Քոչարյանի շախը՝ Փաշինյանին

Քոչարյանի շախը՝ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցն ավարտեց հետեւյալ վճռական հայտարարությամբ` մասնակցելու ենք եւ կրելու ենք: ՀՀ երկրորդ նախագահը նկատի ուներ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը՝ որպես քաղաքական ուժ եւ վարչապետի թեկնածու: Նախ՝ սա նշանակում է, որ ընդդիմությունը ձախողեց վարչապետին օրինական ճանապարհով հեռացնելու եւ ժամանակավոր կառավարություն ստեղծելու նախաձեռնությունը:

Ընդդիմությունն աջակցություն չունեցավ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ հրապարակային պայքարում: Այդ մասին էլ խոսեց Քոչարյանը` ընդդիմության պայքարը ձախողում չհամարելով: Նույնիսկ հաջողված համարեց, քանի որ հենց ընդդիմությունն իր քայլերով ստիպեց իշխանությանը գնալ արտահերթ ընտրությունների: Նաեւ չբացառեց, որ ընդդիմություն պայքարը դեռ առջեւում է, եթե օրինական ճանապարհով չհաջողվի հեռացնել վարչապետին, հավանական է, որ հեղափոխության միջոցով հասնի արդյունքի: Ամեն ինչ առջեւում է, եւ այս պահին չենք կարող կանխատեսել իրադարձությունների զարգացումը: Բայց մեկ բան հստակ է, որ իրադարձություններից մեկը արտահերթ ընտրություններն են, եւ այդ ընտրություններին մասնակցելու է Քոչարյանը:

Հստակ է նաեւ, որ Փաշինյանը մասնակցելու է այդ ընտրություններին, անկախ հանգամանքից` գործող վարչապետի՞, թե՞ լիազորությունները վայր դրածի կարգավիճակով: Եթե այսօրվա քաղաքական դաշտը տնտղում ենք, ապա տեսանելի է, որ դրա հիմնական մրցակիցը լինելու է Քոչարյանը: Հիմնական ընտրապայքարն ընթանալու է այդ երկու իրարամերժ, հակադիր բեւեռներում գտնվող, իրար չխնայող գործիչների միջեւ՝ Փաշինյան եւ Քոչարյան: Իսկ ի՞նչն է այդ երկու գործիչներին նույնացնում, որո՞նք են նրանց ընդհանուր եզրերը: Երկուսն էլ եղել են երկրի ղեկավար եւ երկուսն էլ ձերբակալվել ու բանտարկվել են: Ճիշտ երկու տարի առաջ մի հարցազրույցում ասացի, որ Փաշինյանը, գուցե ոչ մտածված, Քոչարյանին բանտարկելով` հաջորդ վարչապետը դառնալու նրա ճանապարհն է պատրաստում: Օրինակը հենց Փաշինյանն էր, որ, որպես կանոն, քաղբանտարկյալները հետո դառնում են երկրի ղեկավար: Գիտենք, որ ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Քոչարյանը իրենց համարում են քաղբանտարկյալներ:  

Նաեւ այն կարծիքին եմ եղել, որ մեկ դեպքում կարող է Քոչարյանը դառնալ Հայաստանի վարչապետ՝ երբ երկիրը կանգնած լինի կործանման եզրին, եւ գիտակցենք, որ մեր փրկությունը Ռուսաստանից է կախված՝ Քոչարյանի միջոցով: Սա պատերազմից առաջ էր, եւ կարծում էի, որ այդ դեպքը նախապատերազմական վիճակում հայտնվելն է լինելու: Իսկ հիմա պատերազմից հետո է: Բայց դարձյալ երկրում կործանարար զգացողություն է, դարձյալ Քոչարյանն ասպարեզում է, եւ դարձյալ մեր անվտանգությունը սրված կերպով կախված է ռուսական բարեհաճությունից: Քոչարյանը Պուտինի ընկերն է: Եվ սա Քոչարյանի հանրային հաղթաթուղթն է: Իսկ Փաշինյանի հաղթաթուղթը մնում են նախկինները: Բայց կա մի նրբություն. Փաշինյանն ու Քոչարյանն ուրիշ էին պատերազմից առաջ, ուրիշ են պատերազմից հետո: Նրանք իրար չեն խնայելու եւ միավորներ են հավաքելու բացառապես մեկը մյուսի հաշվին: Քոչարյանը Փաշինյանին մեղադրելու է պատերազմի եւ պարտության մեջ, իսկ Փաշինյանն ասելու է, որ այս պատերազմը նախկինների մեղքով էր: Քոչարյանն ունի եւս մեկ կռվան․ եթե նոր պատերազմ լինի, Փաշինյանն ինչպե՞ս է դիմադրելու: Փաշինյանն էլ իր կռվանն ունի․ եթե Քոչարյանը եկավ, նոր պատերազմ կլինի: Եվ ծանր հրետանին` նախկինների վերադարձը: Այս իրավիճակում ինչպե՞ս է կողմնորոշվելու ժողովուրդը: Քոչարյանը շախ է հայտարարել Փաշինյանին: Արդյո՞ք կկարողանա մատ անել, թե՞ այդ քայլով կօգնի Փաշինյանին վերընտրվել:

Հուսիկ Արա