Հանգիստ դիտում ենք, թե ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիները պաշտպանում Հայաստանի իշխանությանը

Հանգիստ դիտում ենք, թե ինչպես են թուրքերն ու ադրբեջանցիները պաշտպանում Հայաստանի իշխանությանը

«Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը կենսականորեն շահագրգռված են Հայաստանում ներկա իշխանության քաղաքական գծի պահպանման հարցում (այսպես կոչված` «խաղաղության դարաշրջանի» քաղաքականություն), քանի որ դժվար թե հետագա պատմական հեռանկարում թուրք-ադրբեջանական տանդեմը հնարավորություն ունենա մեկընդմիշտ վերջ դնելու, այսպես կոչված, «հայկական» հարցին։ Այսպիսով, բազմիցս եկվոր քոչվոր ցեղերի նույն «նախագահը»՝ Իլհամ Ալիևը, ծայրահեղ անհանգստություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ հայ հասարակությունը կարող է միջամտել Հայաստանի ներկայիս իշխանության կողմից իրականացվող քաղաքականությանը, որը, ըստ թուրք-ադրբեջանական հաշվարկների, պետք է հանգեցնի հայ էթնոքաղաքական տարրին՝ տարածաշրջանից չեզոքացման, վտարման, ոչնչացման (Արցախի հանձնում Ադրբեջանի քաղաքական դաշտին, Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի բացում, Հայոց ցեղասպանության թեման քաղաքական օրակարգից ջնջելը և այլն) թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացմանը»,- «Հրապարակին» ասաց քաղաքական գործիչ Արման Աբովյանը:

Նա հիշեցրեց, որ ընդամենը երկու օր առաջ նույն խիստ «անհանգստությունն» արտահայտեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ցավով հայտնելով, որ Հայաստանում «արմատական» շրջանակները և հասարակության մեծ մասը համաձայն չեն Հայաստանն ու հայերին ոչնչացնելու ծրագրերին։ 

«Հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի այս հայտարարություններն այսչափ ուղղակի չեն հնչում, այլ թաքնված են «խաղաղություն» և «տարածաշրջանային համագործակցություն» բառերի տակ, սակայն թուրքերի և ադրբեջանցիների իրական քայլերը փաստում են ուղիղ հակառակը։ Այստեղ հարցեր են առաջանում, որի պատասխանները Հայաստանի իշխանությունները չեն կարողանում գտնել կամ պարզապես չեն ցանկանում այդքան «խորանալ»։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիներն այդքան ցանկանում են խաղաղություն հայերի հետ, ապա ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ իր զորախումբը մեծացնում Հայաստանի սահմաններին և օկուպացված Արցախի տարածքներում։ Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը մշտապես սպառնում պատերազմով, եթե հայերը չենթարկվեն իրենց բոլոր պայմաններին։ Ինչո՞ւ են հայկական ժառանգության մասին բոլոր հիշատակումները բառացիորեն ոչնչացվում թուրք֊ադրբեջանական տանդեմի կողմից օկուպացված Արցախի տարածքներում։ Ինչո՞ւ են անընդհատ տարածքային պահանջներ հնչեցնում Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ։ Ինչու՞ է աճել Ադրբեջանի ռազմական բյուջեն 2020 թվականից հետո։ Ինչո՞ւ է հայերի նկատմամբ կենդանական ատելություն արմատավորվում։ Ինչո՞ւ է Ադրբեջանում անգամ արգելված հայկական քաղաքների ու շրջանների հայկական անուններն արտասանելը, իսկ եկվոր թյուրքական քոչվոր ցեղերի հորինած կեղծ անունները ներմուծվում են ադրբեջանական խոսույթ»,- իր մտահոգությունն արտահայտեց Աբովյանը։

Քաղաքական գործիչը վստահեցնում է, որ նման հարցեր շատ կան, որոնցից ոչ մեկի պատասխանը Հայաստանի ներկայիս իշխանությունները չունեն, և ընդգծում է, որ դրա հետ մեկտեղ ստեղծվել է մի աննորմալ իրավիճակ, երբ ներկայիս իշխանությունը չի դադարում բնակչության բարոյալքման ու խաբեության քաղաքականություն վարել՝ փորձելով ՀՀ քաղաքացիներին ներշնչել այն միտքը, որ եթե Հայաստանը չհանձնվի թուրքերին, ապա իրեն ոչնչացում է սպասվում, և դա` այն պարագայում որ իրավիճակը գրեթե 180 աստիճանով հակառակ պատկերն ունի։ 

«Մի բան միանշանակ է, որ «խաղաղության դարաշրջանի» ուժային հայեցակարգի իրագործման դեպքում Հայաստանը կքանդվի ու կկործանվի, և դա արդեն հասկանում են նույն իշխանությունները, որոնք արդեն կամացուկ խոսում են նրա մասին, որ նոր պատերազմի հեռանկարները բազմիցս աճել են։ Մեկը իրենց հարցնի` տեսնես թե ինչո՞ւ։ Մենք հիմա ապրում ենք խաբեության ու մանիպուլյացիայի հրեշավոր թուրքահաճո և ադրբեջանամետ կաթսայում, որը տաքացվում է Հայաստանի ներկայիս իշխանության կողմից և կոչվում է «խաղաղության դարաշրջան»։ Զարմանալի է, որ մենք արդեն հանգիստ նստած մեր խոհանոցներում` դիտում ենք, թե ինչպես են թուրքերը ու ադրբեջանցիները, որոնք երբեք չեն թաքցրել հայերին ոչնչացնելու իրենց իրական նպատակները, փրփուրը բերաններին պաշտպանում Հայաստանի ներկայիս իշխանությանը։ Եվ հետաքրքրություն է առաջանում` ինչո՞ւ»,- ասաց Աբովյանը։