Նիկոլը եւ Ավետարանը

Նիկոլը եւ Ավետարանը

Նիկոլ Փաշինյանի «առնչությունները» Ավետարանին հաճախադեպ են դարձել. նա չի վարանում Սուրբ գիրքը հիշել նույնիսկ այնպիսի ոչ կրոնական, ոչ ծիսական իրավիճակներում, ինչպիսին աշխատանքային այցերն են մարզեր, որոնց ընթացքում ընդամենը ծանոթանում է շինարարական աշխատանքների վիճակին: 

Պատմությանը կամ հայկական ժամանակագրությանը հայտնի՝ փաշինյանական առաջին առնչությունը Սուրբ գրքին կատարվել է 2019 թվականի փետրվարի 19-ին, երբ ուղղաթիռով Դսեղ էր այցելել՝ մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված անշուք միջոցառմանը: Այդ օրն իր ելույթում Նիկոլն ասաց. «Ինչպես Հիսուս Քրիստոսը անդամալույծին ասել է` վեր կաց եւ քայլիր... եւ ես, այսօր ինձ իրավունք եմ վերապահում` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ… ասել հայ ժողովրդին` վե՛ր կաց եւ քայլի՛ր, դու անդամալույծ չես»: Անսպասելի եւ զարմանալի էր, նախ, որ մի ամբողջ ժողովուրդ համեմատվում էր անդամալույծի հետ. Փաշինյանը՝ «որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ», փաստորեն, իրեն հռչակում էր «անկյալների» վարչապետ, բայց ամենազարմանալին նրա խոսքի սկիզբն էր, որտեղ նա իրեն համեմատում էր Հիսուս Քրիստոսի հետ՝ «ինչպես Հիսուս Քրիստոսը»: Անշուշտ, այս ամենը կարող էր նաեւ ինչ-որ գեղեցիկ, սակայն անպատեհ պաթոսով կամ վատ ձեւակերպված մտքի արտահայտություն լինել, այնուամենայնիվ, կարծես ավելի շատ հուշում էր տիրոջ (բնականաբար՝ ոչ մեր, այլ՝ խոսքի) ենթագիտակցական ինքնագնահատականի մասին: 

(Ի դեպ, հայոց հազարամյա պատմության ընթացքում եզակի դեմքերից մեկը, որ վաստակել է իր ժողովրդին քայլել կոչելու Հիսուսական իրավունքը, հենց այն մարդն էր, ում շուքի ներքո ելույթ էր ունենում վարչապետը՝ Հովհաննես Թումանյանը: Բայց Մեծ լոռեցին այդ օրը իմաստնորեն լուռ էր...):
Հիսուսին նմանվելու ավելի «ծրագրային» մի հայտարարություն հնչեց մեկ այլ ելույթում, երբ Փաշինյանն ասաց. «Մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի` իշխանի եւ բդեշխի բարդույթը փոխակերպվի Հիսուսի բարդույթով»: Ձեւակերպումը, անշուշտ, էլի կատարյալ չէ, մասնավորապես «բարդույթ» բառի իմաստային սխալ ընկալման պատճառով, բայց Հիսուսի անվան հիշատակումն արդեն խոսուն է:

Բայց ամենազավեշտալին Սուրբ գրքի «քաղաքականացումն» էր, երբ պարզ դարձավ, որ, ըստ Նիկոլի, նույնիսկ Հիսուս Քրիստոսն է ձախողվել իր «կադրային քաղաքականության» մեջ՝ «ծառայության» կոչելով Հուդայի պես դավաճանին: «Նույնիսկ Հիսուս Քրիստոսի ընտրած կադրերի մեջ դավաճաններ, պարզվեց, կան, էնպես որ, եթե նույնիսկ Հիսուս Քրիստոսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, թե որեւէ վարչապետ կամ, օրինակ, ես կարող եմ էդպիսի քաղաքականություն վարել»: Ահա թե ինչ. Հիսուսն այստեղ վերջապես հայտնվում է իր փրկչական առաքելության մեջ, որպեսզի փրկի իր Նիկոլ զավակին սխալ կադրային քաղաքականության համար քննադատվելուց: Ամեն ինչ ճիշտ է. Հիսուսը միշտ է փրկում...

Փաշինյանը, բնականաբար, իր սուրբ «աղերսները» Հիսուսի հետ պիտի բարձրացներ նաեւ միջազգային բեմահարթակ: Եվ 2019-ի աշնանը Իտալիայում՝ Միլանի Սբ Քառասուն մանկանց հայկական եկեղեցում նա հայտարարում է. «Մենք քարոզում ենք սեր... ես՝ ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք եւ շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առեւտրի եւ դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար եւ շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»: Այս խոսքի ենթատեքստում Փաշինյանը, անշուշտ, արդարացնում էր հայ իրավունքի եւ օրենսդրության «սեղանները» շուռ տալու իր «առաքելությունը», որոնք ուղեկցվում էին «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու», «թաթիկները կտրելու» դանտեական փոքրիկ դժոխային պատկերներով, բայց այստեղ դարձյալ ու դարձյալ կարեւոր է «ես՝ ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը» ձեւակերպումը, որից առնվազն սրբազնության ինքնընկալում է հորդում:

Ամենաթարմ աղերսումը Ավետարանին տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, երբ Ն. Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի վերադարձին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով «կիսվել» է ժողովրդի հետ՝ քրիստոնեական խոնարհությամբ նրա «ոտքի տակի հողը» դառնալու վաղեմի պատրաստակամությամբ. «...Ես մեկ-մեկ կեսկատակ ասում եմ՝ Հայաստանը պետք է կառուցենք այնպես, ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելիս»: Սիրուն է ասված, անշուշտ, բայց Հիսուսի երկրորդ գալուստը, ավաղ, ենթադրում է նաեւ աշխարհի վերջը, եւ նրա առջեւ «կառուցված Հայաստանով» պարծենալու հարկ չկա: Նիկոլը լավ կանի՝ Հայաստանը կատարյալ կառուցի իր երկրի քաղաքացի հասարակ մահկանացուների առաջին եւ միակ գալստյան համար...

Ակնհայտ է, որ Հիսուսի «թեման» Նիկոլի համար ինքնադիմանկարի սրբագործված շրջանակ է, որում դեռ նոր գունային շտրիխներ կհայտնվեն՝ նոր անդրադարձումներ եւ նոր բանաձեւեր, որոնք կօգնեն բացահայտելու այն եզակի երեւույթը, որ կոչվում է Նիկոլ Փաշինյան: