Քառյակը յոթ երգ երգեց

Քառյակը յոթ երգ երգեց

Մեր արխիվից հերթական հոդվածն ենք ներկայացնում՝ հրապարակված 2014 թվականի սեպտեմբերի 17-ին։

«Ժառանգություն» խմբակցության «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով երեկվա խորհրդաժողովի մասնակիցների համար անակնկալ կերպով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրապարակեց մի քանի նախապայմաններ, որոնց կատարման դեպքում «Ժառանգությունը» կարող է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դրանցից մեկը «Ժառանգության» կողմից առաջիկայում ԱԺ ներկայացվելիք «Ընդդիմության մասին» օրենքի ընդունումն է, որով նախատեսվելու է ընդդիմությանը տալ վերահսկողական լծակներ: Իշխանությունը թերեւս պատրաստ է կատարել այս նախապայմանը: Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից քննարկվում են այն դրույթները, որոնցով մի շարք պաշտոնյաների ընտրության համար կպահանջվի որակյալ քվորումի առկայություն: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ Վերահսկիչ պալատի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներն ընտրվեն ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, այլ՝ 3/5-ով: Նման նորամուծության նպատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի մեծ ազդեցություն ունենա այս պաշտոնյաների ընտրության հարցում, ինչպես նաեւ՝ ներկայացվածություն այդ կառույցներում: Հաջորդ նախապայմանն էլ այն է, որ Սահմանադրության հանրաքվեից հետո անցկացվեն համապետական արտահերթ ընտրություններ, որը, ըստ Ռ. Հակոբյանի, կարող է անցկացվել 2016 թվականին։

Դա ակնարկ էր, որ գոնե մի «սռոկ» էլ երկարաձգեն իրենց քաղաքական ապագան, որից հետո ինչ ուզում են՝ անեն: Փոխարենը ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը տքնաջան աշխատանք էր կատարել եւ համաշխարհային պրակտիկայում սահմանադրության փոփոխության պատեհության մասին ծավալուն ծաղկաքաղով փորձում էր համոզել, որ ոչ մի ժողովրդավարական պետություն մեկ անգամ կառավարման համակարգը հաստատելուց հետո այն չի փոխում, եթե պետական ինստիտուտների ինչ-որ մի փլուզում չի կատարվել, ոնց որ եղավ, ասենք, Ֆրանսիայում՝ 1959-ին: Գործընկերներին, սակայն, ձանձրալի թվացին Զուրաբյանի երկարաշունչ հիմնավորումները, եւ Գալուստ Գրիգորիչի գործն ստանձնած Ռուբիկ Հակոբյանի միջոցով Զուրաբյանին ամբիոնից մի քանի անգամ արված հետկանչի փորձերն ի վերջո հաջողվեցին: Բայց նա արդեն հասցրել էր հայտարարել, որ «այդ փոփոխություններն արվում են մեկ բանի համար, որ Ս. Սարգսյանը հավերժ իշխի Հայաստանում, մենք այդպիսի բան երբեք թույլ չենք տա»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ «քավոր» կանգնեց իրենց հավատարիմ դաշնակցի խոսքին՝ ասելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված չեն Սահմանադրությամբ, որ այսօր մեր ժողովրդին հուզող խնդիրները տնտեսական են, եւ պետք չէ մտնել Սահմանադրությունը փոխելու խնդրահարույց վեճերի մեջ: Նա ասաց, որ եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթը դրվի շրջանառության մեջ, ապա իրենք կհավաքեն ժողովրդին՝ հասկանալու, թե պե՞տք են մեզ այդ փոփոխությունները: Քիչ անց նրա կուսակից Վահան Բաբայանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է առճակատումներին եւ հարցերը փորձելու է խաղաղ ճանապարհով լուծել: Խոսելու հերթը Դաշնակցությանն էր․ մինչ երեկ ՀՅԴ-ն համարվում էր քառյակի դասալիքը, որն աջակցում էր իշխանության նախաձեռնությանը, իսկ երեկ Աղվան Վարդանյանն առաջարկեց անկեղծ լինել:

«Եթե դու համարում ես, որ այս իշխանություններն այնքան վատն են, որ նրանց որեւէ բան պետք չէ թույլ տալ, ուրեմն հայտարարում ես թշնամի ու վերաբերվում ես թշնամու պես, այսինքն` ոչնչացնում ես: Կա՞ նման մտադրություն, եկեք բացահայտ խոսենք: Ո՞րն է նպատակը, 18 թվականի ընտրություննե՞րը, թե՞ այլ բան կա, բաց խոսենք… Հարգելի գործընկերներ, քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունների ղեկավարները, եւ պետք չէ թաքնվել հասարակության կամ ժողովրդի անվան տակ: Կա՛մ պետք է հասարակությանը հստակ ասել մեր նպատակների մասին, կա՛մ պետք է ասել, որ մենք հերթական անգամ մանիպուլյացիայի ենք ենթարկելու հասարակությանը»,- ասաց Աղվան Վարդանյանը, ով ԲՀԿ-ի «դեմ» դիրքորոշումը մեկնաբանելով՝ հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրությունների գործող համակարգի պայմաններում 2 քաղաքական կուսակցություններ ստացել են համամասնական տեղերի 75, իսկ մեծամասնական մանդատների 97 տոկոսը: Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դա արվել է վարչական եւ ֆինանսական ռեսուրսի գործադրման արդյունքում:

ՀՅԴ-ն, որ այս պահին միակ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունն է, որ համաձայն է սահմանադրական բարեփոխումների գաղափարին, պահանջում է, որ սահմանադրորեն ամրագրվի 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նորմը: Դաշնակցականներն սպառնում են, որ մեծամասնական ընտրակարգի պահպանման դեպքում իրենք եւս կմիանան սահմանադրական բարեփոխումների հակառակորդների ճամբարին: Արծվիկ Մինասյանն էլ լրացրեց. «Եթե մենք ցանկանում ենք, որ իշխանությունը հետագայում վերարտադրվելու հնարավորություն չունենա, եթե մենք ցանկանում ենք ունենալ կառավարման արդյունավետ համակարգ եւ դեպի զարգացում գնացող Հայաստան, մենք պետք է միասին քննարկենք եւ ներկայիս իշխանություններին ներկայացնենք մեր փաթեթը, որը ցանկանում ենք տեսնել սահմանադրական բարեփոխումների արդյունքում»:

ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ բաժակաճառ հիշեցնող ելույթ ունեցավ՝ կարեւորելով բարեփոխումները մարդու իրավունքների, դատական համակարգերի եւ այլ ոլորտներում, ապա նշեց, որ պատրաստ են մասնակցելու սահմանադրական բարեփոխումներին վերաբերող քննարկումներին: Նա կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխություններով ուժեղանալու է ընդդիմությունը: