Եթե անգամ մեր երկրում «վնգստացող» կա, ապա հաստատ դատավորները չեն

Եթե անգամ մեր երկրում «վնգստացող» կա, ապա հաստատ դատավորները չեն

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի՝ իրավապահների հետ հանդիպումից։ Մասնավորապես նշել էին, որ հանդիպմանը մասնակցած դատավորները որոշակի շահագրգռվածություններ եւ ակնկալիքներ ունեին, դրա համար էին գնացել հանդիպմանը։ Օրինակ, վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանն ուզում է Վճռաբեկի նախագահ նշանակվել, ուստի ոչ միայն իշխանական ցանկություններով է առաջնորդվում որոշումներ կայացնելիս, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով, այլեւ չի մերժում վարչապետի հրավերը։ Կամ՝ Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդեւյանը ուզում է դառնալ Վճռաբեկի դատավոր, այդ պատճառով է մասնակցել։

Ի դեպ, Հովսեփ Բեդեւյանը մեր գործընկերոջ՝ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Աստղիկ Բեդեւյանի եղբայրն է։ Իսկ «ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանն ու Արմեն Չիչոյանն էլ եղել են ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կադրերից, սակայն նրա հեռանալուց հետո պատրաստ են անել ամեն բան, միայն թե իրենց չնեղացնեն»։

Մամուլում երեկ գրվեց նաեւ, որ դատավորները հրաժարվել են մասնակցել կոնկրետ քրեական գործերի քննարկման՝ թույլ չեն տվել դա արվի իրենց ներկայությամբ՝ ասելով, որ «դա կդիտարկվի անկախության նկատմամբ ոտնձգություն»։ 

Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ հանդիպումից։ Մասնավորապես այն, որ դատական համակարգի ներկայացուցիչներից մի քանիսը շատ կոշտ են խոսել՝ հակադրվելով վարչապետին։ Ըստ ամենայնի խոսել են այն մասին, որ նման ուղղակի ճնշումներն անթույլատրելի են եւ չի կարելի դատախազի ու ՀՔԾ պետի հետ միասին նման «ուղեղների լվացման» պրոցես իրականացնել նաեւ դատավորների նկատմամբ։   

Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են եղել ընդվզողները։ Պարզվում է՝ հիմնականում կանայք են խոսել․ ամենից կոշտ ելույթ ունեցել է ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը։ Ապա նրան շարունակել է Լիլիթ Թադեւոսյանը։ 

Հետո հանրային տարբեր դեմքեր գնահատականներ տվեցին այս հանդիպման փաստին, մասնավորապես՝ ՄԻՊ Արման Թաթոյանը, մի քիչ ավելի զուսպ արտահայտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Բարդազարյանը, գնահատականներ հնչեցրեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ուրիշներ։ Ի դեպ, Ռ․ Վարդազարյանին չէին հրավիրել նշված հանդիպմանը, իսկ ԲԴԽ 3 անդամներ՝ Ստեփան Միքայելյանը, Արմեն Հայկյանցը եւ Մեսրոպ Մակյանը հրավեր ստացել էին, բայց չէին գնացել հանդիպման։

Մենք այսօր փորձեցինք հասկանալ, թե ինչ տպավորություն ունեն դատական համակարգում վարչապետի մոտ կայացած այս հանդիպումից։ Դատավորներից մեկը, որի անունը չենք գրում նրան չթիրախավորելու համար, մեզ հետ զրույցում ասաց, որ դա ձախողված նախաձեռնություն էր, որը չծառայեց իր նպատակին։ Երկրում առկա բյուր խնդիրները մի կողմ թողած, վարչապետը զբաղվում է իրավապահների նկատմամբ ճնշումներ գործադրելով եւ լուրջ հակազդեցության է արժանանում համակարգի կողմից։ «Դատական համակարգի ներկայացուցիչներն ապացուցեցին, որ վնգստացող եթե անգամ կա, ապա դրանք դատավորները չեն»,-ասաց մեր զրուցակիցը։