Էլ ի՞նչ կբացահայտի Թուրքիան

Էլ ի՞նչ կբացահայտի Թուրքիան

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին ընդառաջ Անկարան Բաքվի դեմ տեղեկատվական գրոհ ձեռնարկեց: Ճիշտ է՝ փորձագիտական մակարդակով, բայց հարվածն, անկասկած, չափազանց ցավոտ էր: Խոսքը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ գեներալ Հաշիմովի ոչնչացման գործողության մասին էր: Ընդ որում, մեկնաբանությունը տարածվեց նաեւ «Անադոլու» պետական գործակալության խողովակներով, ինչը հավասարազոր է պաշտոնական տեսակետին: Ըստ այդմ, գեներալ Հաշիմովը ոչնչացվել է հայկական հարվածային ԱԹՍ-ի կիրառմամբ, նրա հրամանատարական կետը թիրախավորվել է մարտական գործողությունների գոտուց 31 կիլոմետր խորքային հեռավորության վրա:

Թուրքական կողմի բացահայտումը ծանր հարված է ալիեւյան քարոզչությանը, որի վարկածով՝ «գեներալ Հաշիմովը զոհվել է խրամատում՝ զինվորների հետ հերոսաբար մարտնչելիս»: Երեւում է, համատեղ զորավարժություններից հետո կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ հրապարակային տարածվի Հաշիմովի «հերոսաբար զոհվելու» վարկածը: Այդ մասին, համենայն դեպս, պնդել է ռազմական հարցերով Իլհամ Ալիեւի օգնական գեներալ Մահեռամ Ալիեւը:

Տավուշյան մարտերում Ադրբեջանը հաստատել է տասնմեկ զինվորականի կորուստ, որից միայն մեկն է շարքային: Եթե գեներալ Հաշիմովը «հերոսաբար զոհվել է խրամատում»՝ ապա, ըստ տրամաբանության, շարքային ավելի մեծ թվով զինվորներ պետք է սպանված լինեն: Ուստի Ադրբեջանը թաքցնում է իրական կորուստները: Դա ալիեւյան ռեժիմի համար նորություն չէ: Բայց Ադրբեջանի համար ավելի գերադասելի է շարունակել ստել, քան ընդունել փաստը, որ հայկական հարվածային ԱԹՍ-ն սանտիմետրերի ճշտությամբ թիրախավորել եւ ոչնչացրել է գեներալ Հաշիմովին: Մի գործողություն, որ Ադրբեջանը 2016թ. ապրիլյան քառօրյայում փորձել է իրականացրել Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղության զորամասերից մեկի հրամանատարի նկատմամբ, նույնիսկ անոնսավորել նրա սպանությունը, բայց իրականում ձախողվել: Այս համատեքստում գեներալ Հաշիմովի ոչնչացումն Ադրբեջանի համար միայն բարձրաստիճան զինվորականի կորուստ չէ, այլեւ՝ ԶՈՒ հեղինակության:

Այս հանգամանքն է, որ Ադրբեջանը փորձում է շտկել միջազգային մակարդակում: Սա, իհարկե, ապարդյուն մանիպուլյացիա է: Ժամանակակից աշխարհում քիչ բան է հաջողվում թաքցնել: Տավուշյան մարտերն, անկասկած, մշտադիտարկվել են եւ վերլուծվում են առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ռազմական փորձագետների կողմից: Իսկ թուրքական  բացահայտումը ոչ մի առումով պատահական չէր: Փաստացի Անկարային հաջողվել է Բաքվին պարտադրել, որ առանց իր ռազմատեխնիկական աջակցության Հայաստանի հետ դիմակայության մեջ Ադրբեջանը պարտվող կողմ է: Իհարկե, դա իրավիճակը բերում է բոլորովին այլ «կոորդիանատների» եւ ավելի մեծացնում ապակայունացման հավանականությունը, բայց դա արդեն զինվորական մասնագետների գնահատելիքն է: Քաղաքական իմաստով Թուրքիան Ադրբեջանը կլանելու նպատակ է իրականացնում: Եւ եթե Բաքվում դիմադրություն լինի, ապա ի՞նչ բացահայտումների կանցնի Անկարան: