Ռումինիայի սոցիալական ապահովության համակարգը

Ռումինիայի սոցիալական ապահովության համակարգը

Աշխատանքին և սոցիալական հարցերին առնչվող առաջին տեղեկությունները Ռումինիայում հայտնի են դեռևս 16-17-րդ դարերից, երբ առաջացել են տարատեսակ գիլդիաները: 
Ավելի ուշ, 19-րդ դարի վերջերին, կապված արդյունաբերական զարգացման հետ, ընդունվում են սոցիալական ոլորտին առնչվող առաջին նորմատիվ իրավական ակտերը, որոնք կարգավորում էին աշխատողների հանգստին, մասնագիտական ուսուցմանը և աշխատանքի սանիտարական նորմերին վերաբերող հարցեր: 

Արդեն առաջին համաշխարհային պատերազմից հետո անհրաժեշտություն առաջացավ  ստեղծել կոնկրետ պետական մարմին, որը պետք է զբաղվեր աշխատանքի, աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով: Այդ նպատակով էլ Ռումինիայի նախարարների խորհրդի նախագահ Ալեքսանդրու Ավերեսկուի առաջարկով 1920թ. մարտի 29-ին ստեղծվում է երկրի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, որը սկսում է զբաղվել նաև աշխատանքային օրենսդրության մշակման, զբաղվածության, միգրացիայի հարցերով:

Հետագա տասնամյակներում Ռումինիայի սոցիալական ապահովության համակարգում իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք ներառում էին ոլորտի բոլոր ուղղությունները և դրսևորվում էին ոչ միայն օրենսդրական, այլ կառուցվածքային փոփոխություններով:  
Ներկայումս ոլորտի պատասխանատու մարմինը Ռումինիայի աշխատանքի և սոցիալական համերաշխության նախարարությունն է (Ministerul Muncii şi Solidarităţii Sociale):

Կենսաթոշակային համակարգը: Ռումինիայում կենսաթոշակի վերաբերյալ առաջին օրենքն ընդունվել է 1912 թվականի, երբ երկիրը դեռևս թագավորություն էր, իսկ  ժամանակակից օրենսդրությունը համեմատաբար նոր է, քանի որ սկսել է գործել 2000-ականների կեսերից: 
Կենսաթոշակների հաշվարկմամբ, նշանակմամբ,  վճարմամբ և մյուս հարցերով այստեղ զբաղվում է Ռումինիայի Պետական  կենսաթոշակների ազգային պալատը  (Casa Națională de Pensii Publice, CNPP):

Երկրի կենսաթոշակային համակարգն ունենալով  չորս բաղադրիչ` ներառում է ինչպես սերունդների միջև համերաշխության վրա վրա հիմնված պետական կենսաթոշակը, որի շրջանակներում սոցիալական ապահովության (CAS) վճարումները հանրային կենսաթոշակային համակարգի համար կազմում են համախառն աշխատավարձի 10,5%-ը, այնպես էլ  մասնավոր  կենսաթոշակները, որոնք  պարտադիր են 35 տարեկանից  ցածր և կամավոր՝  35-ից 45 տարեկանների համար և կառավարվում են մասնավոր ընկերությունների կողմից:  
Ռումինիայում գոյություն ունի կենսաթոշակի հինգ տեսակ՝ ստանդարտ (ծերության) կենսաթոշակ, վաղաժամկետ կենսաթոշակ, մասնակի վաղաժամկետ կենսաթոշակ, հաշմանդամության կենսաթոշակ և կերակրողին կորցնելու համար տրվող կենսաթոշակ:

Կենսաթոշակի նվազագույն չափն այստեղ 2022թ. դրությամբ կազմում է 1265 ռումինական լեյ կամ 256 եվրո, ինչը կարող է ավելանալ՝  կախված աշխատանքային ստաժից և կատարված մուծումներից: Կենսաթոշակային տարիքը տղամարդկանց համար ներկայումս կազմում է 65, իսկ կանանց համար՝ 63, որը 2030 թվականին դառնալու է 65: Կենսաթոշակ ստանալու նվազագույն ստաժն այստեղ 15 տարի է, որի դեպքում թոշակառուն կարող է ստանալ բավականին համեստ գումար, մինչդեռ 35 տարվա ապահովագրական ստաժի դեպքում կարղ է ստանալ լրիվ կենսաթոշակ:

Այստեղ կա հնարավորություն սահմանված տարիքից 5 տարի ավելի վաղ կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռքբերելուն, եթե քաղաքացին ունի 43 տարվա ապահովագրական ստաժ, իսկ համապատասխան իրավական ակտերով սահմանված են նաև այն մասնագիտությունները, որոնցով զբաղվողներն իրավունք ունեն վաղաժամկետ,  առավել պակաս աշխատանքային ստաժի առկայությամբ (արտոնյալ պայմաններով) թոշակի անցնելու:
Ի դեպ, Ռումինիայում թոշակառուները իրավունք ունեն նաև անվճար կամ զեղչված գներով բուժվելու և հանգստանալու տեղի առողջարաններում, և որոնց ուղեգրերը, համաձայն օրենսդրական կարգավորումների, հատկացնում է պալատը:

Սոցիալական աջակցությունը:  Ռումինիայում պետական նպաստների նշանակումն ու վճարումն իրականացնում է նախարարության ենթակայությամբ գործող Վճարումների և սոցիալական տեսչության ազգային գործակալությունը (Agenția Națională pentru Plăți și Inspecție Socială, ANPIS):
Ռումինիայում պետական նպաստները աշխատանքից ստացվող անհատական կամ ընտանեկան եկամուտը լրացնելու կամ փոխարինելու միջոց են՝ նվազագույն կենսամակարդակ ապահովելու համար, ինչպես նաև աջակցության ձև՝ նպաստելու սոցիալական ինտեգրմանը և բարելավելու այն սոցիալական խմբերին պատկանող մարդկանց կյանքի որակը, որոնց իրավունքներն ուղղակիորեն նախատեսված են օրենքով: Ռումինիայում պետական նպաստներն ընդգրկում են բնակչության գրեթե բոլոր սոցիալական խմբերը՝  կախված եկամուտների չափից և խոցելիության աստիճանից:  

Տրամադրվող նպաստները այստեղ բաժանվում են 3 խմբերի՝ 

1. Աղքատության, ռիսկի կանխարգելման և դրա դեմ պայքարի սոցիալական աջակցության նպաստները, որոնք ներառում են սոցիալական օգնությունը, բնակարանի ջեռուցման նպաստը, ընտանեկան աջակցության նպաստ, հրատապ  օգնությունը և այլն:
Երաշխավորված  նվազագույն եկամտի ապահովման նպաստը վճարվում է ընտանիքներին՝ նրանց ամսական եկամտի և  օրենսդրօրեն սահմանված նվազագույն եկամտի տարբերության չափով և նպատակն է կարիքավոր ընտանիքներին ապահովել նվազագույն եկամտով: Այսինքն, երկիրը սահմանել է ընտանիքի նվազագույն եկամտի չափ, որից ցածր եկամուտ ունենալու դեպքում ընտանիքն իրավունք ունի դիմելու և ստանալու համապատասխան գումար:
Հրատապ ֆինանսական օգնությունը տրամադրվում է հանկարծակի ձևով դժվար իրավիճակում հայտնված անձանց (բնական աղետներ, հրդեհ և այլն): Այն գրեթե նույնն է, ինչ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված հրատապ օգնությունը:
Բավականին հետաքրքիր է «ջեռուցման նպաստը»: Սա նպաստի տեսակ է, որը տրվում է միայն ձմռան ամիսներին իրենց ջեռուցման հետ կապված խնդիրները լուծելու համար այն կարիքավոր ընտանիքներին, որոնց ամսեկան եկամուտը չի գերազանցում կառավարության սահմանած գումարի չափը: Նպաստի այս տեսակն իր հերթին բաժանվում է մի քանի մասի՝ կենտրոնացված ջեռուցման օգտագործման համար տրվող նպաստ, էլ. էներգիայով ջեռուցման նպաստ, գազով ջեռուցման նպաստ, փայտով և այլն: Ընդ որում յուրաքանչյուրի դեպքում ամսեկան գումարի չափը տարբեր է սահմանված:

2. Երեխայի և ընտանիքի աջակցության նպաստներ, որոնց դեպքում հաշվի են առնվում երեխաների ծննդյան, դաստիարակության և պահելու ծախսերը և ներառում են պետական ​​նպաստը երեխաների համար, բնակության նպաստը, երեխա մեծացնելու նպաստը և այլն: 
Բոլոր այն ընտանիքները, որոնցում առկա են մինչև 18 տարեկան երեխաներ, կամ՝ որոնց 18 տարին լրացել է, սակայն շարունակում են սովորել դպրոցում, ունեն նպաստի իրավունք: Ընդ որում, նպաստը տրամադրվում է յուրաքանչյուր երեխայի հաշվարկով, և միայն այն ընտանիքներին, որոնց ամսեկան եկամուտը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չի գերազանցում կառավարության սահմանած գումարի չափը:

Երեխայի խնամքի նպաստը համաձայն վերջին օրենսդրական փոփոխությունների, այստեղ վճարվում է 2 տարբերակով, ըստ ծնողների ընտրության: Մի տարբերակով այն վճարվում է 12 ամիս, որից հետո ծնողը վերադառնում է աշխատանքի, մյուս դեպքում վճարվում է 24 ամիս, և դրանից հետո է ծնողը վերադառնում աշխատանքի, սակայն այս դեպքում վճարվող գումարի չափը ավելի պակաս է:  

Ընտանեկան նպաստի ծրագիրը Ռումինիայում նախատեսում է նպաստ վճարել այն կարիքավոր ընտանիքներին, որի եկամուտը ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով չի գերազանցում ամսեկան 120 եվրոն:

3. Հատուկ կարիքներով մարդկանց սոցիալական աջակցության նպաստները, որոնք ներառում են հաշմանդամություն ունեցող անձանց ամսական տրամադրվող լրացուցիչ վճարները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված ամսեկան նպաստը՝ սնունդ ձեռք բերելու համար, հաշմանդամության ծանր ձևեր ունեցող անձանց տրամադրվող ամսական նպաստ և այլն:

Հաշմանդամություն ունեցող անձանց այստեղ տրվում է նպաստ՝ առանց հաշվարկելու եկամուտները: Ընդ որում, նպաստը տրվում է ինչպես հաշմանդամություն ունեցող երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, և սահմանված է տրամադրվող գումարների տարբեր չափեր՝ կախված հաշմանդամության  տեսակից և անձի տարիքից: 
Նպաստ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ ունեցող անձանց: Այն տրվում է համապատասխան բուժում անցնող անձանց՝ համապատասխան սննդի համար:

Առանձին խումբ են կազմում փախստականները, որոնք գտնվում են Ռումինիայի տարածքում, և գտնվում են պետության հոգածության ներքո: Այս խմբին պատկանող անձինք ևս դրամական աջակցություն են ստանում պետությունից: 

Զբաղվածության  պետական քաղաքականությունը: 1990-ականների սկզբին Արևելյան Եվրոպայում ի հայտ եկած սոցիալ-տնտեսական և քաղաքական նոր իրողությունները պահանջում էին առկա իրավիճակում համարժեք քայլերի իրականացում, ինչի արդյունքում էլ 1998 թվականին ստեղծվում է Ռումինիայի զբաղվածության ազգային գործակալությունը՝ (Agenţia Naţională pentru Ocuparea Forţei de Muncă, ANOFM)  իր տարածքային մարմիններով, որը կարճ ժամանակում գործազրկության նպաստ վճարողից դառնում է  ծառայությունների լայն շրջանակ առաջարկող մի կառույց: Ծառայություններ, որոնք  ընդգրկում են գործազրկության նպաստի վճարումը, գործատուներին ֆինանսապես խրախուսող տարաբնույթ զբաղվածության ծրագրերը, գործազուրկներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու նպատակով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան իրականացվող  մասնագիտական ուսուցումները, տարաբնույթ վերապատրաստումները և այլն:

Ռումինիայում գործազրկության նպաստի իրավունք ունեն ոչ միայն 16 տարին լրացած, կենսաթոշակի իրավունք չունեցող գործազուրկ անձինք, այնպես էլ ուսումնական հաստատությունն ավարտած այն անձինք, ովքեր այն ավարտելուց հետո 60 օրվա ընթացքում չեն կարողացել աշխատանք գտնել: 

Այն անձինք, ովքեր կենսաթոշակի տարիքի չեն, և կորցրել են աշխատանքը, իրավունք ունեն ստանալու գործազրկության նպաստ, եթե դիմելու օրվա դրությամբ վերջին 24 ամսվա ընթացքում առնվազն 12 ամիս իրականացրել են համապատասխան սոցիալական վճարումներ    
Ընդ որում, գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է տարբերակված ձևով՝
6 ամիս ժամանակով վճարվում է այն անձանց, ովքեր ունեն առնվազն 1 տարվա ապահովագրական ստաժ,
9 ամիս ժամանակով վճարվում է այն անձանց, ովքեր ունեն առնվազն 5 տարվա ապահովագրական ստաժ, 
12 ամսվա վճարում կատարվում է այն անձանց, որոնց ապահովագրական ստաժը գերազանցում է 10 տարին:
Ի դեպ, գործազրկության նպաստ ստացող անձինք ունեն նաև որոշակի պարտավորություններ, մասնավորապես՝ յուրաքանչյուր ամիս, համաձայն գրաֆիկի, ներկայանալ զբաղվածության տարածքային կենտրոն, մասնակցել տարածքային կենտրոնների կողմից կազմակերպվող զբաղվածության խթանման տարբեր միջոցառումներին, մասնագիտական ուսուցումներին, ինչպես նաև ակտիվորեն աշխատանք փնտրել:    

Ռումինիայի զբաղվածության պետական քաղաքականությունում մեծ տեղ է հատկացվում ոչ միայն այս կամ այն ծրագրերի միջոցով գործատուներին խրախուսելը, որպեսզի աշխատաշուկայում անմրցունակ անձանց ընդունեն աշխատանքի, այլև աշխատանքային պրակտիկայի կազմակերպմանն ու տարատեսակ մասնագիտական ուսուցումներին: Եվ եթե առաջինն ուղղված է արդեն մասնագիտություն ստացած, սակայն աշխատանքային փորձ չունեցող անձանց գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերմանն աջակցելուն և դրանով աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալուն, ապա երկրորդի հիմնական շահառուներն են առավել մեծահասակաները, ովքեր այս կամ այն պատճառով կամ չունեն որևէ մասնագիտություն, կամ իրենց ստացած մասնագիտությունը չի համապատասխանում իրենց բնակավայրի աշխատաշուկայի պահանջներին: Մի հետաքրքիր փաստ. աշխատանք փնտրող անձանց համար իրականացվող մասնագիտական ուսուցման դասընթացները Ռումինիայում իրագործվում են ոչ թե մրցութային հիմունքներով առավել ցածր գին առաջարկած կազմակերպությունների, այլ զբաղվածության ծառայության ենթակայության տակ գործող  թվով 8 ուսումնական կենտրոնների միջոցով՝ որոնք հագեցած  են անհրաժեշտ ուսումնանյութական բազայով և համապատասխան մասնագետներով:  

Սարգիս Հակոբյան,
Միասնական սոցիալական ծառայության Մեղրիի 
տարածքային կենտրոնի տնօրեն,
ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական