Նվիրվում է «չպատվաստված» բոլոր գործակալներին

Նվիրվում է «չպատվաստված» բոլոր գործակալներին

«Կա՞ ստեղ մեկը, որ ինձ ասի՝ գործակալ. Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավ»: Այս վերնագիրը կարդացի կայքերից մեկում եւ հունից դուրս եկա: Բայց քանի որ Ռուբինյանի ելույթ-հաթաթան չէի լսել, ինքզինքս ստիպեցի խորամուխ լինել եղելության մեջ: Ինձ համար իսկապես անհասկանալի էր՝ այդ ե՞րբ է Ռուբինյանը եղել հունի մեջ, որ հիմա էլ դուրս է եկել հունից: Լավ է՝ չեն գրել՝ ափերից դուրս եկավ…

Եվ ուրեմն՝ էս Ռուբինյանը մի քանի հորոխպոր տղա ուներ, որոնք իրենց ափերից դուրս էին գալիս, երբ իրենց օտարերկրյա գործակալ էին անվանում: Մեկի անունը Արման Բաբաջանյան էր: Երբ այս երեւույթը շատ սկսեց իր ափերից դուրս գալ, ՀՀ ԱԱԾ-ն մի փոքրիկ քաղվածք հրապարակեց Wikileaks-ից, որտեղ երեւում էր, որ նա հով լռված է ինչ-որ օտարերկրյա ընկերության հաստիքացուցակում: Բնականաբար, ԱԱԾ-ն ուրիշ բաներ էլ գիտեր Արման Բաբաջանյանի մասին:

Օրինակ՝ ինչո՞ւ Էդիկ Անդրեասյանը չկա որեւէ այդպիսի ցուցակում ու փողեր չի ստանում անգլո-ամերիկյան հիմնարկներից: Դա շատ պարզ բացատրություն ունի՝ Էդիկ Անդրեասյանը գործակալ չէ, իսկ ահա Արման Բաբաջանյանը գործակալ է եւ ափերից էլ դուրս է գալիս, որովհետեւ, հայտնի բան է, գործակալն առաջինն է գոռում՝ բռնեք գործակալին: Ռուբինյանի մյուս հորոխպոր տղեն Արարատ Միրզոյանն է: Նա էլ էր ասում, թե գործակալ չէ, չի եղել ու չի պատրաստվում լինել: Եվ դարձյալ ԱԱԾ միջամտությամբ մենք իմացանք, որ Արարատը ոչ միայն գործակալ է, այլեւ գործակալի քառակուսի:

Ոլորտի մասնագետները դրան ասում են՝ կրկնակի գործակալ, բայց Արարատի պարագայում, կարծում եմ, ավելի ճիշտ է «գործակալի քառակուսի» բնորոշումը: Բանն այն է, որ այսօր նաեւ թուրքերը գիտեն, որ Արարատը հիմա էլ հայկական գործակալ է, ու քանի որ հայկական գործակալ է, նրա հետ չեն բանակցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այլ նախընտրում են դա անել իրենց մյուս՝ դեռեւս չբացահայտված գործակալների միջոցով: Ի՞նչ է նշանակում՝ բանակցել Էրդողանի եւ Նիկոլի ներկայացուցիչների միջոցով, ովքե՞ր են այդ ներկայացուցիչները, ինչո՞ւ հանկարծ հենց նրանք: Եթե ներկայացուցչի մրցույթ հայտարարվեր, եւ Ռուբինյանը հաղթեր այդ մրցույթում, դեռ կարելի էր մտածել, որ նա գործակալ չէ:

Բայց ես ի՞նչ մտածեմ, երբ Նիկոլն իր փոխարեն թուրքերի հետ բանակցելու է ուղարկում մեկին, որ տարիներ շարունակ բնակվել ու աշխատել է Թուրքիայում, պատրաստվել ու վերապատրաստվել այդ երկրի ինչ-ինչ հաստատություններում: Այնպես որ, եթե առաջիկայում ԱԱԾ-ն չպատռի Ռուբինյանի փուչիկը՝ լեգենդը, ես շարունակելու եմ մտածել, որ Հայաստանի կողմից թուրքերի հետ բանակցողը Թուրքիայի կամ առնվազն թուրքական ազդեցության գործակալ է: Ռուբինյանն ինչքան ուզում է, թող իր ափերից դուրս գա: Այդքան հզոր տղա էր, թող ափերից դուրս գար այն ժամանակ, երբ Եվրախորհրդում Ռուսաստանի դեմ թուրքական գործակալին հարիր քվեարկություն արեց: Ճիշտ է, հետո գնաց, ներողություն խնդրեց, թե սխալ կոճակ է սեղմել, բայց ФСБ-ում հո խոտ չե՞ն ուտում:

Ռուբեն Ռուբինյանը մենակ չէ իր դժբախտության մեջ: Հայաստանում չբռնված եւ չբացահայտված գործակալներ՝ ինչքան ուզեք: Քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնց թվում է, թե իրենք տակավին բռնված ու բացահայտված չեն: ԱԱԾ արիխվներն ինձ թույլ չեն տա ստել: Դրանք մի գեղեցիկ օր կամ ըստ անհրաժեշտության կբացվեն, եւ յուրաքանչյուրն իրենը կստանա, այդ թվում եւ գործակալների ցանցի մոդերատոր Նիկոլ Փաշինյանը (ափերից դուրս չգա՞ հանկարծ):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճանաչողներից ո՞վ կարող է միանշանակ պնդել, որ նա թուրքերի հետ բանակցում է մեկ ճակատով՝ չերեզ Մոսկվա, կամ չերեզ Ռուբեն Ռուբինյան: Դիցուք՝ ես, որ Նիկոլին այնքան էլ լավ չեմ ճանաչում, համոզված չեմ, որ նա ընդունակ է որեւէ խաղ խաղալ ամենայն ազնվությամբ: Մի՞թե փաստ չէ, որ նա Էրդողանին բանակցելու հրավեր է ուղարկել Վրաստանի վարչապետի միջոցով: Խնդրում եմ ափերից դուրս չգալ, որովհետեւ այդ մասին ասել է Էրդողանն անձամբ, իսկ Էրդողանի ասածին կասկածելն անշնորհակալ գործ է: Եվ ուրեմն բացառվո՞ւմ է, արդյոք, որ Մոսկվայում ընթացող ներկայացուցիչների բանակցություններն ընդամենը շիրմա են այն բանակցությունների համար, որոնք ընթանում են այստեղ՝ Ախուրյանի աջ ու ձախ ափերից: Այդ բանակցությունները պայմանականորեն անվանենք՝ Նիկոլի կետից ընթացող՝ մեկ-մեկ չերեզ Վրաստանի վարչապետ, մեկ-մեկ՝ չերեզ Ալիեւ, մեկ-մեկ էլ՝ չերեզ Լեւոն Տեր-Պետրոսյան, Արմեն Սարգսյան ու մնացյալ չբացահայտված գործակալներ:

Իսկ հիմա՝ երկու խոսք սեփական երկրի դեմ պայքարող օտարերկրյա գործակալների մասին՝ ընդհանրապես: Դրանք սովորաբար լինում են երկու տեսակ՝ խոշոր եղջերավոր եւ մանր կճղակավոր: Խոշոր եղջերավորների կամ, ինչպես ընդունված է ասել՝ օթյակայինների մասին ես շատ բան չգիտեմ եւ վախենամ՝ որոշ անճշտություններ թույլ տամ, բայց ահա մանր կճղակավորներն իմ պրոֆիլն են եւ չեն կարող աչքիցս վրիպել: Մի փոքր մեղմացնելով բնորոշումը՝ ես նրանց կանվանեմ թշնամի պետությունների արտահաստիքային գործակալներ, որոնք փող, ճիշտ է, ստանում են, բայց նախատեսված չեն խոշոր օպերացիաներ իրականացնելու համար: Օրինակ՝ սորոսական ողջ սբրոդը, որ տարածված է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Սրանց հրահանգված է՝ կրծեք, ներսից քայքայեք ու մաշեք հայ հասարակությունը: Սծյոպիկ Սաֆարյան, Լեւոն Բարսեղյան, Դավիթ Սանասարյան, Դանիել Իոաննիսյան… Օրերս այս շարանին միացավ նաեւ հայտնի երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, որին փող էին տվել ու մի քիչ էլ արաղ, որ Ռոբերտ Քոչարյանին ընտրողներին «կենդանի» անվանի: Կարելի է գուշակել միայն, թե ինքն ինչ կենդանի էր, երբ Հյուսիսային պողոտայում սատարում էր Գագիկ Ծառուկյանին: Այս նույն շարքին պետք է դասել նաեւ պատգամավորի «կաստում-շլվար-գալստուկով» արտահաստիքայիններին, որոնք իրենցից համեմատաբար խոշորներին կրծքով են պաշտպանում ու փորձում թաքցնել մի բան, որ հայտնի է Ազգային անվտանգության ծառայությանը: Զորօրինակ՝ Վլադիմիր Վարդանյան, Վահագն Ալեքսանյան եւ այլք:

Բարեկամական խորհուրդս բոլոր գործակալներին՝ շտապեք ԱԱԾ եւ վերապրոֆիլավորվեք որպես կրկնակի գործակալ, այլապես բոլորդ դատվելու եք նույն հոդվածով՝ հայրենիքի դավաճանություն: Հետո ափերց դուրս չգաք, թե ձեր արածն ընդամենը չարաճճիություն է եղել, որով հացի խնդիր եք լուծել: ԱԱԾ-ի՝ ճարտարապետական ավելորդություններից զուրկ շենքում նստող տղերքն այդքան էլ զգացմունքային չեն: