Կարծես նման իրավիճակից խուսափելու ճանապարհներ այսօր չեն նշմարվում

Կարծես նման իրավիճակից խուսափելու ճանապարհներ այսօր չեն նշմարվում

2020թ. սեպտեմբերի 27-ից մի քանի օր առաջ դժվար էր երեւակայել, որ Արցախն ու Հայաստանը կարող էին հայտնվել այսպիսի ողբերգական, աներեւակայելի վիճակում, երբ մազից է կախված Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը, որ Ադրբեջանի դեմ պատերազմում կկորցնեինք մեր տնօրինության տակ գտնվող տարածքի 75 տոկոսը, կունենայինք 4 հազարից ավելի մատղաշ զոհեր, 10 հազարից ավելի անհետ կորածներ, վիրավորներ ու 2 տարի անց Բաքվում գտնվող գերիներ, Հայաստանի տարբեր ստրատեգիական տարածքներից կորուստներ։ Որ, բացի դրանք, կունենայինք նման հոգեբանական, Ադրբեջանի առջեւ նվաստացած եւ պարտված վիճակ, ու հայն ամբողջ աշխարհում կքայլեր գլուխն ամոթից կախ վիճակում: Ո՞վ կպատկերացներ, որ ամբողջ աշխարհը զարմանքից ապուշ կկտրեր, որ մենք այսքան անթասիբ ու վախկոտ ազգ դուրս կգայինք, որ վախից կարող էինք այսպես կռանալ թուրքի եւ ադրբեջանցու առջեւ ու լռելյայն համաձայնել նրանց բոլոր առաջարկներին ու պարտադրանքներին, միայն թե մեզ վրա չհարձակվեն: 

Մենք նմանվել ենք մի լաթի կտորի, որով Ադրբեջանը կարող է ուզած ձեւով մաքրել իր ոտքերը: Աշխարհի շատ երկրների համար Հայաստան երկիր, Հայոց պետականություն, Արցախ, հայ ժողովուրդ՝ որպես ինքնիշխան ու հպարտ միավոր, այլեւս ուղղակի չկան: Բնական է, որ պատերազմներում կողմերից մեկը պարտվում է, սակայն դա կարող էր լինել արժանապաիվ պարտություն, մենք պետք է խոստովանենք, որ մեր դեպքում դա բացառիկ անարժանապատիվ պարտություն էր, որի դառը պտուղները վայելում ենք առայսօր եւ, հավանաբար, դեռ երկար ենք վայելելու: Մեր վզին մշտապես կախված պարտության վախի առկայության պայմաններում մենք շարունակելու ենք պահպանել ստարտային պարտված վիճակը եւ չենք կարողանալու հավասարը հավասարի կարգավիճակ ձեռք բերել: Իսկ նման կարգավիճակում էլ մեզ միշտ ուղեկցելու են պարտությունները՝ փակ շրջան է սա: 

Եվ կարծես նման իրավիճակից խուսափելու ճանապարհներ այսօր չեն նշմարվում։ Փրկության միակ ճանապարհը դիմադրության շարժման միջոցով իշխանափոխության հասնելն էր, սակայն դրա շանսերը գնալով մարում են, քանզի շարժումն ինքն է գնալով մարում: Դրա մասին են վկայում Արթուր Վանեցյանի, Արթուր Ղազինյանի, գուցե՝ Էլինար Վարդանյանի կողմից մանդատները վայր դնելու քայլերը, որը խոսում է ընդդիմադիր խմբակցությունների քայքայման մասին: 
Բնական է, ինչպես մեծն բանաստեղծն է ասել. «Կա՛մ շահն է մորթում, կա՛մ շահին են մորթում», քանի որ «շահին» չմորթեցին, ուրեմն շահն է մորթելու դիմադրության շարժմանը: Իսկ եթե փրկության միակ հույսը՝ դիմադրության շարժման հաջողությունը մարում է, մարում է նաեւ Արցախը հանձնելու եւ Հայաստանը կործանումից փրկելու վերջին հույսը, ու ամեն ինչ գնում է դեպի լիակատար պարտություն: 

Փաստորեն, իշխանության հույսերն արդարացան։ Իսկ նրանք հույս ունեին՝ քանի որ դիմադրության շարժման ղեկավարները եւս հայեր են, եւ վաղ թե ուշ նրանց միջեւ եղած հակասությունները կփլուզեն շարժումը, կարծես արդարանում են։ Եվ իշխանությունները հասան իրենց նպատակին՝ ազատվեցին իրենց խանգարող վերջին վտանգից, նրանց ձեռքերը լրիվ ազատվեցին, եւ կարող են իրենց բոլոր հակահայկական ու դավադիր ծրագրերն առանց խոչընդոտի իրականություն դարձնել։ Արդյունքում կկորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը, որը կլինի վերջնական: Փաստորեն, անձնական ամբիցիաները հերթական անգամ հաղթում են ազգայինին, որը, ցավոք սրտի, օրինաչափ է եւ հարիր մեր ազգին: 

Որ հայրենիք կորցնելն անասելի ցավ է, այդ մասին բոլորը գիտեն, եւ դրա մասին են վկայում այն անասելի կորուստները, որ ունեցել ենք մեր պատմության բոլոր ժամանակներում։ Իսկ առավել ցավալի են այն կորուստները, որը տվեցինք արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: Եթե ամեն ինչ այսպես պետք է ընթանար, ո՞րն էր այդ կորուստների, զոհերի իմաստը... Չէ, այնուամենայնիվ, մի իմաստ կար. այդ հերոս տղաները պետք է զոհվեին, որպեսզի ականատես չլինեին մեր ստրկական պարտությանն ու Արցախի, Հայաստանի հանձնմանը...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ