Հայաստանում կարող ես շահել ավելի շատ միավորներ, բայց դուրս մնաս մրցույթից

Հայաստանում կարող ես շահել ավելի շատ միավորներ, բայց դուրս մնաս մրցույթից

Օրերս Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը վարկանիշային քվեարկությամբ կատարեց հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռման՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը: Բավականին բարդ այդ նախադասությունը նշանակում է, որ, ըստ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի, մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրից ավելի չափանիշներով կատարվել է ընտրություն, թե որ հեռուստաընկերությունները պետք է հեռարձակվեին ողջ հանրապետությունով մեկ կա՛մ միայն մայրաքաղաքում եւ կա՛մ առանձին մարզերում:

Ըստ նույն պաշտոնյայի, մրցույթը կազմակերպվել է խիստ պրոֆեսիոնալ սկզբունքով, եւ բացարձակ բացակայել է հեռուստաընկերությունների քաղաքական կողմնորոշման առումով կողմնակալությունը: Չափանիշները ներառել են այսօրվա եւ յոթամյա ապագային միտված ծրագրերը, ինչպես նաեւ 10 տարի առաջ ներկայացված ծրագրերի կատարողականները:

Կարելի է համաձայնել, որ արտաքնապես այդպես է, եթե հեռուստատեսության մրցույթը չշահած ընկերությունները դատական հայցեր չներկայացնեն հենց այդ ուղղությամբ: Սակայն կա տրամաբանական մի բացթողում, որը կարող էր լինել ճամփեզրի հենց այն քարը, որին գայթելով՝ ընկել են մասնակիցներից ոմանք: Դա առանձին-առանձին հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման համար հայտ ներկայացնելու խնդիրն էր: Ըստ մրցույթի արդյունքների, հանրապետական սփռում կարող են իրականացնել 5 հեռուստաընկերություններ, որոնք ստացել են 663-ից 713 միավոր: Մայրաքաղաքային սփռում կարող են իրականացնել 6 հեռուստաընկերություններ, որոնք ստացել են 463-ից 657 միավոր: 

Հանրապետական սփման մրցույթից դուրս են մնացել «Հ2» եւ «Ա1+» հեռուստաընկերությունները, որոնք հավաքել են, համապատասխանաբար, 626 եւ 545 միավոր: Եթե նրանք դիմեին միաժամանակ մայրաքաղաքային սփռման սլոթի համար մրցույթին, ապա կանցեին մրցույթով: Սակայն նրանք ենթադրել են, որ կարող էին շահել հենց հանրապետական սփռման մրցույթը: Այդ երեւույթը նույն պաշտոնյայի կողմից մեկնաբանվեց որպես ամբիցիաների դրսեւորում: Սակայն դա չէր լինի որեւէ երեւույթի դրսեւորում, եթե հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման մրցույթները միավորվեին մեկում, եւ արդյունքները բաշխվեին ըստ հավաքված միավորների: Այդ դեպքում չէր առաջանա այն հակատրամաբանական փաստը, երբ մայրաքաղաքային սփռում իրականացնող 6 հեռուստաընկերություններից 4-ը հավաքել են ավելի պակաս միավորներ, քան «Հ2»-ն ու «Ա1+»-ը:

Ընդ որում, մրցույթից դուրս են մնացել հենց այն երկու ընկերությունները, որոնք հաճելի չեն իշխանություններին, քանի որ դրանցից առաջինը պատկանում է Նիկոլին ոչ հաճելի եւ քրեական գործով մեղադրյալ անձին, իսկ երկրորդում հրավիրվում են իշխանական եւ ոչ իշխանական դիրքորոշումների գործիչներ՝ ի տարբերություն հանրային հեռուստատեսության:

Ի դեպ, մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց է մնացել, քանի որ մրցույթի մասնակիցներից մեկը չի հավաքել անհրաժեշտ նվազագույն 280 միավորը, եւ այդ տեղի համար մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովը պետք է հայտարարի նոր մրցույթ։ Թե ով կշահի այդ տեղը՝ ցույց կտա, թե որքանով են իրական հանձնաժողովի նախագահի խոսքերը, թե մրցույթ անցկացնելիս առաջնորդվել են ոչ թե քաղաքական կողմնորոշման, այլ պրոֆեսիոնալ սկզբունքով:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ