին՝ Անի Դանիելյանին, նա որեւէ կերպ չմեկնաբանեց իր՝ քաղաքապետարանի հովանավորյալը լինելու մասին լուրերը։

Հ․ Կուբատյանը դժվարացավ նշել, թե խորհրդի փոփոխությունն ինչքանով կլուծի տնօրենի ընտրության հարցը, միայն հույս հայտնեց, որ գուցե նոր խորհուրդը՝ նոր կազմով, կարողանա 5-րդ փորձից հետո դպրոցի տնօրեն ընտրել։