Հեռացիր, Նիկոլ

Հեռացիր, Նիկոլ

Մամուլում, համացանցում, կայքերում, հեռուստատեսությամբ, բողոքի ակցիաներում, հանրահավաքներում, անգամ ընկերական ու ընտանեկան հավաքներում էլ մարդու համար վիրավորական բառ չմնաց, որ չասվեր քո հասցեին։

«Հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար ու մեկ»։ Դու, երեւի, հազվադեպ մենակ եղած ժամանակ քեզ պատկերացնում ես առուն թռչելու ժամանակ ջուրն ընկած մոլլայի վիճակում։ Պատմեմ. մոլլան առուն թռնելիս ընկնում է ջուրը։ «Հե՜յ գիտի ջահելություն»,- ասում է մոլլան։ Ապա, նայելով շուրջը, տեսնելով, որ մարդ չկա, ինքն իրեն ասում է.

- Մոլլա, հիշիր, որ ջահել ժամանակդ էլ մի բան չէիր։

Այո, Նիկոլ, ջահել ժամանակդ էլ մի բան չէիր, նույն սուտասանը, նույն ավանտյուրիստը։ Այս մասին շատ փաստեր ու վկայություններ կան, որոնք արվել էին քեզ հետ նախկինում շփվածների կողմից։ Նիկոլ, այսօր դու կառավարության անդամներին ու Ազգային ժողովի քո բաժին պատգամավորներին առաջդ արած՝ քշում ես դեպի անհայտություն, իսկ ավելի ճիշտ՝ դժոխք։ Խղճա նրանց, մեղք են։ Չէ որ նրանցից շատերն ուղղակի մոլորյալներ են, ոմանք էլ՝ զոմբիացածներ, որի հիմնական մեղքը քո վզին է փաթաթված։ Նրանց ուղղակի խղճալ է պետք։ Նրանցից շատերը դեռ շատ երիտասարդ են, գուցե վերջապես հասկանան, կողմնորոշվեն, ճիշտ ուղու վրա կանգնեն ու զղջան քո թելադրանքով իրենց թույլ տված աններելի սխալների համար, մի՛ խորտակիր նրանց ապագան։

Դու ոչ միայն նրանց չես խղճում, այլեւ՝ քո ընտանիքին։ Լսիր, Նիկոլ, ետպատերազմական մեր սերնդի ամենասիրված երգերից մեկն էր.

Այսքան ուրախ կյանքը մեր
ընկեր Ստալինն է տվել,
Եվ հայրական խնամքով
մեզ փայփայել ամեն օր։

Երգում էինք կիսաքաղց, կիսամերկ դպրոցական երեխաներս՝ հավատալով, որ մեր կյանքը շատ ուրախ է, մենք երջանիկ ենք, քանի որ Ստալինի պես հոգատար հայր ունենք։ Արեւմուտքի խամաճիկ Նիկոլ, քո բնորոշմամբ սպիտակների կարգավիճակ ունեցողները, թեկուզ արդեն նոսրացած, դեռ երգում են այդ երգը՝ տեքստում փոխելով մեկ բառ։

Այսքան ուրախ կյանքը մեր
Պարոն Նիկոլն է տվել։

Թող երգեն, առայժմ, չէ՞ որ կգա ժամանակը, որ կապացուցվի մեր կյանքի այսօրվա դաժան իրավիճակը։ Նիկոլի ստեղծած իրավիճակը։

Մութ սենյակում սեւ կատու փնտրող Նիկոլ, հայրենիքն այս վիճակից հանելու համար ջերմեռանդ պայքարող քանիսի՞ն ես անարգել, քանիսի՞ն ես ԱԱԾ ուղարկել, հետո էլ հրահանգել անպայման կալանավորել։ Փուչիկ մեղադրանքներդ փուչիկի պես պայթում են։ Պայթում են, որովհետեւ դեռ կան չվնգստացող, արդարամիտ ու անաչառ դատավորներ։ Իսկ դա քեզ զայրացնում է, ու դու ավելի սանձարձակ ես դառնում։

Նիկոլ, հիշիր Աբու-Լալա Մահարիին։

Մի օր քեզ մարդիկ կբարձրացնեն եղջյուրներից վեր,
Մյուս օրն այդ նույն մարդիկ քեզ ցած կգցեն սմբակների տակ ճմլելու համար։

Փողոցը, ամբոխը քեզ վեր բարձրացրեց եղջյուրներից վեր, նա էլ քեզ ցած կգցի՝ սմբակների տակ ճմլելու համար։ Իհարկե, շուտով։

ԱԱԾ ուղարկված մարդիկ այնտեղ կարճ էին մնում, իսկ դու այնտեղ երկար ես մնալու։ Նիկոլ, երեւի ծանոթ ես պատմության դեպքերին, թե ինչ վերջաբան է սպասվում քեզ նման արկածախնդիրներին։ Հիշիր գեթ Բյուզանդիայի կայսր Կալիգուլային, Չաուշեսկուին։ Որքանո՞վ ես համոզված, որ ստիպված չես լինելու կրկնելու արյունախում կայսր Ներոնի վերջին խոսքերը․ «Եվ դու, Բրուտոս»։ Թե՞ համոզված ես, որ քո շրջապատում Բրուտոս լինել չի կարող։ Վերջապես սա էլ իմացիր․ դու քո գործունեությամբ ստիպում ես մեզ վերականգնելու, վերաիմաստավորելու «Նեմեսիսը»։

Վոլոդյա ԳԵՂԱՄՅԱՆ
Նախկին ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ