Կեղծ եւ վտանգավոր պնդումներ

Կեղծ եւ վտանգավոր պնդումներ

«Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, եւ մեր մեծագույն խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տեւական գործոնի»: Սա հատված է Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հուլիսհինգյան ուղերձից:

Հատվածի առաջին մասը կեղծիք է. իրականում՝ իշխանությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ մեջբերված տողերի հեղինակին: Եվ նա դա գիտի ու օգտվում է դրանից: Ասվածն էլ ընդամենը կիսագրագետ ժողովրդին է ուղղված, որն իրեն ձայն էր տվել, նրան հիմարեցնելու հերթական փորձն է: Որը, ի դեպ, լավ էլ աշխատում է, քանի որ ժողովուրդ կոչվածն էլ, մեծ հաշվով, դեմ չէ հիմարանալուն: Ինչ մնում է այդ կեղծ ժողովրդավարության միջազգայնորեն ճանաչված լինելուն, ապա դա արվել է, քանի որ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջին իսկ օրվանից Փաշինյան Նիկոլը սպասարկում է արեւմտյան երկրների շահերը: Եվ դա անում է ի վնաս Հայաստանի Հանրապետության շահերի, պետության անվտանգության: Եվ նույնիսկ հասել է նրան, որ զրոյացվել է սուբյեկտայնության առումով ՀՀ դերակատարումը, եւ արդեն գոյությունն է կասկածի տակ դրվում: 

Անցնենք իշխանափոխության «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» բնորոշմանը: Երբ 2018-ի մայիսի 1-ին կամ հատկապես 8-ին ՀՀ Ազգային ժողովը վարչապետ էր նշանակում (հե՛նց նշանակում, քանի որ այն ընտրություն չէր) Փաշինյան Նիկոլին՝ դա արվում էր հանուն նրա սիրո՞ւն աչքերի, թե՞ խելքի ու գիտելիքների եւ կամ կազմակերպչական ունակությունների եւ հայրենասիրության: Իհարկե, ոչ: Դրանցից ոչ մեկը: Դա արվում էր փողոցները համատարած փակած եւ պետական շենքերն ու հատկապես ԱԺ շենքը շրջափակած ժողովրդի պարտադրանքով: Թե որն էր այդ դեպքում «ոչ բռնին ու թավշյան»՝ գիտեն երեւի միայն ինքն ու իր արեւմտյան հովանավորները: 

Վերջապես անցնենք մեջբերված հատվածի երրորդ պնդումին՝ «մեր մեծագույն խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տեւական գործոնի»: Հենց այս պնդումն է պարունակում ամենամեծ սխալն ու կեղծիքը: Հենց դա է վտանգում հայոց պետականության ճակատագիրը: Մեր տարածաշրջանն Արեւմտյան Եվրոպան չէ: Եվ ՀՀ-ն էլ շրջապատված է ոչ թե համանման արժեքային համակարգով առաջնորդվող պետություններով, այլ 21-րդ դարում զավթողական քաղաքականությունը նպատակ դարձրած Թուրքիայով եւ նրա մանկլավիկ Ադրբեջանով: Այն Թուրքիայով, որը երբ թույլ էր, առաջնորդվում էր «Զրո խնդիրներ հարեւանների հետ» դրույթով, իսկ հզորանալուն համընթաց՝ բազմաթիվ խնդիրներ ստեղծեց այդ նույն հարեւանների հետ: Եվ այսպիսի տարածաշրջանում ժողովրդականությունը ոչ թե անվտանգությունն ապահովող գործոն է, այլ արժեք չունեցող վիրտուալ երեւույթ: Իսկ իրական գործոնը ռազմական ուժերն են, որոնք ռեսուրսային բոլոր առումներով ջարդվել են «հպարտ» անձնավորության կողմից: