Սյունիքը՝ դավադրության զոհ եւ դիմադրության խառնարան

Սյունիքը՝ դավադրության զոհ եւ դիմադրության խառնարան

Փաշինյանի վարչախումբը լուրջ երկընտրանքի առջեւ է՝ սեփական պաշտոնավարման շարունակում պետության կորստի գնո՞վ, թե՞ հրաժարական ու Հայաստանի փրկության հնարավորություն։ Գուցե նրա համար ավելի նախընտրելի է պետականության անդամահատումն ու կորո՞ւստը, քանի որ այդ դեպքում պատասխանատվության չի կանչվի։ Վտանգի բուն աղբյուրը Երեւանում է, ոչ թե սահմանին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։ Արդեն մեծ հարց է՝ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանին եւ Արցախին վերաբերող որեւէ որոշում կայացնելիս առհասարակ խորհրդակցո՞ւմ են Փաշինյանի հետ, հարցնո՞ւմ են նրա կարծիքը, թե՞ պոստ ֆակտում տեղեկացնում են նրան, փոխանցում փաստաթղթերը, հորդորում ստորագրել եւ հանձնարարում կատարել։

Հայաստանն այսօր իր սահմանագծի մեծագույն մասով պարզապես շուրջկալված է թշնամու կողմից, մեր դիրքապահներն ստիպված լքում են սեփական հենակետերը, քանի որ բանավոր փոխըմբռնմամբ նրանց Երեւանից եւ Բաքվից հրամայել են հետ քաշվել։ Եթե տեղերում համայնքապետերի ու ինքնաբուխ գյուղացիական ջոկատների գործոնը չլիներ, ինչպես, օրինակ, Կապանում կամ Գորիսում, կարելի է պատկերացնել, թե ադրբեջանական դիրքերը որքան խորն էին մխրճվելու մեր թիկունք։ Երեւանի եւ ոչ սահմանապահ մարզերի բնակչությունը, ցավոք, անհաղորդ է այս իրավիճակին։ Սյունեցի համայնքապետերը, ընդհակառակը, անգամ արգելանքի տակ գտնվելով՝ բացեիբաց զգուշացնում էին թշնամու առաջխաղացման վտանգի մասին։

Եթե մեկ տարի առաջ դեռեւս հնարավոր էր սեփական անվտանգությունը կասկածի ենթարկելով՝ երթեւեկել Գորիս-Կապան ավտոճանապարհով, թեեւ ադրբեջանցիներն ամեն քայլափոխի ոտնձգում էին հայկական մեքենաների նկատմամբ, այսօր այդ ճանապարհը պարզապես փակ է մեր առջեւ։ Ռուսական սահմանապահ զորակազմն էլ ամենազոր չէ, չի կարող ճանապարհի ամեն մետրը վերահսկել, եւ տեղի հայ բնակչության ու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար անվտանգության սպառնալիքը միշտ առկա է։ Ինչպես հայտնի է, առաջարկվող այլընտրանքը՝ Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհը, որն իբր նոր էր վերանորոգվել, արդեն իսկ անպիտան է երթեւեկության համար։ Դա էլ հո Տավուշի միջպետական ճանապարհը չէ՞, որ առանց մրցույթի տարին մի քանի անգամ նորոգելով՝ հնարավոր լինի կոռուպցիոն սխեմաներով արագ հարստանալ։

Ստացվում է՝ Գորիսից հարավ՝ դեպի Կապան, Մեղրի, Քաջարան, Ագարակ ռազմամթերք եւ սպառազինություն տեղափոխելը գործնականում խիստ դժվարացել է։ Գուցե Հայաստանի հարավը միտումնավո՞ր է կտրվում կենտրոնից, որ հնարավոր պատերազմում այս բնակավայրերը զրկվեն պաշտպանունակությունից, եւ թշնամու համար հնարավոր լինի հեշտությամբ միջանցք ճեղքել Սյունիքով, ապաեւ՝ զավթել այն։ Սյունիքի մարզկենտրոնի՝ Կապանի շրջակայքի նկատմամբ թշնամին ձեռք է բերել բոլոր գերակա դիրքերը եւ առանց հրետանու՝ դիպուկահար հրացաններից մինչեւ ականանետեր կիրառելով՝ կարող է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։
Հանրային դաշտում արդեն իսկ մոռացված՝ 2020-ի դեկտեմբերի 18-ի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվում է հետ քաշվել Սյունիքի ռազմավարական բարձունքներից, իշխանության դավադրության եւ ստի բյուրեղացած մարմնացումներից է, որի աղետալի հետեւանքներն առայսօր քաղում է հասարակ սյունեցին։ Երբեւէ չսահմանազատված հայ-ադրբեջանական սահմանը թշնամին կարողացավ առաջ տալ դեպի մեր թիկունք, քանի որ Փաշինյանն ու Ալիեւը բանավոր փոխըմբռնման էին եկել։ Ու որեւէ մեկին հետաքրքիր չէր՝ այդ ո՞ր քարտեզով են նրանք առաջնորդվում։

Սյունիքի թիկունքի բացման դավադիր օպերացիան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Վաղարշակ Հարությունյանի անմիջական թողտվությամբ ու հանձնարարությամբ, գործող անձանց այս շարքի պատասխանատվության մասին չարժե մոռանալ։ Արեւմուտքին գրկաբաց հանձնված Արմեն Սարգսյանի անգործության մասին եւս պետք է շարունակաբար հիշեցնել, քանի որ հենց նրա՝ Սահմանադրության պահպանման երաշխավոր եղած օրերին է Հայաստանի տարածքը կրճատվել տասնյակ քառ․ կմ-ներով։

Դավիթ Սարգսյան