Սահմանադրական կորդեբալետ. պարում ենք բոլորս

Սահմանադրական կորդեբալետ. պարում ենք բոլորս

Մի առիթով առաջարկել էի ՍԴ շենքը վաճառել կամ տրամադրել մի լուրջ հիմնարկի: Այսօր կրկնում եմ առաջարկս եւ պնդում, որ օպտիմալիզացիայի տեսանկյունից դա խիստ նպատակահարմար եւ գործնական քայլ կլինի: Բայց ասեմ՝ շենքը դեռ հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմն էլ կա՝ ի՞նչ անել բուն Սահմանադրական դատարանի հետ: Մեզ պե՞տք է այդպիսի կառույց, առհասարակ, թե՞ դա ավելորդ շքեղություն է, երբ վարչապետի աթոռին նստած է թուրն աջուձախ կտրող մեկը, որի համար օրենքները ծովից փչող մեղմ քամիներ են, իսկ սահմանադրությունը՝ ծնկներից հետ: Հարց է առաջանում՝ այս իրավիճակում մի՞թե չի կարելի ԱԺ շենքի կցակառույցներից մեկը հատկացնել օրվա քաղաքական կուրսին հլու 9 դատավորի եւ վրան գրել ՍԴ՝ խուսափելով հետագա ձեւականություններից: Ի դեպ՝ Վահագն Հովակիմյանին էլ կարելի է, շատ չէ, կես դրույքով նշանակել դատավորների վերակացու, որ բան է, եթե մեկնումեկն ընդվզի կառավարության ապօրինությունների դեմ, իսկույն թոշակի ուղարկի: Չեմ կարող հաստատ ասել, որ նման քայլի դեմ բողոքողներ չեն լինի, բայց այսօր Հայաստանում բողոքում են ամեն ինչից: Մի բողոք ավել, մի բողոք պակաս՝ ի՞նչ պետք է փոխվի դրանից: Օրինակ՝ ո՞վ բողոքեց, կամ ի՞նչ փոխվեց, երբ ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հետ կանչեց իր համաձայնությունը, որ նախապես տվել էր Նիկոլ Փաշինյանին: Մի երկու օր կխոսեն՝ կանցնի-կգնա, ու չեն էլ հիշի, որ ահագին ծախս էին արել՝ կառավարությունը՝ իր հերթին, Վահրամ Ավետիսյանը՝ իր:

Որ Վահրամ Ավետիսյանով ավարտվի այս կորդեբալետը, լավ է: Այնտեղ դեռ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյան կա, ՀՀ նախագահի՝ մեկ անգամ արդեն մերժված թեկնածու Արթուր Վաղարշյան կա… Ի՞նչ է սպասվում նրանց, եթե մտածում ենք, որ իսկապես «Իմ քայլն» է «մերժել» Փաշինյանի թեկնածուին: Պարզ է, չէ՞, որ իմքայլականները ՀՀ նախագահի եւ ԲԴԽ-ի թեկնածուներին կգզեն ու 80 ձայն չեն տա: Ի դեպ, բացառված չէ, որ Արթուր Վաղարշյանին եւ Երվանդ Խունդկարյանին աջակցեն խորհրդարանական մյուս խմբակցությունները, որոնց հասցրել էինք մոռանալ այս օրերին: Վահրամ Ավետիսյանի «հրաժարիմք»-ից հասկացանք, որ նրա մտքով չի էլ անցել՝ դիմել ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Բայց՝ իզուր: Ես կդիմեի եւ Նիկոլ Փաշինյանին ցույց կտայի նրա թիմի իսկական դեմքը:
Ի՞նչ կորոշեն Երվանդ Խունդկարյանն ու Արթուր Վաղարշյանը: Վերջինս, ի դեպ, երբ նախագահը կրկին կանգ առավ նրա թեկնածության վրա, հայտարարել էր. «Հավանական է հիմա էլ մերժեն, գիտնական տղա եմ, կոմպլեքս չունեմ: Ես էս ամեն ինչը գիտականորեն, փիլիսոփայորեն եմ ընդունում»: Շատ լավ է, որ Արթուր Վաղարշյանն այսքան դրական մարդ է, բայց վատ է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է ծանր տանում, երբ ԱԺ-ն մերժում է իր թեկնածուներին: Մի առիթով նա նույնիսկ դժգոհել էր, որ իր սահմանադրական իրավունքները սահմանափակվում են, երբ չի կարողանում իրեն հասանելիք նշանակումներն անել, այդ թվում՝ եւ ՍԴ-ում: Այնպես որ, Արթուր Վաղարշյանն այս անգամ պետք է պայքարի, իսկ եթե հարկ լինի՝ նաեւ դիմի մյուս խմբակցություններին:

Մեր կարծիքով՝ ավելի բարդ է Խունդկարյանի վիճակը: Նրա պարագայում դարձյալ առկա է վճռաբեկ դատարանի ստվերը, որ, ինչպես արդեն տեսանք, չար կատակ դարձավ Վահե Ավետիսյանի գլխին: Գուցե Խունդկարյա՞նն էլ հետեւի Ավետիսյանի օրինակին: Ի վերջո 80 ձայն հավաքելը բարդ է նաեւ նրա համար: Ասում են՝ մի կերպ ՍԴ խցկված Վահե Գրիգորյանն է այս հարցերով կուրացիա անում «Իմ քայլին», իսկ դա արդեն լուրջ խոչընդոտ է Խոնդկարյանի համար: Բացի այդ, տպավորություն ունեմ, որ, գործուղելով ՍԴ, Խոնդկարյանին քաղաքավարի կերպով ազատում են վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից եւ որեւէ երաշխիք էլ չեն տալիս, որ կդարձնեն ՍԴ նախագահ կամ դատավոր: Այնպես որ, նրա փոխարեն ես եւս կհրաժարվեի:
Իսկ հիմա մի փոքր փիլիսոփայենք, ինչպես Վաղարշյանն է ասում: Մենք ունեինք երեք իրավաբան, որոնք համաձայնեցին դառնալ ՍԴ դատավոր՝ քաջ գիտակցելով, որ մասնակից են դառնում մի անօրինակ հանցագործության, ինչպիսին Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդումն ու քաղաքական իշխանության գրպանում տեղավորելն է:

Այդ հանցագործությանն ինչ անուն ասես, որ չտվեցին՝ է՛լ պետական մակարդակով ՍԴ դատավորներին կաշառելու փորձ, է՛լ ապօրինի սահմանադրական հանրաքվե, է՛լ սահմանադրության ոտնահարում, է՛լ սահմանադրական կարգի տապալում… Եվ ես ուղղակի զարմանում եմ մեր այդ երեք դատավորների վրա, որոնք, զանց առնելով այս ամենը, համաձայնեցին գրավել այն դատավորների տեղը, որոնք հանուն ինչ-որ մեկի քաղաքական կապրիզների (օրենքի առաջ վարչապետն էլ է ինչ-որ մեկը) պետք է հեռանան ՍԴ-ից:  Ասել կուզե՝ այս երեք դատավորին չի հուզում մարդու իրավունքների ոտնահարման, պետության իրավական հիմքերի խարխլման, իշխանությունների համար ամենաթողության հիանալի պայմանների ստեղծման այս խոտոր ընթացքը: Դուք, ախր, իրավաբան եք, պարոնայք: Ու ի՞նչ գնահատական կտայիք ձեզ կողքից, երբ ձեր այդ հրաշալի մասնագիտությունը, հանուն չգիտեմ ինչի, հանուն, ով գիտի, Վահագն Հովակիմյանի մոտ ՍԴ դատավոր աշխատելու, դարձնում եք փալաս: