Ի՞նչ սպասել Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից

Ի՞նչ սպասել Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից

Այսօր Բրյուսելում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահի պաշտոնում գտնվող Իլհամ Ալիեւը հանդիպելու են ԵՄ խորհրդի նախագահ Ժան Միշելին:

Թեեւ ոչ մի շոշափելի տեղեկատվություն չի եղել այն մասին, թե հանդիպումն ինչ օրակարգով է գումարվում, եւ ինչ ակնկալություններ կարելի է սպասել (եղել է միայն բառային ծխածածկույթ Հարավային Կովկասում երկարատեւ եւ կայուն խաղաղության հասնելու ջանքերի մասին), այդուհանդերձ, որոշ ենթադրություններ կարելի է անել, թե ինչու են Փաշինյանին եւ Ալիեւին Բրյուսել հրավիրել, եւ ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու օրվա մեջ երկու անգամ Փաշինյանին զանգահարել: Հիշենք. սա այն նույն նախագահ Պուտինն է, ով 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ չէր բարեհաճում անձամբ Երեւան զանգահարել, կայացած հեռախոսազրույցների մասին Կրեմլից տարածվող հաղորդագրություններում էլ հատուկ նշվում էր, թե դրանք կայացել են հայկական կողմի նախաձեռնությամբ:

Մինչդեռ այժմ, երբ Ուկրաինայի հանդեպ ՌԴ սանձազերծած պատերազմի պլան A-ն տապալված է, Կիեւից մինչեւ Չեռնոբիլ ձգվող բնակավայրերում տասնյակ հազարավոր զոհեր ու վիրավորներ թողնելուց, հազարավոր միավոր զինտեխնիկա կորցնելուց, պատերազմական հանցագործություններ կատարելուց հետո ՌԴ զորքերը հեռանում են Կիեւից, Չեռնոբիլից, Սումիից, առհասարակ` Ուկրաինայի հյուսիս-արեւելքից` իբր Կրեմլի պլան B-ին անցնելու եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում պատերազմական գործողությունները սաստկացնելու համար (ընդսմին, ոչ մի երաշխիք չկա, որ Եկատերինա Երկրորդի օրոք կոմս Պոտյոմկին-Տավրիչեսկու նվաճած եւ Նովոռոսիա կոչված տարածքը վերանվաճելու Պուտինի մոլուցքը նույնպիսի անփառունակ ու աղետալի վերջաբան չի ունենալու, ինչպես Կիեւը նվաճելու ու այնտեղ շքերթի մասնակցելու պլան A-ն ունեցավ), ահա, այդ պատերազմական տապալումների ու խառնաշփոթի հորձանուտում Պուտինը ժամանակ է գտնում երկու օրում երկու անգամ Փաշինյանին զանգահարել:  
Եվ ինչու է զանգահարո՞ւմ… Դատելով տարածված մամլո հաղորդագրություններից` երկու անգամ կրկնելու համար, թե Ալիեւ-Պուտին-Փաշինյան եռյակի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է կատարվի: 

Պուտինի մոտիվացիան եւ նպատակը

ՌԴ նախագահը, անշուշտ, գիտակցում է, որ նոյեմբերի 9-ի Ալիեւ-Պուտին-Փաշինյան հայտարարությունը ոչ մի իրավական արժեք չունի, դա միայն հրադադարի համաձայնություն է եւ երբեք չի դրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում: Ցանկացած տրամաբանությամբ կարգավորումը կարող է լինել միայն այն սկզբունքների եւ փաստաթղթերի հիման վրա, որ տասնամյակների ընթացքում մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որտեղ ռուսական խաղաղապահության մասին դրույթ, որքան հայտնի է, երբեք չի եղել:
Պուտինը նաեւ գիտակցում է, որ Ռուսաստանին բոլոր միջազգային հարթակներից հեռացնելու գործընթացը, ի վերջո, բերելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերընտրության: Խոսակցություններն ընթանում են Ռուսաստանին Եվրոպական Միությամբ փոխարինելու շուրջ, եւ մեծ հավանականությամբ` Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել են հրավիրել այդ ուղղությամբ զոնդաժի համար: Հետեւաբար, Ռուսաստանի համար Մինսկի խմբում մնալու եւ Հարավային Կովկասում իրադրությանը միջամտելու միակ ճանապարհն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաձայն պնդեն Ռուսաստանի` Մինսկի խմբում մնալու օգտին:

Ադրբեջանը, ինքնաբերաբար, երկու ձեռքով, երկու ոտքով կպաշտպանի ՌԴ-ի ներկայությունը Մինսկի խմբում, քանի որ Ռուսաստանի հեռացումն անխուսափելիորեն զրոյացնելու է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը` իր հետեւանքներով: Արեւմուտքի համար այն լոկ հրադադարի համաձայնություն է, որ չի կարող կանխորոշել ԼՂ խնդրի համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը:

Պուտինի խնդիրն այժմ այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ ամեն շահի ու տրամաբանության հակառակ պնդի Ռուսաստանի` Մինսկի խմբում մնալու եւ, ինքնաբերաբար, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի օգտին: Հավանաբար, դրա համար էլ երկու օրում երկու անգամ զանգահարել է Երեւան:

Ալիեւի` պատեպատ զարնվելը 

Իլհամ Ալիեւը կարող է ձեւեր թափել, թե դժգոհ է ռուս խաղաղապահների ներկայությունից Լեռնային Ղարաբաղում, բայց դա միայն ձեւեր են, քանի ՌԴ խաղաղապահներն են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության պահպանման գրավականը:

Անկախ նրանից, թե Ալիեւը երկու օրը մեկ ինչ է զառանցում ԼՂ խնդիրը լուծած լինելու մասին, իրականությունն այն է, որ ինքը ոչ միայն ԼՂ խնդիրը չի լուծել, այլեւ լծակներն է սպառել` լուծման վրա ազդելու: Նոր ռազմական ագրեսիայի Ալիեւն առաջիկա մի քանի տարում չի կարող դիմել, որովհետեւ իրեն Արեւմուտքից տեղում կսատկացնեն: Ադրբեջանն իրենից ոչինչ չի ներկայացնում ոչ ռազմական, ոչ տնտեսական առումով եւ եթե միայն փորձի ռազմական արկածախնդրության դիմել, Սերբիայի կամ Լիբիայի վիճակում կհայտնվի:

Ալիեւին հիմա, ըստ էության, այնպես են տեղը նստեցրել, ինչպես 2016-ի ապրիլին: Իհարկե, Հայաստանում մի քանի տարի հեքիաթներ էին տարածում, թե իբր 2016-ին Ադրբեջանի ապրիլյան հարձակումը մի քանի օրում դադարեցվեց Մոսկվայի ջանքերով կամ հայկական զինուժի դիմադրությամբ, այդպես էլ չբացատրելով, թե այդ դեպքում ինչ պատահեց, որ հանկարծ 2020-ին նույն Մոսկվան ու ՀՀ զինուժը նույն հաջողությունը չարձանագրեցին: Կենդանակերպի նշաննե՞րն էին սխալ դասավորվել, թե՞ ինչ էր պատահել… 

Մինչդեռ իրականությունը, մեծ հավանականությամբ, այն է, որ, ինչպես բազմիցս գրել եմ, 2016-ին Ալիեւին Ստեփանակերտը ռմբակոծելուց ու պատերազմն ամբողջ թափով ծավալելուց հետ կանգնեցրին Սպիտակ տնից գործադրված միջամտությունն ու ճնշումը, երբ այն ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենն ապրիլի 4-ին, Վաշինգտոնի ժամանակով` առավոտյան, Երեւանի եւ Բաքվի ժամանակով` երեկոյան, զանգեց Իլհամ Ալիեւին, ապա` Սերժ Սարգսյանին: Իսկ 2020-ի սեպտեմբերին ոչ ոք Վաշինգտոնից չէր զանգում, և բոլորս տեսանք, թե Պուտինն իրեն ինչպես պահեց (պետքարտուղար Պոմպեոն զանգեց հոկտեմբերի վերջերին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները մեկնում էին Վաշինգտոն): 

Հիմա, դատելով Բլինկենի ակտիվությունից, Ալիեւը կարծես նորից նախազգուշացված է՝ ինչպես 2016-ին: Ի վերջո, տեսնում ենք, չէ՞, որ Ալիեւը որքան էլ իրեն պատեպատ է զարնում եւ Մինսկի խմբի համանախագահների հասցեին հեռակա մուննաթ է գալիս, ամենաշատը կարողանում է ռուսների հետ համաձայնեցված նրանց պահպանության գոտում խլրտալ: Ի դեպ, այդ խլրտոցն էլ ռուսները՝ այսպես թե այնպես, ճնշելու են, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում են իրենք որպես խաղաղապահ մուտք գործել Արցախ եւ չեն կարող թույլ տալ, որ իրենց խաղաղապահ առաքելությանը ձեռնոց նետվի: 

Ի դժբախտություն Ալիեւի, նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության արդյունքում Մոսկվա-Անկարա համագործակցությունն է վերջացած երկար ժամանակի համար: Ինչ թղթեր էլ Բաքուն ստորագրած լինի Անկարայի հետ ռազմական օժանդակության վերաբերյալ, դրանք երկար տարիների համար զրոյացած են, քանի որ ՆԱՏՕ-Ռուսաստան ներկա դիմակայության խորքին, ՆԱՏՕ-ն երբեք թույլ չի տա, որ Թուրքիան իր սահմաններից դուրս թպրտա: Թուրքիան կարող է լեզվին տալ, բայց երբեք Ռուսաստանի մոտերքում չի թպրտա, որովհետեւ ո՞ւր է երաշխիք, թե միջուկային զենքով հոխորտացող Պուտինը դա առիթ չի դարձնի եւ թեկուզ ցուցադրության համար մի-երկու միջուկային ռումբ Թուրքիայի գլխին չի իջեցնի: 

Մեծ հաշվով, Թուրքիայի ուղղությամբ մեկ-երկու հարվածն ամենահարմար տարբերակն է Պուտինի համար՝ իր միջուկային արսենալը կիրառելով՝ ներկա ուկրաինական ռազմարշավից ինքնահաստատված դուրս գալու եւ ՆԱՏՕ-ի հետ բախումից էլ խուսափելու (եվրոպական ո՞ր երկրի խորհրդարանը կամ ժողովուրդը կհամաձայնեն, որ իրենց երկիրը ՌԴ-ի հետ միջուկային պատերազմի մեջ մտնի հանուն Թուրքիայի):

Այնպես որ, Թուրքիայի թե՛ քաղաքական, թե՛ ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին այժմ անցյալի դրվագ է: Բաքուն միայնակ է մնացել իրականության հետ, երբ ոչ մի ռազմական արկածախնդրության դիմել չի կարող: Դիվանագիտական սեղանի շուրջ էլ սպառել է գործուն խաղաքարտերը՝ 2020-ին վայրագ ուժ կիրառելու արդյունքում: Արեւմուտքի համար 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն հրադադարի մասին է, որով իրականացված մուտքը ԼՂԻՄ տարածք ոչինչ չի նշանակելու` վայրագ ուժի կիրառման արդյունք լինելու պատճառով: Դրա համար էլ միջազգային արենայում ՌԴ դիրքերի թուլանալուն զուգահեռ Ալիեւն իրեն պատեպատ է զարնում` նոյեմբերի 9-ի հայտարարության` առոչինչ դառնալու հեռանկարից:

Ի՞նչ անի Փաշինյանը

Հասկանալիորեն, Փաշինյանն էլ, որի մտավոր ունակությունները չեն բավարարում անգամ ստանդարտ իրավիճակներում համարժեք ու գիտակից վարք դրսեւորելու, ԼՂ խնդրի, բրյուսելյան հանդիպման եւ Մինսկի խմբի համանախագահների առնչությամբ ուղղակի սարդոստայնի մեջ է խճճված: Մի կողմից՝ նա չի կարող ռուսներին հակադրվել, քանի որ նրանք կանգնած են Արցախում: Մյուս կողմից՝ ասպարեզից ռուսների հեռանալը մեծապես կզրոյացնի նոյեմբերի 9-ի իր ստորագրած կապիտուլյացիայի թուղթը, ինչին հեռանկարում Հայաստանը ամեն գնով, բնական է, որ ձգտի:
Թե ինչ կանի նա Բրյուսելում, հավանաբար, այսօր-վաղը կտեղեկանանք, սակայն երկու քայլ, թվում է, նա կարող է կատարել:

Առաջինը․ որպեսզի Հայաստանը մի կողմից անիմաստ չընդդիմանա Մինսկի խմբի համանախագահների եռյակից ՌԴ-ին հեռացնելուն, որ, այսպես թե այնպես, պատահելու է, բայցեւ մյուս կողմից էլ դրան անմիջականորեն չնպաստի, Փաշինյանը կարող է պնդել, որ ՌԴ-ն Մինսկի խմբի եռանախագահների կազմում մնա այնքան, քանի դեռ չի հեռացվել ԵԱՀԿ-ից: Հայաստանին ոչ ոք չի կարող ամբաստանել Ռուսաստանի` ԵԱՀԿ-ից հեռացվելու համար, իսկ ԵԱՀԿ-ից Ռուսաստանի հեռացվելն ինքնաբերաբար Մոսկվային կհեռացնի Մինսկի խմբի համանախագահությունից` առոչինչ դարձնելով նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը: 

Երկրորդ․ հաշվի առնելով, որ ԵՄ-ն անցյալ շաբաթ հաստատել է Security Compass (A Strategic Compass for Security & Defense) կոչվող փաստաթուղթը, որը նախատեսում է առաջիկա երկու-երեք ամսում 5000-անոց լիովին սպառազեն խմբավորման կազմավորում եւ 300 հոգանոց դիտորդական առաքելության հիմնում` ԵՄ հարեւան տարածքներում արագ գործարկման համար, Փաշինյանը ճիշտ կվարվի, եթե Բրյուսելում քննարկման առարկա դարձնի ԵՄ դիտորդներին ռուս խաղաղապահներին զուգահեռ ԼՂ տարածքում, նաեւ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղակայելու հարցը: