Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 7

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 7

Մեր այսօրվա ողբերգական, օրհասական վիճակի հիմքը դրվեց 2018 թվականի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ իրենք պայքարում էին: Հետո պիտի պարզվեր, որ, ի տարբերություն առողջ, բանական, դատող մարդկանց, հեղափոխականները պարտությունից չեն ամաչում, պարտությամբ հպարտանում են: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների: Օր յոթերորդ. 2018-ի, 2019-ի, 2020-ի եւ 2021-ի ապրիլի 7։ Ինչից ուր հասանք։

2018-ի ապրիլի 7

Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը Դիլիջանում է: Արդեն մի քանի տասնյակ մարդիկ միացել են ակցիային: Նիկոլ Փաշինյանը, առանց անուններ նշելու, ասաց, որ հեռուստատեսությունը կցկտուր է անդրադառնում իր քայլարշավին եւ դրա նպատակներին: Դիլիջանում դեռ շարժումն այնքան սակավամարդ էր եւ աննշան, որ ոչ մեկը չէր կարող կանխատեսել, թե ընդամենը 10 օր հետո ձնագնդի էֆեկտն ինչպես է աշխատելու, եւ ինչպես են ամբողջ պետական մեքենայի դեմ դուրս գալու։

2019-ի ապրիլի 7

Ընթանում է Երկրապահ կամավորականների միության 12-րդ համագումարը: Բոլոր ժամանակներում իշխանական պատգամավոր եղած Սասուն Միքայելյանը համագումարում հայտարարեց. «Օրվա իշխանություններին հաջողվել է պառակտել մեզ եւ ներքաշել կեղտոտ խարդավանքների մեջ»:

2020-ի ապրիլի 7

Գրանցվեց «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության ահաբեկչության աղմկոտ դեպք: Երեւանի մի բնակիչ ոստիկանություն էր դիմել, որ Երեւանի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող իր վարձակալած վաճառակետ են այցելել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության մի քանի անդամ եւ պահանջել ուղիղ եթերով ներողություն խնդրել ՀՀ վարչապետից` նրա հասցեին օրեր առաջ իր հնչեցրած քննադատության համար: Պահապաններից մեկը սպառնացել էր պահանջը չկատարելու դեպքում կոտրել քննադատի գլուխը: Հեղափոխության պահապաններից ոչ ոք նախատինքի ոչ մի խոսք չլսեց, պատասխանատվություն չկրեց: Նրանք մոտ մեկ տարի ազատ ու անկաշկանդ գործունեություն էին ծավալում՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին։

2021-ի ապրիլի 7

ՎԵՏՕ շարժման անդամ կանայք բողոքի երթ եւ ցույց էին նախաձեռնել` պահանջելով կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բողոքողների մեջ էին 44-օրյա պատերազմում զոհվածների քույրեր, որդեկորույս մայրեր: Ոստիկանությունը որոշ կանանց բերման ենթարկեց: Տեսանյութերից եւ բերման ենթարկվածների պատմածից ակնհայտ էր, որ ոստիկանության ծառայողները որեւէ պահանջ չեն ներկայացրել, չեն հայտնել բերման ենթարկելու հիմքերն ու պատճառները, ոստիկանության բաժիններում չեն ներկայացվել քաղաքացիների նվազագույն իրավունքները, ոստիկանության ծառայողների արձագանքը եղել է անհամաչափ: Օրինակ, մեկ կնոջ բերման է ենթարկել 4 ոստիկան:

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ